HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բաբկեն Թունյան. «Մինչ այս պահը գտնում ենք օրենքներ, որոնք կարված են եղել հատուկ բիզնես խմբերի համար»

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկմանն անդրադարձավ ընդդիմադիրների այն պնդումներին, թե կորոնավիրուսի և պատերազմի հետ կապված սոցիալ-տնտեսական միջոցառումները համարժեք չեն եղել տնտեսական անկման ծավալներին:

«Ուզում եմ ասել, որ բացի էն գումարից, որը վարչապետն էլ, փոխվարչապետն էլ հայտարարեց, էդ աջակցության համատեքստում պետք է դիտարկել նաև «Հարկային արձակուրդի մասին» օրենքը` շահութահարկերի կանխավճարների հետաձգումը նկատի ունեմ, որոնք մոտ 60 միլիարդ դրամ տնտեսվարողների մոտ լիկվիդայնություն ավելացրին: Մեր կողմից ընդունված արագացված ամորտիզացիայի օրենքը, էդ համատեքստում պետք է դիտարկել նաև մեր ընդունած օրենքը, որով բանկերին հնարավորություն էինք տալիս  մարդկանց վարկերը վերակառուցել, տուգանքները մարել` ազատվելով հարկային պարտավորություններից»,- ասաց Թունյանը:

Բաբկեն Թունյանն անդրադարձավ 7,6% տնտեսական անկման ցուցանիշին` ընդգծելով, որ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել` թե´ հարևան երկրների, թե´ աշխարհի հետ:

«Մատների վրա կարելի է հաշվել երկրներ, որոնք նախորդ տարի տնտեսական անկում չեն ունեցել: Մեր դեպքում գումարվել է նաև հանգամանքը, որ մենք 2019-ին ունեցել ենք բավական բարձր աճ, և էդ բարձր աճի վրա անկումը շատ ավելի հավանական էր»,- ասաց նա:

Թունյանն անդրադարձավ նաև նախկիններ-ներկաներ բանավեճին` պնդելով, որ եթե նախկինները կատարել են հանցագործություններ, դրա համար կա իրավական համակարգ, որը պետք է այդ ամենով զբաղվի:

«Բայց մինչ այս պահը մենք լուծում ենք մի հետաքրքիր խնդիր` գտնում ենք օրենքներ, որոնք կարված են եղել հատուկ բիզնես խմբերի համար, այսինքն` այդ օրենքներից որ նայում ես ով է շահել, ոնց որ հատուկ պատվերով գրված լինի կոնկրետ շրջանակների համար»,- նշեց Թունյանը:

Բաբկեն Թունյանն անդրադարձավ նաև Էդմոն Մարուքյանի այն մեղադրանքին, թե իշխանության ներկայացուցիչները սկսել են լավ ապրել:

«Որ համեմատեմ օրինակ` 2019-ի հունվարից, երբ պատգամավոր եմ ընտրվել պետությունն իմ վրա է ավելի շատ գումար ծախսել, թե էն մարդկանց, ովքեր մեզ ասում են` լավ եք ապրում, կարող է զարմանաք: Ամսվա 30 օրից 20-ը էս մարդիկ գործուղումների են եղել»,-ասաց նա:

Ըստ Թունյանի` մարդկանց հավատն ու հույսը խլում են կեղծ լուրերը: Պատգամավորի կարծիքով` պետք չէ հանրությանն ասել, որ ամեն ինչ շատ վատ է, նա համաձայնեց, որ կան խնդիրներ, սակայն դրանք հաղթահարելի են:

«Իհարկե Հայաստանը ապագա ունի, ու էդ ապագան լուսավոր է, բարգավաճ ու լավ, ու հեչ տարբերություն չկա` ով է լինելու իշխանության ղեկին, ու եթե լինի էնպես, որ ինչպես դուք եք նշում` դուք գաք իշխանության, «Իմ քայլը» լինի փոքր խմբակցություն, դա էլ է լինելու իշխող խմբակցության հաղթանակը, որի օրոք ընտրությունների միջոցով իշխանություն կփոխվի»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter