HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես ամենաթանկն եմ թողել էնտեղ՝ ամուսնուս ու աղջկաս գերեզմանները»,- ասում է Քարվաճառից տեղահանված կինը

Լոռեցի Երանուհի Կարակալպակյանը Քարվաճառը հանձնելու մասին լուրերին չէր հավատում։ Մեծ ու սառը հյուրասենյակը լցվում է նրա խորը հոգոցներով։ Հետո մեղմ ժպիտ է հայտնվում դեմքին, երբ խոսում է Նոր Վերինշենի տնից, այգուց։ «Պատկերացրու՝ իմ այգու պոպոկն էլ հասցրեցի հավաքեմ»,- ասում է Երանուհին։ Մինչեւ Քարվաճառը հանձնելը իր տանն է եղել, ու մինչեւ վերջին րոպեն հույս ուներ, որ գյուղը չեն հանձնելու. հատկապես, ասում է, գյուղին մի մազաչափ վնաս չէր եկել պատերազմից, ինչու՞ պիտի հանձնեին։ Հետո հայացքը մթնում է։ Տան, գույքի համար չի ափսոսում։ «Ես ամենաթանկն եմ թողել էնտեղ՝ ամուսնուս ու աղջկաս գերեզմանները։ Իմ գերեզմաններն եմ կարոտում, ուրիշ բան աչքիս չի գալիս»,- ասում է Երանուհին։ Գյուղից դուրս գալուց առաջ ամուսնու եւ դստեր գերեզմաններից հող է վերցրել՝ տանելով Օձունի ընտանեկան գերեզման։

Մինչեւ 2001 թ․ Վանաձորում վարձով տնից տուն էին գնում, ասում է՝ ինչքա՞ն կարելի էր քուչա-քուչա ընկնել։ Այդ ժամանակ էլ լսել էին Քարվաճառում վերաբնակեցման ծրագրի մասին, եւ ամուսնուն համոզել էր ընտանիքով տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել այնտեղ։ Երանուհին Վանաձորում կարի արտադրամասում էր աշխատում, ամուսինն էլ զինվորական էր։ Ասում է՝ ամեն ինչ մի կողմ էին թողել ու 5 երեխաների հետ տեղափոխվել Քարվաճառի (Շահումյանի շրջանի) Նոր Վերինշեն գյուղ։ Կյանքը զրոյից էին սկսել։ Նոր Վերինշենը, ասում է, այնքան հարազատ դարձավ, որ թվում է, թե այնտեղ մեծացել եւ երկար ապրել էին։ «Ամեն ինչ ունեինք։ Անասուն էինք պահում, հող էինք մշակում»,- նշում է տեղահանված ընտանիքի մայրը։

Ու ամենածանրը մեկ օրում այդ ամեն ինչը թողնելն ու անորոշ ապագային ընդառաջ շարժվելն էր։ Ինչքան էլ մեծ բեռնատար էին վարձել, միեւնույնն է՝ տան գույքի մի մասը հազիվ էին հասցրել տեղափոխել։ Արտերկրում բնակվող ընկերուհուց 100 հազար դրամ էր խնդրել, որպեսզի կարողանան իրերը Հայաստան բերել։ «Մարդիկ օգտվեցին առիթից՝ բեռնատարները 100-150 հազար դրամ էին ուզում, որ մեր վեշերը տեղափոխեին»,- հիշում է զրուցակիցս։

Հիմա Երանուհին որդու՝ Նժդեհի ընտանիքի հետ ապրում է Արարատի մարզի Վեդի քաղաքում։ Որդին զինվորական է, ծառայում է Հայաստանի զորամասերից մեկում։ Մեր այցելության օրը նա մարտական դիրքերում էր։

Ընտանիքն ամսական 50 հազար դրամ վարձ է տալիս միահարկ սեփական տան համար։ Այստեղ գույքի մեծ մասը տանտիրոջինն է։ Վերջինս այգին համատեղ օգտագործման է հանձնել՝ ասելով, որ բերքը կկիսեն հավասար։ Մինչդեռ նախքան պատերազմը Վեդիում վարձով տուն կարելի էր գտնել նույնիսկ 15 հազար դրամով։ Նժդեհի կինը՝ Արաքսին, ասում է, որ պատերազմից հետո Արցախից տեղահանված ընտանիքները շատացան, վարձերն էլ բարձրացրեցին։

Հյուրասենյակը շուտով լցվում է 2-ամյա Ալբերտի աշխույժ վազքով ու ձայներով։ Հարեւան սենյակում մանկասայլակի մեջ քնած է նրա 1 տարեկան քույրը՝ Երանիկը՝ Երանուհին։ Մայիսին էլ ծնվելու է Նարեն։

31-ամյա Նժդեհն ու 20-ամյա Արաքսին ծանոթացել են 2017 թ. Դադիվանքում՝ Զատկի տոնին։ Արաքսիի ընտանիքը բնակվում էր Դադիվանքի մոտ՝ նույնանուն գյուղում։ «Դադիվանքի տակի երկրորդ տունը մերն էր»,- նկատում է Արաքսին։ Դեռ մի կիսամյակ ուներ դպրոցն ավարտելուն, երբ ամուսնացավ։ Նոր Վերինշենում բնակվելիս եւս Նժդեհը զինծառայող էր, մարտական հերթապահություն էր իրականացնում Օմարում: Երանուհին ասում է, որ երբ որդին դիրքերում էր լինում, ինքն էր հարսին դպրոց տանում։ Արաքսին ժպտում է։

2020 թ. պատերազմից ամիսներ առաջ ծառայության բերումով Նժդեհն ընտանիքով տեղափոխվել էր Վեդի, բայց կինն ու երեխաները պարբերաբար գնում էին Նոր Վերինշեն՝ Երանուհու մոտ: Սեպտեմբերի 26-ին Նժդեհը կնոջն ու երկու երեխաներին սովորականի պես Նոր Վերինշենից բերել էր Վեդի՝ չիմանալով, որ հաջորդ օրը պատերազմ է սկսվելու: Ամսի 27-ի առավոտյան զորամասում տագնապ էին տվել՝ հայտնելով պատերազմի մասին։ Նժդեհը եւս մասնակցել է մարտական գործողություններին:  

Հոկտեմբերի 13-ին Ջրականում (Ջաբրայիլ) բեկորային վիրավորում է ստացել, ինչից հետո տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ։ Ընտանիքն այդ մասին իմացել է օրեր անց։ «Ասավ՝ Արաքս, գա՞մ ծննդիդ։ Ասի՝ ո՞նց կարաս գաս, պատերազմ ա: Ասեց՝ կարամ հարցնեմ, գամ։ Չեմ իմացել, որ հիվանդանոցում էր: Բժշկի հետ խոսել էր: Ամսի 17-ին հորեղբոր տղան գնաց-բերեց։ Ասեց՝ տանը կասես արձակուրդ եմ գալու, որ հանկարծ չիմանան, որ վիրավորվել եմ»,- վերհիշում է Արաքսին։

Տանը սերժանտ Նժդեհ Ավետյանը չի խոսում պատերազմի օրերի մասին։ «Ասում է՝ ես տեսել եմ, դուք չտեսնեք»,- նկատում է Երանուհու քույրը՝ Արմենուհին, որը Լոռուց հյուր էր գնացել քրոջ ընտանիքին։ Արաքսին ասում է, որ ամուսինն ընկերներ է կորցրել պատերազմում։ Ու մենք այլեւս չենք խոսում այդ օրերի մասին։

Փոքրիկ Ալբերտը հարեւանուհու աղջկա հետ բակում խաղում է։ Բահիկի մեջ հող է լցնում ու տանում շան ցանցավանդակի մոտ։ Շունը դիրքերից Նժդեհն է բերել, երբ տեսել է կենդանու խեղճ վիճակը։ Բայց որոշել է հաջորդ անգամ դիրքեր բարձրանալիս շանը տանել իր հետ։

Ընտանիքի հետ կարիքներից շատ չենք խոսում։ Հիմա տան միակ աշխատողը Նժդեհն է։ Ստացած գումարը մեծամասամբ վարձի եւ կոմունալ վճարներին են տալիս։ Զինվորականի ընտանիքը երազում է մշտական տուն ունենալու մասին։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter