HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչքան ժամանակն անցնում է, կարոտում եմ». սպասելով Պետրոսին

Ամեն անգամ հարսանյաց հանդեսի կամ այլ հանդիսության համար ֆուրշետի սեղան պատրաստելիս Պետրոսը չէր քնում։ Մինչեւ լուսաբաց աշխատում էր։ Հատկապես աշխատատար էր մրգերի փորագրությունը։ Կինը՝ Նարինեն, նրան օգնում էր՝ ծաղիկների տերեւներն էր մաքրում, որ նա դրանք հավաքի ընդհանուր կոմպոզիացիայում։ Հիմա տունը լցված է Պետրոսի աշխատանքային գործիքներով։ Դրանք գրեթե բոլոր պահարաններում են` փակ արկղերով։

Արարատի մարզի Ղուկասավան գյուղի խճաքարերով ճանապարհի մոտ 33-ամյա Պետրոս Սողոմոնյանի երեք դուստրերն են կանգնած՝ 8-ամյա Սոֆյան, 6-ամյա Շողիկն ու 2-ամյա Անգելինան։ Մեզ տեսնելիս ժպտում են։ Միասին ներս ենք մտնում տուն։ Սողոմոնյաններն այս գյուղ են տեղափոխվել 10 տարի առաջ Աբովյան քաղաքից։ Տանը միայն սենյակների դռներն են նոր, մնացածը հին գույք է։ Պետրոսը տան միակ աշխատողն էր, ու ծրագրել էր վերանորոգել տունը։ Բայց չհասցրեց։

Հյուրասենյակը սառն է թվում։ Առաստաղը հին է, ու տպավորություն է, որ անձրեւների ժամանակ այն կաթկթում է։ Սենյակի անկյունում հանդիսությունների համար նախատեսված գույքն է։ Դրա հետեւում պատին է հենված արհեստական ծաղիկներով կամարը։ Մյուսը 33-ամյա Պետրոսի լուսանկարների հուշանկյունն է։ Առավոտյան 2-ամյա Անգելինան արթնանում է, համբուորում հոր լուսանկարներն ու կրկնում՝ «պապաս հերոս ա»։ Սա ասում են նաեւ նրա ավագ քույրերը։ 8-ամյա Սոֆյան հոր նկարներից մեկի շրջանակին խնդրել էր գրել «փառք հերոսին»։

-Ի՞նչ է նշանակում հերոս,- հարցնում եմ Սոֆյային։

-Ուժեղ,- պատասխանում է նա։

Երեխաները տեղավորվել են սենյակում։ Շողիկը մոր գրկին է։ Անգելինան անընդհատ ներսուդուրս է անում։ Սոֆյան նստել է բազմոցին՝ իմ կողքին։ Տան մեծերն ուշադիր հետեւում են փոքրերին։ Մի տեսակ ծանր լռություն է իջնում։ Քիչ անց Սոֆյան երգում է հոր մասին։

Տատը՝ տիկին Շողիկը, անընդհատ մաքրում է արցունքները։ Փոքր Շողիկին գրկած Նարինեն մի ձեռքը բերանին է դրել ու խուլ հեկեկում է։ Երբ 6-ամյա Շողիկին խնդրում են արտասանել, երկու տողից հետո սկսում է լացել ու ամուր գրկում մորը։ Լարվածությունը թուլացնում է Անգելինան, որը գնում-գալիս է ու նայում մեզ։

Պետրոսը ֆուրշետի եւ ֆլորիստիկայի մասնագետ էր։ Դասավանդում էր Երեւանի ուսումնական կենտրոններից մեկում։ Տնեցիներն ասում են, որ շատ հումորով ու աշխույժ մարդ էր։ «Հենց գործից գալիս էր, էրեխեքը փաթաթվում էին վզին ու ասում՝ կարոտել ենք։ Երգ էր դնում, էրեխեքի հետ պարում։ Էնքան ուշադիր էր իր ընտանիքի նկատմամբ։ Սենց ուշադիր տղա... Ամբողջ գյուղն է ասում էդ մասին»,- պատմում է մայրը՝ տիկին Շողիկը։

Տնեցիների ծնունդների տորթերը Պետրոսն էր պատրաստում։ Նոր տարվա սեղանն էլ այնպես էր ձեւավորում, կարծես, ռեստորանում լինեին։ Աթոռներին Ձմեռ պապի գլխարկներ էր դնում։ «Ինքը մի ուրիշ ձեւի տղա էր։ Ով ասեր՝ արի սեղանը ձեւավորի, կգնար, ոչ մեկին չէ չէր ասի։ Ասում էր՝ մամ, իմ էրեխեն պիտի հետ չմնա, ունենար-չունենար, առնում էր ամեն ինչ էրեխեքի համար։ Որ դուրս էինք գալիս, սաղ զարմանում էին, ասում էին՝ ոնց որ մինիստր լինի»,- նշում է Պետրոսի մայրը։

Սեպտեմբերի 27-ին մայր ու տղա աշխատանքի էին գնում՝ ծաղկի վաճառքի փոքր կետ ունեին Երեւանում։ Ճանապարհին Պետրոսն ասել էր, որ երազ է տեսել, ինքն ու հայրը կռիվ էին գնում։ Երբ հասել էին աշխատավայր, լսել էին պատերազմի լուրը։ Նարինեն ասում է, որ ամուսինը մինչեւ հոկտեմբերի 1-ը գնում-գալիս էր զինկոմիսարիատ։ Ասում էր, որ պիտի անպայման գնա։ «Ասի՝ մի գնա։ Ասեց՝ չէ, պարտավոր եմ իմ երեխաներին պաշտպանեմ»,- հիշում է կինը։

Հոկտեմբերի 1-ին գնալուց առաջ Պետրոսը մորը խնդրել էր, որ ծաղկի կրպակը չփակի, վերադառնալու է, կաշխատեցնի։ Մայրը, սակայն, այն ի վիճակի չեղավ պահելու։

Կնոջ պատմելով՝ Պետրոսը եղել է Ջաբրայիլում, Ֆիզիուլիում եւ Կարմիր Շուկայում։ «Հոկտեմբերի 11-ին զանգեց, ասեց՝ ո՞նց եք, ասի՝ շատ լավ ենք, ժպիտով պատասխանում էր, ասում էր՝ քաբաբ-խորոված եմ անում, ի՞նչ պիտի անեմ»,- պատմում է Նարինեն։ Դա նրանց վերջին խոսակցությունն էր։ Նույն օրը Պետրոսը զոհվել է Ֆիզուլիում։ Մինչ օրս ընտանիքը չգիտի, թե ինչպես է պատահել դեպքը։ Պետրոսի ջոկատի բոլոր տղաները զոհվել են, եւ այսօր չեն գտնում մեկին, ով կկարողանա մանրամասներ փոխանցել Պետրոսի անցած մարտական ուղու մասին։

Հոգոցների հետ միախառնված արցունքները լցվում են հյուրասենյակ։ Սոֆյան սկսում է երգել։ Ընտանիքը Պետրոսի զոհվելու մասին իմացել է միայն փետրվարի 8-ին՝ դեպքից 4 ամիս անց։ Մինչ այդ մտածում էին, թե անհետ կորած է։ Ոչ միայն ընտանիքը, այլեւ բարեկամները նրան փնտրում էին ամենուր։ Փետրվարի 8-ին Պետրոսի մարմինը գտել են Աբովյանի դիահերձարանում։

«Երեխաներին դեռ ոչինչ չենք ասել, բայց զգում են։ Նրանք էդ օրը մամայենցս տանն էին, ասեցինք՝ չտեսնեն, երբ բերել էին։ Հետո ուրախացած եկել էին, ասեցին՝ ի՞նչ են բերել, ասեցինք՝ մեդալ են տվել, պապան հերոս է։ Ասում են՝ բոլորը գալիս են, պապան ինչի՞ չի գալիս։ Անհամբեր սպասում են»,- ասում է Նարինեն՝ չհասցնելով սրբել վարար գետի պես հոսող արցունքները։

«Էսօր որոշել ենք տանել գերեզմաններ,- ասում է տիկին Շողիկը՝ քիչ անց ավելացնելով,- Պետրո՛ս, էս ի՜նչ բերիր մեր գլխին։ Կողքին նստած ավագ դուստրը՝ Արուսը, անընդհատ մաքրում է աչքերը։ Պետրոսը երեք երեխաներից կրտսերն էր՝ երկու քույր եւ մեկ եղբայր էին։ Քույրը պատմում է, որ նախորդ տարի եղբայրը 32-ամյակը տոնել էր ռեստորանում, ու բոլորը զարմացել էին, թե հոբելյանական տարիք չէ, ինչու է տոնում։ «Երեւի մի բան զգում էր»,- նկատում է Արուսը։ Եղբոր ծննդյան օրը նա ոտանավոր էր գրել, որը հետո կարդացել էր Պետրոսի համար։

Սրտիս խորքում կա մի անկյուն,
Քո համար է այն պահված,
Քո համար է սիրտս դողում,
Քո ցավերին լինում դարման:
Եթե եղբայր ունես կողքից,
Եղբայր քաղցր բառը զգաս,
Աշխարհ լինի, թե երկրագունդ,
Բոլորից շատ դու կզգաս
Որքան թանկ է նա քեզ համար,
Չես վհատվի խոսքից նրա:
Աստծուց գոհ եմ,
Որ պարգեւեց ինձ թանկ միակ եղբայր։

Պետրոսի զոհվելուց հետո աղջիկները հորաքրոջը խնդրել են ավելացնել եւս մի տող՝ «Դու կմնաս իմ սրտում հավերժ, զինվոր»։

«Երբ Պետրոսը բանակում ծառայում էր, երազ տեսա,- պատմում է տիկին Շողիկը,- մի սարի վրա խրճիթ կար, Պետրոսը մեջն էր, ու գրված էր՝ 2020 թ.։ Ես էլ ասում էի՝ այ մարդ, երազ ա, անցել- գնացել ա։ Ու քանի՜ տարի անց այն կատարվել է»:

Չնայած Պետրոսի անունը եղել է ՊՆ-ի հրապարակած ցուցակներում, ընտանիքը մինչեւ հիմա պետական որեւէ աջակցություն չի ստացել։ Հուղարկավորությունը պարտքով են արել, բայց դրա մասին նախընտրում են չխոսել։

Հիմա լուսանկարների մոտ միշտ դնում են Պետրոսի սիրած ծաղիկները՝ վարդեր։ «Ինչքան ժամանակն անցնում է, կարոտում եմ։ Գալիս նստում եմ էն աթոռին, ու նայում եմ։ Իր սիրած ծաղիկներն եմ միշտ առնում»,- ասում է մայրը։

Նարինեն ցավից մի տեսակ կծկվել է։ Երեք դուստրերը արբանյակների պես պտտվում են կողքին։

Սոֆյան որոշել է շարունակել հոր արհեստը։ Նկարչական խմբակ է հաճախում։ Վազելով բերում, սեղանին է դնում իր նկարներից։ Չնայած վստահ է, որ լավ է նկարել, բայց ուզում է հյուրերի կարծիքը եւս լսել։

Քիչ անց տիկին Շողիկը մեծ սեղանին է դնում որդու աշխատանքային գործիքների տուփը։ Դրանք պահելու է Սոֆյայի համար։

Հետո մի ուրիշ արկղ է դնում սեղանին։ Այդտեղ որդու պատրաստած տարոսիկներն են։ Մայրը հատ-հատ հանում ու դնում է սեղանին, եւ, կարծես, այդ տարոսիկներն արդեն մասունքներ են դարձել ընտանիքի համար։

6-ամյա Շողիկը բժշկուհի է ուզում դառնալ։ Այս տարի առաջին դասարան է հաճախելու։ Նա սպասում է, որ հայրը վերադառնալու է ու իրեն դպրոց տանի։ Նրա ու 8-ամյա Սոֆյայի հայացքներում անբացատրելի տխրություն կա ու մի անպատասխան հարց, թե երբ է վերադառնալու հայրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter