HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը` առավել ևս. սա ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած էլիտային»

Խորհրդարանում քննարկվում է Կառավարության 2020 թվականի գործունեության հարցը, հիմնական զեկուցողն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ելույթի առանցքային մասը վերավերում է Արցախյան երկրորդ պատերազմին: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ այն քննարկումներին, որ ԼՂ հարցը կարգավորելու համար հանրաքվե է պետք հրավիրել` պնդելով, որ այս հարցում ևս հանրությանը մոլորության մեջ են գցել: Վարչապետը հայտնեց, որ բանակցային փաթեթներում եղել է հանրաքվեի դրույթ, և ասվել է, որ այն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը:

«Չկա ընդգծում` որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, և սա սկզբունքային կարևոր հարց է, որովհետև Ադրբեջանը միշտ ունեցել է այն դիրքորոշումը, որ միջազգայնորեն ընդունված իր տարածքի մաս համարվող որևէ հատվածի կարգավիճակի հարց կարող է ճշգրտվել միայն այն հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի տարածքում, և սա եղել է Ադրբեջանի դիրքորոշումը: Երբ հարց է հնչել միջնորդներին, թե ոնց ենք մեկնաբանելու այդ դրույթը, միջնորդներն ասել են` այն մեկնաբանությամբ, որի շուրջ կհամաձայնեն թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը»,- ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչ է նշանակում ԼՂ ամբողջ բնակչություն, նրա խոսքով` Ադրբեջանի մեկնաբանությամբ այն նշանակում է ներքին տեղահանվածների, այդ թվում` տեղահանվելուց հետո ծնված ընտանիքի անդամներ: Նա հիշեցրեց, որ ԼՂԻՄ տարածքից Արցախյան առաջին պատերազմի ընթացքում տեղահանվել է շուրջ 40 հազար ադրբեջանցի:

«Իսկ ի՞նչ հարց է դրվելու հանրաքվեի, ո՞վ է ձևակերպելու այդ հարցը, դրանց հստակ պատասխաններ չեն եղել: Շատ կարևոր ու սկզբունքային նրբություն է թաքցվել հանրությունից: Երբ Սերժ Սարգսյանի կողմից ասվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է Մադրիդյան սկզբունքներից, իսկ այնտեղ կա մի նման հասկացություն` միջանկյալ կարգավիճակ, Ադրբեջանը հրաժարվել է միջանկյալ կարգավիճակի քննարկումից: Եվ թվում է` նման պայմաններում բանակցային հմտությունների արդյունքում հայկական կողմը կկարողանար հասնել նրան, որ միջնորդներն Ադրբեջանին համոզեին ԼՂ միջանկյալ կարգավիճակն ընդունի»,- ասաց նա:

Ըստ նրա` փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը 2014-15 թվականներին արժանացել է միջնորդների աջակցությանը, և ապրիլյան պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ հայկական կողմին առաջարկվել է հրաժարվել ԼՂ միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից, սակայն մերժվել է առաջարկը:

Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի նախկին ղեկավարների, մասնավորապես` երկրորդ և երրորդ նախագահների մասին:

«Քոչարյան-Սարգսյան զույգը 1998 թվականին Ղարաբաղի հարցը օգտագործել է իշխանության հասնելու համար, 20 տարվա ընթացքում տանուլ է տվել բանակցային գործընթացը, առաջին պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի բոլոր զրկանքները խուրդել են Բադեն-Բադեններում, հունական կղզիներում առաձնատներ կառուցելով, տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, բանակաշինության դաշտում: Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը` առավել ևս, սա ասում եմ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտային»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` ինքը և իր թիմն ամեն օր, երբեմն նույնիսկ կենաց-մահու կռիվ են տալիս նախկին իշխանությունների կապիտուլյացիայի և դավաճանության դեմ և շարունակելու են իրենց «նվիրական ու անմնացորդ պայքարը հանուն ազատ, հզոր երջանիկ Հայաստանի»:

Փաշինյանը դիմեց Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերին` վստահեցնելով, որ պետք չէ հուսահատվել, քանի որ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ապագա կա:

Այս խոսքերից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ոտքի կանգնեցին և ծափահարեցին:

«Որպես բանակցային հարց պետք է դնենք ԼՂԻՄ-ի տարածքի դեօկուպացիայի խնդիրը, սակայն սա պետք է ձևակերպանք ոչ թե որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային- քաղաքական հարց: Մենք պետք է հետևողականորեն շարունակենք «անջատում հանոււն փրկության» բանաձևի իրագործումը»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը` ռուս խաղաղապահների հետ, ապա հավելեց, որ ՌԴ-ի հետ քննարկում են 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը: Նրա խոսքով` ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում Սյունիքի մարզում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter