HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վեբ ծրագրավորման դասընթացներ պատերազմի մասնակիցների, Արցախից տեղահանվածների եւ կամավորների համար

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների, նրանց հարազատների, պատերազմական օրերին ակտիվ կամավորական աշխատանք իրականացրած, ինչպես նաեւ Հայաստան տեղափոխված արցախցիների համար Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը նախաձեռնել են 6-ամսյա Full Stack ծրագրավորման անվճար դասընթացներ, որոնց կազմակերպման գաղափարը ծնվել է անցած 2020-ի դեկտեմբերի վերջին, իսկ այս տարվա հունվարին՝ արդեն հստակ ուրվագծվել թիրախային խմբերն ու առաջարկվող ծրագրերը: 

Տարեսկզբին մեկնարկել է պիլոտային ծրագիրը: Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի փոխանցմամբ՝ եղել է բարձր դիմելիություն, ստացել են 100-ից ավելի հայտեր, սակայն ընտրել են 14 դիմորդի: Մեկնարկային ծրագիրն իրականացվել է միայն Շիրակի մարզի դիմորդների համար, իսկ երկրորդ փուլում ընդգրկված են մասնակիցներ նաեւ հարեւան Լոռու մարզից: Ծրագրի գաղափարի և նախաձեռնության հեղինակը Վլադիմիր Մխիթարյանն է: Վերջինս Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի շրջանավարտ է եւ ներկայում որպես ծրագրավորող՝ աշխատում է PicsArt ընկերությունում։

«Ոլորտն այնպիսին է, որ իրականում կապ չունի, թե դու ֆիզիկապես որտեղ ես, դա ապացուցեց նաեւ համաճարակը, երբ մարդիկ սկսեցին տանից սովորել ու աշխատել,- նկատում է Բելլա Հարությունյանը,- մենք դասերն անելու ենք հիբրիդային տարբերակով, քանի որ կլինեն տեղաշարժման սահմանափակումներ ունեցող դիմորդներ. նրանց համար ընդամենը տեխնիկական հարցերն են լուծվում եւ վերջ: Դասընթացի ավարտին մասնակիցը կկարողանա վեբ-կայքեր ստեղծել եւ ծրագրավորման մի քանի լեզուների տիրապետել: Այս մասնագիտության պահանջարկը մեծ է: Աշխատանքը կարելի է իրականացնել այն տեղից, որտեղ գտնվում ես՝ առանց մեծ տեղաշարժերի, բացի դրանից, լավ մասնագետները բարձր վարձատրություն են ստանում, որը եւս մոտիվացնող է»:

Պատերազմի մասնակից տղաներից շատերը բանակ են զորակոչվել դպրոցական ուսումն ավարտելուց անմիջապես հետո: Նրանց համար մասնագիտության ընտրության նման հնարավորությունն այս պահին լավագույն տարբերակն է: Ծրագրի ղեկավարի փոխանցմամբ՝ ունեն նաեւ դիմորդներ, որոնք գնում են նախորդ մասնագիտությունը փոխելու ճանապարհով: Օրինակ՝ 25-ամյա Հարություն Մատինյանը, որ մինչեւ պատերազմը խոհրարար էր, դիմել եւ ընտրվել է պիլոտային ծրագրում: Հարությունը կամավորագրվել եւ մեկնել էր արցախյան պատերազմ, մասնակցել ռազմական գործողությունների, ստացել վիրավորում: Ձեռքի շարժունակության որոշակի կորուստը ստիպել է տղային մտածել մասնագիտական ոլորտի փոփոխության մասին: 

Գյումրեցի 20-ամյա Աշոտ Վարդանյանն արդեն իսկ ընտրվել է՝ որպես երկրորդ ծրագրի մասնակից: Ասում է, որ ոլորտով հետաքրքրված է եղել դեռ դպրոցական տարիներից: Մինչեւ բանակ զորակոչվելը հասցրել է ընդունվել Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի կիրառական մաթեմատիկայի բաժին: Աշոտը ծառայել է Վայքում, սակայն հոկտեմբերի 27-ին տեղափոխել են Որոտան (Կուբաթլու): Նա Արցախում է մնացել մինչեւ դեկտեմբերի 16-ը:

«Դասընթացների մասին իմացա ծանոթներիցս, որոշեցի բուհական ուսմանս հետ համատեղել,- ասում է Աշոտ Վարդանյանը,- կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է գիտելիքների համակողմանի զարգացման համար: Հիմա պոլիտեխնիկի առաջին կուրսում եմ, վեց ամիս էս դասընթացներն են, էլի տեղ կա, որ գնում եմ սովորելու, մտածում եմ, որ էսօր մենք հաղթելու ուրիշ ճանապարհ չունենք, քան գիտությունը զարգացնելն է»:

Սարգսյան Արմանը Ազատան գյուղից է: 19-ամյա երիտասարդը բանակ է զորակոչվել դպրոցը չավարտած: Ընտանիքը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, երբ վերադարձել են հայրենիք, տղան ստիպված է եղել երկու դասարան ցածր նստել: Ասում է, որ ցանկությունը ծառայելու ընկերների հետ, ստիպել է կիսատ թողնել 11-րդ դասարանը, դիմում գրել եւ կամավոր զորակոչվել: Պատերազմի ժամանակ 9 ամսվա ծառայող էր, վիրավորվել է հոկտեմբերի 6-ին Հադրութում:

«Մասնագիտություն ձեռք բերելու լավ հնարավորություն է: Ես գյուղում եմ ապրում, ու ինչո՞վ պիտի զբավեի, երեւի ամենաշատը գյուղատնտեսությամբ: Չնայած գյուղական աշխատանքների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կկարողանայի՞ հաղթահարել, թե՞ չէ, էդ էլ հարց է: Հիմա ծրագրավորողի մասնագիտությունը հնարավորություն կտա այլ ձեւով ապրուստս վաստակել,-նշում է Արմանը,- դե տեսնենք, վեց ամիսն անցնի, պարզ կդառնա»:

Երկրորդ ծրագրին երկու մարզերից դիմել է 100 հոգի, նրանցից ընտրվել է 48-ը՝ 24-ական մասնակից Վանաձորում եւ Գյումրիում: Դասընթացները վարելու են մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, մարդիկ, որոնք իրենք էլ սկսել են զրոյից եւ կարող են օրինակ հանդիսանալ: Տարիքային մեծ սահմանափակում չեն դրել՝ կարող են դիմել 18-ից մինչեւ 40 տարեկան անձինք: Շատ ավելի խիստ են մոտեցել նախնական հարցազրույցների ժամանակ թեստավորում անցկացնելիս:

«Չենք ուզել տպավորություն ստեղծվի, որ մոդայիկ մասնագիտություն է, իրենք էլ դրա համար են ընտրել: Ուզել ենք հասկանալ յուրաքանչյուր դիմորդի մոտիվացիան, ձգտումները, հետագա պլանները, որտեղ են իրենց տեսնում, ուր են ուզում հասնել,- շեշտում է ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը,- մենք վեց ամսում մասնագետ չենք պատրաստելու, մենք սովորեցնելու ենք առաջին մակարդակը, իսկ իրենք պետք է փորձեն զարգանալ, սա ոլորտ է, որտեղ անընդհատ պիտի սովորես: Ես իրենց խորհուրդ եմ տվել երազել, ընտրել այն ֆիրման, որտեղ կցանկանան աշխատել, անգամ ամենաանհավատալին ու ամենաանհասանելին: Երազելը հնարավորություն կտա կիսատ չթողնել սկսածը»:

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի երկրորդ ծրագիրը ֆինանասավորում են ամերիկահայ ճարտարագետների եւ գիտնականների միության հյուսիսարեւելյան հատվածի անդամները:

Մեկնաբանություններ (1)

Серго
Могу ли я как то поучаствовать в роли ментора в этой инициативе ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter