HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները՝ առանց նախապայմանների

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հնարավորինս շուտ իրենց հովանու ներքո սկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այս մասին ասվում է Մինսկի խմբի տարածած հայտարարությունում։

Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) համատեղ ուղերձում հիշեցնում են իրենց մանդատի մասին և հույս հայտնում տարածաշրջանում բոլոր ժողովուրդների կայուն, խաղաղ ու բարգավաճ ապագայի մասին։ Նրանք ընդգծում են, որ հատուկ ուշադրություն էպետք դարձնել հիմնախնդրի վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը, որը հիմնված կլինի կողմերին հայտնի սկզբունքների վրա։ 

«Համանախագահները կրկնում են իրենց առաջարկը՝ կազմակերպել ուղիղ, երկկողմանի խորհրդատվություններ իրենց հովանու ներքո, որպեսզի կողմերը կարողանան դիտարկել և համաձայնեցնել կառուցված օրակարգը, որը կարտացոլի իրենց առաջնահերթությունները՝ առանց նախապայմանների»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարկվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

Միջնորդները գոհունակությամբ են նշում տարածաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ շեշտելով, որ ուշադրությամբ հետևում են 2020թ․ նոյեմբերի 9-ին ձեռքբերված համաձայնության կետերի կատարմանը։

«Համանախագահները ողջունում են զոհերի աճյունների վերադարձման հարցում նշանակալի ձեռքբերումները, հակամարտության հետևանքով տեղահանված անձանց վերաբնակեցման գործում շարունակական առաջընթացը, մարդասիրական օգնության տրամադրումը և անհրաժեշտ կենսապայմանների ստեղծումը, ինչպես նաև տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումները»,- նշված է հայտարարությունում։

Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին հիշեցրել են մնացած չլուծված հարցերի համար լրացուցիչ ջանքեր գործադրելու և փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու մասին։ Չլուծված հարցերի թվում Մինսկի խումբը նշում է ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձը՝ միջազգային մարդասիրական նորմերին համապատասխան, հակամարտության գոտում ականազերծում իրականացնելու համար բոլոր տեղեկությունների փոխանակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ մուտքի հասանելիության ապահովումը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպություններին։

Համանախագահներն ընդգծել են նաև հակամարտության գոտում մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, հասարակությունների միջև ուղիղ հաղորդակցությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ժողովուրդների միջև վստահության ամրապնդման անհրաժեշտությունը։

Համանախագհներն իրենց աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության և գործունեության հնարավոր ընդլայնմանը՝ կոչ անելով կողմերին փոխգործակցել նրա հետ և նպաստել նրա ջանքերին։

Լուսանկարը՝ արխիվային / Փաշինյանի, Ալիևի ու համանախագահների հանդիպումը Վիեննանյում, 29․03․2019 / © ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter