HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն Արցախի բնակիչներին փոխհատուցել է 7,2 մլրդ դրամից ավելի գումար

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Արցախի բնակիչներին Հայաստանի կառավարությունը 7,2 մլրդ դրամից ավելի գումար է փոխհատուցել:

Այս մասին խորհրդարանում Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկմանն ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ըստ նրա` փոխհատուցում տրամադրվել է ինչպես Արցախում հաշվառված յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ երեխաների, այնպես էլ չհաշվառված, սակայն փաստացի բնակվող անձանց, յուրաքանչյուրին 68 հազար դրամի չափով: Հայաստանում անշարժ գույք չունենալու դեպքում միանվագ դրամական օգնության չափն ավելացել է 15 հազար դրամով։  

Գրիգորյանի խոսքով` Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց 68 հազարական դրամ աջակցություն կտրամադրվի նաև 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին: Ըստ հաշվարկների` աջակցություն կստանա մոտավորապես 110 000 մարդ, ընդհանուր առմամբ կվճարվի շուրջ 30 մլրդ դրամ:

Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված համայնքներում հաշվառված Արցախի քաղաքացիներին տրամադրվել է միանվագ դրամական օգնություն՝ 300 հազար դրամի չափով։ Գրիգորյանի ներկայացմամբ` մինչ օրս նման աջակցություն է ստացել 28 հազարից ավելի քաղաքացի, ընդհանուր վճարվել է 8,4 մլրդ դրամից ավելի գումար:

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին առավեյագույնը 6 ամիս ժամկետով ամսական 300 հազար դրամ սոցիալական աջակցություն է տրամադրվել: Մինչ օրս աջակցություն է ստացել 870-ից ավելի ընտանիք:

Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին ևս առավելագույնը վեց ամիս ժամկետով ամսական 300 հազար դրամ սոցիալական աջակցություն է տրամադրվել։ Փոխվարչապետի խոսքով` մինչ օրս աջակցություն է ստացել 5 տասնյակից ավելի զինծառայող:

Ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ տարածքում անշարժ գույքի սեփականատերերին պատճառված վնասների փոխհատուցման նպատակով 71 անձի վճարվել է ընդհանուր 44 մլն դրամ:

Գրիգորյանը հիշեցրեց նաև, որ Արցախի Հանրապետության տնտեսությանն աջակցելու և ենթակառուցվածքային շինարարական աշխատանքները, Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է 5 մլրդ դրամից ավելի բյուջետային վարկ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter