
Ի՞նչ հանրային քննարկում են անցնում ՀՀ կառավարության որոշումները
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի առաջին մասի համաձայն «Օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի»: ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի №296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №1146-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակվող Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումների նախագծերը պարտադիր ենթակա են հանրային քննարկման սույն կարգով սահմանված ընթացակարգով, բացառությամբ ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի»: Կարգը սահմանում է, որ նախագծերը պետք է պարտադիր հանրային քննարկում անցնեն:
2017թ. ի վեր գործում է ՀՀ կառավարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը, որտեղ քննարկումները զուտ ձևական բնույթ են կրում: Նախկինում արդեն անդրադարձել եմ այն խնդրին, որ 2020թ. եղել է դեպք, երբ ցանկացած տնային տնտեսությանը վերաբերող կարևորագույն օրենքի նախագիծը հանրային քննարկում չի անցել:
Հետաքրքիր է պարզել, թե ինչպես են նախարարություններն ու գերատեսչությունները օգտագործում այս կայքը և դրա հնարավորությունները: Մոտեցումն իսկապես ձևական է: Այնուամենայնիվ … Ուսումնասիրել եմ www.e-draft.am կայքում էջ ունեցող բոլոր նախարարությունների և գերատեսչությունների կողմից 2019թ. նոյեմբերի սկզբից մինչև 2020թ. դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում վերջիններիս կողմից ներկայացված նախագծերը, քանի որ դրանք կարող էին ընդունվել 2020թ.: Նախագծերի բովանդակությունը չեմ ուսումնասիրել: Միայն կարգավիճակը: Տվյալները ներկայացված են աղյուսակում: Թվային տվյալներ պարունակող առաջին սյունը ՀՀ կառավարության նիստերի ժամանակ տվյալ նախարարության կամ գերատեսչության կողմից ներկայացրած հարցերի քանակն է, հաջորդը՝ www.e-draft.am կայքում տվյալ նախարարության կամ գերատեսչության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծերի քանակը: Հաջորդիվ ներկայացվում են այդ նախագծերի կարգավիճակը 2021թ. մարտի 27-ի դրությամբ:
Կառավարության 49 նիստերին 388 հարց ներկայացրած ՏԿԵՆ-ը www.e-draft.am–ում, 2019թ. նոյեմբերի սկզբից մինչև 2020թ. դեկտեմբերի վերջ հանրային քննարկման է ներկայացրել ընդամենը 59 նախագիծ, որոնցից, 2021թ. մարտի վերջի դրությամբ 24-ը դեռևս լրամշակման փուլում էր, 33-ը նշված է որպես քննարկված, իսկ 2-ը՝ «գտնվում է ՀՀ կառավարությունում»: Ներկայացված նախագծերից ոչ մեկի դեպքում չի նշված որ «Նախագիծն ընդունվել է», ինչպես և ԱՍՀՆ-ի, ԱԻՆ-ի, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի, առողջապահության, ֆինանսների, պաշտպանության, շրջակա միջավայրի նախարարությունների և մի շարք գերատեսչությունների դեպքում:
ՀՀ կառավարության նիստերի օրակարգերում ներառված և www.e-draft.am կայքում հանրային քննարկում անցած փաստաթղթերի տարբերության զուտ քանակն արդեն իսկ տպավորիչ է: Աչքի է զարնում 2020թ. ՀՀ կառավարության ընդունած որոշումների (2215 որոշում), նիստերի ժամանակ քննարկած հարցերի (1788 նախագիծ) և www.e-draft.am կայքում քննարկված նախագծերի թվաքանակների տարբերությունները, համապարատասխանաբար 2215, 1788 և 811: Իհարկե, պետական պաշտոնյաները կառարկեն, կբացատրեն, որ հանրային քննարկման են ներկայացվում միայն նորմատիվ ակտերը: ՀՀ կառավարության www.e-draft.am կայքում կարելի է գտնել մի շարք անհատական ակտեր, որոնք հանրային քննարկում են անցել: Այդ առումով առարկելը, վստահեցնելը, հավատացնելը, հավաստիացնելը պետական պաշտոնյաների գործերից մեկն է:
2021թ. մարտի 27-ի դրությամբ «Նախագիծն ընդունվել է» գրառմամբ նշված է նախագծերից միայն 27-ը: 811-ից 437-ը նշված է որպես քննարկվել է և հետագա ճակատագիրը պարզ չէ, իսկ 312-ը, համաձայն www.e-draft.am –ի՝ «Լրամշակման փուլում է»:
Մի քանի նախարարությունների ցուցանիշներ շատ հետաքրքիր են: Չնայած ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարության նիստերի օրակարգերում ներառելու համար ներկայացրել է 84 հարց, www.e-draft.am–ում քննարկման է ներկայացրել 21-ը, որոնցից 15-ի կամ մոտավորապես 75 տոկոսի դեպքում «Նախագիծը չի ընդունվել»: Սա ամենաբարձր ցուցանիշն է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների դեպքում: ՀՀ ֆինանսների նախարարությանն է պատկանում նաև «Նախագիծը չի ընդունվել» նշված բոլոր նախագծերի 75 տոկոսը: Այդպիսի «կարգավիճակ» ունի ընդամենը 20 նախագիծ:
«Գտնվում է ԱԺ»-ում կարգավիճակ ունի միայն մեկ նախագիծ, որը ներկայացվել է ԱՍՀՆ կողմից:
ՀՀ կառավարությունը, վարչապետի աշխատակազմը, նախարարություններն ու գերատեսչությունները հավանաբար կասեն, որ սա կայքում եղած տեղեկատվությունը չթարմացնելու հետևանք է: Ես ավելացնեմ, սա հանրային կարծիքի հանդեպ, հանրությանը իրազեկելու հարցի նկատմամբ առհամարական վերաբերմունքի ցուցիչ է, քանի որ հանրության հետ համագործակցել ցանկացող կառավարությունը պետք է աշխատի, որ հանրությունը ժամանակին և ամբողջ ծավալով տեղեկացված լինի այն նախագծերի ճակատագրի վերաբերյալ, որոնք հանրային քննարկման են ներկայացվում:
Սա նաև այս կառավարության կողմից ռազմավարական պլանավորման կարևորության թերագնահատման ցուցիչ է: Ռազմավարական պլանի բացակայության պայմաններում որոշումների ընդունման և նախագծերի պատրաստման գործընթացը հախուռն է, նախագծերը ժամանակին չեն պատրաստվում և պատշաճ կերպով հանրային քննարկում չեն անցնում, իշխանությունը հանրությանը կտրում է պետական կառավարումից, ոչ թե ապակենտրոնացնելով որոշումների կայացման գործընթացը, այլ ամրապնդելով իր այդ մենաշնորհը, ռիսկերի նյութականանալու դեպքում ավելացնելով կորուստները:
Այս իշխանությունն իր գործունեությունը կառուցում է ոչ թե աշխատանքի, այլ բախտի վրա: Իշխանության բախտը բերեց, 2019թ. Հայաստանը 7.6 տոկոս տնտեսական աճ ունեցավ: Մնացած դեպքերում, և կառավարության բարձրաստիճան պաշտոնյան 2020թ. և ԱԺ իշխանական պատգամավորը 2021թ. բողոքել են իրենց դաժան բախտից:
Վերը նշվածին ավելացնեմ, որ 2020թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իմ և ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի միջև տեղի է ունեցել www.e-draft.am կայքի վերաբերյալ գրավոր քննարկում: Գլխավոր քարտուղարից ստացել եմ 3 պատասխան, իսկ իմ 4-րդ գրությունը, որում ներկայացրել եմ www.e-draft.am կայքից ստացած ծանուցումը, այլևս մնացել է անպատասխան: Իմ հարցմանն ի պատասխան գլխավոր քարտուղարն իր 2020թ. օգոստոսի 4-ի իր 10.3/-17099-20 գրության մեջ նշել է, որ «կարգով e-draft.am կայքում տեղադրված նախագծերը հեռացնելու հնարավորություն նախատեսված չէ, սակայն ըստ կարգի 15-րդ կետի՝ Արդարադատության նախարարությունը իրականացնում է մշտադիտարկում, որի արդյունքում կարող է դիմել հանրային քննարկում իրականացնող մարմին, …»: Չնայած գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ կոնկրետ դեպք, երբ նախագիծը հեռացվել է և կամ հանրային նշանակության կարևորագույն նախագիծը չի քննարկվել www.e-draft.am կայքում, նախարարությունը չի ներկայացրել փաստ, որ իրականացրել իր իսկ գրության մեջ նշված մշտադիտարկման գործառույթը:
Եթե վերը նշված խնդիրներին ավելացնենք նրանք, որոնք կապված են «Կառավարության գրավոր քվեարկության հարցեր» կոչվող բաժնի հետ, որոնք հաճախ հանրության ուշադրության կենտրոնում չեն լինում, սակայն մեծ տեսակարար կշիռ են կազմում կառավարության որոշումների թվում, ապա այս կառավարության գործունեությունը ոչ բաց, ոչ թափանցիկ, ոչ հաշվետու, անպատասխանատու և ոչ ներառական է:
Արտակ Քյուրումյանը պետական ֆինանսական կառավարման փորձագետ է
Մեկնաբանել