
Մ. Առաքելյան. «Արցախցիներին տրամադրվող հաստատված աջակցության ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ»
Կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 7 մլրդ 548 հազ. դրամ՝ Արցախի քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելու համար: Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 15-ի նիստում:
«Մինչ այժմ Արցախին տրված աջակցության ծավալը կազմել է մոտ 33 մլրդ դրամ: Կառավարության հաստատված ծրագրերով ևս 22 մլրդ դրամի աջակցության որոշում ունենք, որից մեկը հենց այս հատկացումն է: Ընդհանուր առմամբ, տրամադրված և Կառավարության որոշումներով հաստատված հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ»,- հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի քաղաքացի ստացել է աջակցությունը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ մարտ ամսին աջակցության համար դիմած քաղաքացիները կարող են այլևս չդիմել մյուս ամիսներին տրվող աջակցության համար, իսկ կենսաթոշակառուներն ու նպաստառուներն աջակցությունը կստանան տրամադրվող թոշակի և նպաստի հետ միասին:
Նրա խոսքով՝ եղել են քաղաքացիներ, որոնց տվյալները բազաներում չեն եղել կամ փաստաթղթերում որոշակի խնդիրներ են ունեցել, առաջիկայում կարգավորում կլինի, որպեսզի այդ քաղաքացիները նույնպես դառնան ծրագրի շահառու:
Հիշեցնենք, որ Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվել էր մարտից հունիս արցախցիներին 68 000 դրամի չափով աջակցության տրամադրման ծրագիրը:
Մեկնաբանել