HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գ. Գորգիսյան. «Տեղին կլիներ, որ Կառավարության հաշվետվությունը լիներ մեկ տող` կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020 թվականը»

Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին հիշեցրեց 2018 թվականը, երբ Կառավարության ծրագրի քննարկմանը իշխանական պատգամավորներից մեկն ասել է, որ պատրաստ է ծրագրին կողմ քվեարկել, եթե այնտեղ մեկ տող գրված լիներ` ամեն ինչ լավ է լինելու:

Այս մասին ԱԺ նիստում ասաց Գորգիսյանը:

«Այսօր ավելի քան տեղին կլիներ, որ Կառավարության ծրագրի 2020 թվականի հաշվետվությունը լիներ մեկ տող` կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020 թվականը, բայց չէ. Կառավարությունն ունեցավ բավարար պնդերեսություն` ներկայացնելու մի ծավալուն զեկույց այն մասին, թե ինչպես էին քաջաբար պայքարում սեփական ապիկարության, գոռոզության, հպարտության դեմ, բայց իհարկե պարտվեց ՀՀ-ն:

Պարտվեց, որովհետև Կառավարությունը իր կառավարման ողջ ընթացքում առաջին տեղ բերեց PR-ը` երկրորդ պլանում թողնելով բովանդակությունը»,- ասաց նա:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի` Կառավարությունը գերադասեց ռազմական գնումներ կատարել այնպես, որ հնարավոր լինի նոր զինտեխնիկայում նստել ու սելֆի անել: Հետևաբար առաջնահերթությունները խառնվեցին:

«Արդյունքում վատնվեց ամենակարևորը` հավատը, եթե 2018-ի հեղափոխությունը ինչ-որ բան տվել է մեր երկրին` հավատն է, բայց դա ամբողջությամբ մսխվեց»,- ասաց Գորգիսյանը:

«Իհարկե 2020 թվականը ճգնաժամի տարի էր, բայց դրանք գալիս են մեր թերացումները, մեղքերը բացահայտելու համար, բայց ճգնաժամից ուժեղացած դուրս գալու համար պետք է ազնիվ լինել, ընդունել թերությունների գոյությունը, որ կարողանանք բուժվել, իսկ դրա համար պետք է ընդունենք, որ գոյություն ունի հիվանդություն: Մի պարզ առաջարկին` ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի մեծագույն խնդիրները 2020 թվականի, մի պատասխան է` դեռ դրա ժամանակը չէ»,- ասաց նա:

Գորգիսյանի համոզմամբ` Կառավարությունը շարունակում է ամեն օր խաբել ինքն իրեն ու հավատալով իր ստերին` խաբել հանրութանը, ամեն օր փորձելով արդարացնել ինքն իրեն` ստեղծում է նոր խնդիրներ:

Պատգամավորը թե´ Կառավարության անդամների, թե´ վարչապետի խոսքում չի տեսնում մեղքի զգացողության ոչ մի նշույլ:

«Էն ամբարտավանությունը, որ նրանք ունեին պատերազմից առաջ, մի պահ դադարեց պատերազմից հետո շատ կարճ ժամանակով, ու պարզվեց, որ դա ոչ թե խնդիրների գիտակցումն է, այլ վախը, անասնական վախը սեփական ժողովրդից, երբ մարդիկ փակված էին տներում ու վախենում է էին դուրս գալ տներից: Վախը անցավ, ու մարդիկ վերադարձան իրենց բնորոշ հռետորաբանությանը, հոխորտացող կեցվածքին: Այս Կառավարության հետ ՀՀ-ն չունի առաջ գնալու որևէ հույս, որևէ հնարավորություն, որովհետև Կառավարությունն առաջին հերթին ազնիվ չէ, չի ուզում ընդունել սեփական մեղավորությունն ու սեփական մեղքը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter