HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բազմազավակ ընտանիքի նոր կյանքը Որոտանում (ֆոտոպատմություն)

Արմատներով Սյունիքի Շինուհայր գյուղից՝ Մարտին Դանիելյանը 2000 թվականից աշխատում էր Արցախի Քաշաթաղի շրջանում։

2017 թ․-ին արդեն ընտանիքով տեղափոխվել էր Քաշաթաղ, Իշխանաձոր գյուղ։

Մարտինն ու Ռուզանը վեց երեխա ունեն։ Պատմում են, որ Իշխանաձորում լավ պայմաններ կային երեխաներին մեծացնելու համար։

«Մինչև կռիվը սկսելը, հունիսից, խրամատ փորող եմ եղել, երբ կռիվը սկսեց, աշխատում էինք Ջաբրայիլի կողմերը, Հադրութի տակը։ Փորել ենք ամբողջ կռվի ընթացքում, մինչ այս ձորը (Որոտանի կիրճը), որտեղ հիմա թուրքերն են կանգնած»,- պատմում է Մարտինը, որը վերջին մեկ տարում Պաշտպանության բանակում քաղծառայող է եղել, աշխատել է որպես տրակտորի վարորդ։

Պատերազմը սկսվելու պահին ավագ որդին՝ Սերյոժան, երկու ամսվա ժամկետային ծառայող էր։

«Տղաս կռվի ժամանակ վիրավորվել է, որպես տանկիստ-նշանառու էր մասնակցում։ Երեք հոգով են եղել, հաց ուտելու ժամին տանկից իջել են, ու տանկը խոցվել է․ երկու ընկերով վիրավորին իջեցրել են, ինքն էլ չի նկատել, որ վիրավոր է, բեկորը մեջքը ճղել է, հիմա լավ է, փառք Աստծո։ Մի անգամ արձակուրդ է եկել»,- պատմում է Մարտինը։

Երեխաներին սեպտեմբերի 28-ին են հանել գյուղից։ Հետո, երբ Մարտինը դուրս էր բերում գույքը, չնայած ընկերների նախազգուշացումներին, որ ժամանակը սուղ է, վերցրել է նաև տասնյոթամյա դստեր՝ Սաթենիկի նկարները։ Այժմ դրանք զարդարում են Որոտանի նրանց տան պատերը։

Որոտանի այս տունը Դանիելյանը գնել է 2007 թ․-ին: «Այդ ժամանակ Վերիշենի պանրի գործարանում էի աշխատում, 700 դոլարով առա էս տունը՝ մտածելով, որ երբ երեխաները դառնան ուսանող, Գորիսում տուն վարձելու փոխարեն կարող են այստեղից գնալ-գալ ավտոբուսով»,- ասում է Մարտինը։

Քաշաթաղից տեղահանված ընտանիքը հիմա բնակվում է Որոտանի այս տանը։

«Կռվի ժամանակ մի օր Ջաբրայիլում տղերքը կանչեցին խրամատ քանդելու,- հիշում է Մարտինը,- ասի՝ տղերք, մենակ օդը պահեք․ տղերքը թումբերում դիրքավորվում են, ես խրամատները քանդում եմ։ Առավոտյան էի քանդում, մթով։ Հենց վերադառնում եմ իմ դիրքը, երեք հատ սմերչի արկ ու երկու ինքնաթիռ քանդածս տեղը ռմբակոծում են, ցրիվ տալիս, ոչ մի բան չի մնում էդտեղ։ Էս տղերքը՝ 60 հոգի մարդ են լինում, մտնում են խրամատների մեջ, ոչ մեկին բան չի պատահում։

Հետո լրագրողները մի օր գալիս են էս տուն, ցույց եմ տալիս տունը, որ փոքր է, ութը շնչանոց տուն չի, էլի։ Նկարում, գցում են ինտերնետ։ Էն տղերքից մեկը, որոնց համար խրամատ էի փորել, տեսնում է, կապվում իրենց հրամանատարին, ասում, որ Մարտինը՝ էն տրակտորիստը, Որոտանում է, տան կարիք ունի։ Բոլորով փող են հավաքում, գալիս մեր կողքի տունը՝ մեր տան չափ, երկու սենյականոց, 3000 դոլար փող տալիս, առնում, իրանց կողմից նվիրատվություն անում։ Ասում են՝ էս էլ մեր կողմից ձեզ։ Էնքան որ տեղավորվել ենք, յոլա ենք գնում»։

Ռուզաննան պատմում է, որ Իշխանաձորի իրենց տանը վարդեր ունեին, տնամերձ այգի ու երկու հեկտար նռան այգի, որտեղ կային նաև կեռասի, արքայանարնջի, սալորի ծառեր։ Ձմեռվա համար բավականացնում էր երեխաներին, այս տարի արդեն սպասում էին առատ բերքի, որը կարող էին վաճառել։ Կյանքը լավ էր։ Մարդիկ արդեն, կարելի է ասել, հարմարվել էին, հունի մեջ էին ընկել։

Իշխանաձորի դպրոցը մեծ էր՝ 140 աշակերտով, շատ էին բազմազավակ ընտանիքները։ Երեխաները գնում էին խմբակներ՝ պարի, կերպարվեստի, ջութակի, ֆուտբոլի։ Խմբակներն անվճար էին։ Մեծ դուստրերը՝ Սաթենիկն ու Սյուզաննան, հաճախում էին պարի ու կերպարվեստի խմբակ։ Ընտանիքի կրտսերը՝ Գայանեն, 3 տարեկան է։ Միջնեկ տղան՝ Սարուխանը, լավ ֆուտբոլ է խաղում։

14 տարեկանում Սաթենիկի մի շարք նկարներ՝ Սարյանի ոճով ոգեշնչված օդապարիկներ, Վահագնի ծնունդը, ծովն աստղազարդ երկնքի ներքո և այլն, ցուցադրվել են Երևանում։

 «Ոչ մի բան էլ չենք ուզում, փառք Աստծո, ձեռքս սաղ, ոտքս սաղ, կաշխատեմ, կապրեմ։ Էդ ա՝ Ռուսաստանից կանչում են․ երկու անգամ զանգել են, ասել եմ՝ ես չեմ ուզում գամ, իրոք: Ամսական 1000 դոլար, 1200 դոլար առաջարկում են,- ասում է Մարտինը,- բայց էսօր որ ես դուրս գամ, ընտանիքս թողնեմ սահմանում, քանի՞ մետր է այստեղից այնտեղ, հասուն աղջիկներ, տղամարդ չկա տանը, թողես ո՞ւր գնաս։ Եղբայրս այստեղ է, բայց ինքն էլ շուտով գնալու է։ Բացի էդ էլ, որդուս չեմ կարող թողնել ծառայության մեջ, ես գնամ Ռուսաստան փող աշխատելու»։

Այժմ Մարտինը գործազուրկ է, դուրս է եկել աշխատանքից, քանի որ պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերին, աշխատավարձը գրեթե երեք անգամ կրճատվել է։ Ազատ ժամանակը կարճում է տան բակում․ մեքենա է քանդում, մշակում է տնամերձ այգին։ Ռուզաննան զբաղվում է երեխաների խնամքով և տան առօրյա հոգսերով․ չնայած Որոտանի տնամերձ այգին անհամեմատ փոքր է, պլանավորում է այստեղ էլ վարդերի պարտեզ ունենալ։

Հիշեցնենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Սյունիքի մարզի ամբողջ արևմտյան հատվածը, այդ թվում՝ Որոտան գյուղը, որտեղ այժմ բնակվում է Դանիելյանների բազմազավակ ընտանիքը, դարձել է սահմանամերձ, դեռևս ճշտվող սահմաններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter