HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյանը պաշտոնական առաջարկ արեց նախկին իշխանություններին

Վարչապետը խորհրդարանում իր ելույթով արհամարհել է պատգամավորներին: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկմանը:

Ըստ նրա` թե´ Կառավարության անդամների, թե´ իշխող ուժի պատգամավորների ելույթներն այն մասին էին, որ նախկինները 30 տարի թալանել են երկիրը:

«Էդ 30 տարվա մեջ երեք տարի դուք եք իշխանություն, նշանակում է 30 տարվա տասը տոկոսը դուք եք: Գայիք, ասեիք` տասը տոկսով մարդկանց կյանքը լավացել է էս-էս ոլորտներում, ոչ թե երկրի բնակչությունը 10%-ով կրճատել եք, տնտեսությունը, բանակը, դիվանագիտությունը կործանել եք, եկել, ասում եք` նրանք են մեղավոր: Նրանք որ մեղավոր չլինեին, դուք ի՞նչ գործ ունեիք էստեղ: Նրանք մեղավոր էին, դրա համար եղել է հեղափոխություն, բա դու՞ք, բա ձեր 10%-ը»,- ասաց Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, որ Լելե Թեփե բարձունքը ազատագրելու հրաման չի տվել, պարզապես մի քանի գեներալների խոսակցություն է մոդերացիա արել, հենվել կարծիքների վրա:

«Այ տենց մոդերատոր եք եղել, և միջազգային հարաբերություններում եք մոդերատոր, գնում, Ալիևին ասում եք` Դուք ի՞նչ կարծիքի եք, Պուտինին` Դու՞ք ինչ կարծիքի եք… վերջում տեսաք` ինչ եղավ, մոդերատոր եք Դուք, երկրի ղեկավար չեք: Եվ ամենալավ ձևակերպումը տվել է առաջին նախագահը` ազգակործան պատուհաս, դասական ձևակերպում է»,- ասաց նա:

Ըստ Մարուքյանի` ազգակործան պատուհաս վիճակից դուրս գալու համար պետք է կարևոր քայլ անել: Գործող իշխանության ընտրազանգվածը երկու սեգմենտից է բաղկացած` իշխանության ջատագովներ, ինչն, ըստ Մարուքյանի, 10-15% է, իսկ մնացած մասը` 15- 20%-ը, նախկին իշխանությանը դեմ ձայներն են:

«Ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև նախկին իշխանության ներկայացուցիչներին` մի կողմ քաշվեք, և մենք էս մարդկանց կդարձնենք քիփլիկ, փոքր ընդդիմություն` իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով: Մի կողմ չքաշվեցիք` ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարտադրման ճանապարհով, էս մարդկանց ուժ տվողը ձեր դեմ ելույթներն են»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով` գործող իշխանությունն ընտրվելու առաջին իսկ օրվանից պնդում է, թե իշխանություն չէ, իշխանությունը ժողովուրդն է:

«Հետո, երբ գալիս է հրաման տալու ժամանակը, մենք մոդերատոր ենք ժողովուրդ, երկրի ներսում` գոռգոռացող, երկրից դուրս, արտաքին քաղաքականության մեջ` կուչ ու հուպ եկած, է'ս եք դուք: Ժողովուրդը պետք է իմանա` իրենք խաբվել են, էս հեղափոխությունը եղավ նրա համար, որ մարդիկ լավ ապրեն, լինի հավասարություն, բայց հավասարությունը չի ապահովվել, իրենք լավ են ապրում, դուք ոնց ապրում էիք` ապրում եք: Դուք գնացել, կառավարական ամառանոցներում ապրում եք, դուք դավաճանել եք հեղափոխությանը, դուք սկսել եք լավ ապրել, ու էդ օրվանից սաղ կործանվել է»,- ասաց նա:

Մարուքյանը հիշեցրեց, որ իշխանությունը երբ ընդդիմություն էր, քննադատում էր գործող իշխանությանը պետական համակարգը փեսաներով ու աներձագներով համալրելու համար, սակայն նույնն անում են իրենք: Ըստ նրա` նախկին իշխանության օրոք, եթե մի քանի կայացած համակարգ է եղել, գործող իշխանությունը քանդել է, բայց բոլոր արատավոր երևույթները՝ որդեգրել:

«Եկան, ասին՝ օլիգարխ չկա, խոշոր սեփականատերեր են, ի՞նչ օլիգարխ: Ինչ արատավոր բան եղել է, դուք վերցրել, օգտագործում եք ի շահ ձեր իշխանության: Իշխանությունից էլ նենց եք կառչած, ես ուղղակի ապշած եմ, այլ կարծիքի եմ եղել, ներողություն եմ խնդրում ժողովրդից, որ ձեր մասին այլ կարծիք եմ ունեցել»,- ասաց նա:

Մարուքյանի համոզմամբ` իշխանությունը պետք է զրկվի իր թիվ մեկ սնուցումից` նախկին իշխանությունների հետ ունեցած կռվից:

«Էդ կռիվը մի կողմ դրեցիք` 10-15%-անոց ուժ է, նորմալ ֆրակցիա կունենաք և վերջ, եթե չէ` գնալու է սև ու սպիտակի պայքար»,- նշեց Մարուքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter