
Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կվերանայվի
Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն առաջարկվում է վերանայել պայմանագրային զինվորական ծառայության տարիքային շեմը:
Գործող օրենքով՝ պայմանագրային զինծառայության առավելագույն շեմը 45 տարեկանն է: Նախագծի առաջին ընթերցմամբ ԼՀԿ-ն առաջարկում էր շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը, սակայն կառավարության հետ քննարկումների արդյունքում որոշվել է՝ ըստ զինվորական կոչումների տարիքային սանդղակ սահմանել:
Ըստ այդմ`շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմի համար առավելագույն տարիքային շեմ է սահմանվում 53 տարեկանը, կրստեր սպայական կազմի համար` 55-ը, ավագ սպայական կազմի` մայոր և փոխգնդապետ կոչում ունեցողների համար` 58, գնդապետի համար` 63-ը:
Նախագծի հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանը նշեց, որ կառավարության առաջարկն իրենց համար ընդունելի է, և կարծիք հայտնեց, որ նախագիծը շատ կարևոր է, հատկապես հետպատերազմական շրջանում:
Նախագծի հարակից զեկուցող, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ընդգծեց` նախագիծը պահանջված է, և կոչ արեց կողմ քվեարկել նախագծին: Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Փոխնախարարի խոսքով`փոփոխվել է նաև պայմանագրային զինծառայության ընդունվելու առավելագույն տարիքը, սահմանվել է մինչև 50 տարեկան շեմը:
«Գտնում ենք, որ կատարված փոփոխությունները կհանգեցնեն զինված ուժերի համալրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Կառավարությունը կողմ է ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունմանը»,-ասաց փոխնախարարը` շնորհակալություն հայտնելով նախագծի հեղինակներին նման նախաձեռնության համար: Նախագծի քննարկումն ավարտվեց:
Մեկնաբանել