HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային ճնշումը պետք է ավելի ուժեղ, շոշափելի ու կիրառական լինի․ Արցախի ՄԻՊ

«Հետքը» զրուցել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։

Պրն Ստեփանյան, քանի՞ քաղաքացիական և ռազմագերի կա այս պահի դրությամբ։

Առնվազն 15 քաղաքացիական անձանց նույնականացում է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելությաան ընթացքում՝ հիմնականում բաց աղբյուրներից հավաքագրված տեսանյութերի միջոցով։ Սակայն պետք է նշեմ, որ կան նաև քաղաքացիական անձինք, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից չեն հասցրել տարհանվել։ Այդ անձանց թիվը հասնում է մոտ 18-ի։ Նրանց վերաբերյալ չենք կարող պնդել, որ գերեվարված են, քանի որ ժամանակ առ ժամանակ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվում են քաղաքացիական զոհերի դիակներ, որոնք ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվում ու արդեն ընդգրկվում են քաղաքացիական զոհերի ցուցակում։ Դրանք հիմնականում Հադրութի եւ Ասկերանի շրջանի գյուղերի բնակիչներն են։

Մեր փաստահավաք աշխատանքների ընթացքում տեսանյութերի միջոցով զինվորական գերիների 126 դեպք ենք նույնականացրել։ Մինչ օրս ադրբեջանական կողմը չի հաստատել այդ մարդկանց գերեվարված լինելու հանգամանքը, հաստատվել է ընդամնենը 72 մարդու գերեվարված լինելու հանգամանք։ Ընդ որում՝ այդ 72 հոգանոց ցուցակում ներկայացված են ինչպես քաղաքացիականներ, այնպես էլ զինվորականներ։ 

Ինչպե՞ս եք տեղեկանում մարդկանց գերեվարված լինելու կամ անհետ կորած համարվելու մասին։

Մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ եթե կան տեսանյութեր, որոնցում երևում է զինվորական կամ քաղաքացիական անձը, մենք համարում ենք նրան գերի, այսինքն՝ մեր ցուցակներում նա ընդգրկվում է որպես գերեվարվածմ անձ, նաև այն մարդկանց ենք ընդգրկում այդ ցուցակներում, ովքեր վերադարձած գերիների վկայությամբ գտնվում են գերության մեջ։ Այն բոլոր դեպքերը, երբ հարազատներն են այս կամ այն խոսակցություններից կամ զինծառայակիցների հետ ունեցած հանդիպումների արդյունքում որևէ ինֆորմացիա ունենում, որ հնարավոր է՝ հարազատները գերեվարված լինեն, մենք ընդգրկում ենք այսպես կոչված անհայտ կորած կամ հավանական գերեվարված անձանց ցուցակում։ 

Ըստ Ձեր տեղեկության՝ քանի՞ մարդ է համարվում անհետ կորած։

Ցուցակների ամենավերջին թարմացմամբ՝ մոտ 400 մարդու մասին է խոսքը, բայց սա միայն մեր իրականացրած աշխատանքներին է վերաբերում։ Այդ տվյալները թող չհամարվեն վերջնական, որովհետև սա այն է, ինչ մենք ենք իրականացրել, հնարավոր է՝ այլ մարմինների իրականացրած աշխատանքներում ավելի մեծ կամ ավելի փոքր թիվ լինի։

Ի՞նչ են պատմում անհետ կորածների կամ գերեվարվածների հարազատները, ըստ նրանց՝ ի՞նչ պայմաններում են անհետացել վերջիններս։

Հարազատների պատմածները բավականին հակասական են լինում, օրինակ՝ հարազատը մեկից լսում է, որ վերջին անգամ տվյալ անձին տեսել է վիրավորված, բայց չեն կարողացել օգնություն ցուցաբերել, մի ուրիշից լսում է, թե ինքը հաստատ տեսել է, որ ադրբեջանցիները տարել են իրենց հարազատին, հակասություններ կան ներկայացված տվյալների մեջ, սակայն, որպես այդպիսին, քանի որ տվյալ անձի վերաբերյալ մինչ այսօր ո'չ ԴՆԹ հետազոտությամբ կան տվյալներ, ո'չ որոնողական աշխատանքների արդյունքում են հաստատվել տվյալներ, մենք ուղղակիորեն պարտավոր ենք այդ անձին համարել անհետ կորած կամ հավանական գերեվարված։

Ո՞րն է եղել ՄԻՊ-ի վերջին զեկույցը, որը ներկայացրել եք միջազգային կազմակերպություններին, որոնց հետ աշխատում եք։

Գերիների վերաբերյալ զեկույց չենք պատրաստում, զեկույցներ պատրաստել ենք քաղաքացիական զոհերի վերաբերյալ, վիրավորումների վերաբերյալ, հիմա պատրաստման փուլում է մեր 3-րդ միջանկյալ զեկույցը, որն, այսպես ասած, պետք է ամփոփի այն ինֆորմացիան, որը մենք հավաքել ենք պատերազմի ամբողջ ընթացքում։ Գերիների վերաբերյալ պատրաստում ենք ցուցակներ, որոնք տրամադրում ենք թե' Արցախի լիազոր մարմիններին, թե' ռուս խաղաղապահ ուժերին։

Ի՞նչ արձագանքներ են լինում Ձեր զեկույցներին։

Հիմնականում, չճանաչվածությամբ պայմանավորված, պետք է նշեմ, որ Արցախի Մարդու  իրավունքների պաշտպանի հնարավորությունները խիստ սահմանափակ են, բայց պարզ է, որ մենք չենք բավարարվում դրանով և օգտագործում ենք ինչպես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ մեր համագործակցությունը, այնպես էլ սփյուռքյան կառույցների, մեզ այդ հարցում աջակցում են Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիան, որն, այսպես ասած, խողովակ է՝ տարբեր մարմիններին ուղարկելու մեր զեկույցները։ Զեկույցների վերաբերյալ հիմնականում տեսանելի, շոշափելի արձագանք, ցավալիորեն, չենք տեսնում միջազգային հանրության կողմից։ Սա չպետք է մեզ վհատեցնի, մենք պիտի շարունակենք մեր աշխատանքը՝ ներկայացնելու այն, ինչ կատարվել է Արցախում։

Հիմնականում ո՞ր կառույցների հետ եք համագործակցում։

Համագործակցում ենք Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հետ, համագործակցություն ունեինք նաև Արցախում ՊԲ-ի գերիների վերաբերյալ հարցերով պատասխանատուների հետ։ Համագործակցություն կար նաև Հայաստանի Հանրապետության մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նույնպես պատերազմի ընթացքում և դրանից հետո զբաղվում էին գերիների վերաբերյալ եվրոպական տարբեր ատյաններ, հիմնականում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ ներկայացնելու հարցերով։

Ի՞նչ կասեք ԵԽԽՎ-ում գերիների վերաբերյալ հարցի քննարկման առնչությամբ։ Ի՞նչ արդյունք կարող է այն ունենալ։ 

Նախ՝ կուզենայի նշել, որ ֆորմատը, որի շրջանակներում նման կարևոր հարց է քննարկվում, ընդհանրապես չի համապատասխանում, որովհետև որքանով ես տեղեկացված եմ՝ այդ քննարկումներին չի հետևելու որևէ փաստաթուղթ, որը Ադրբեջանին կստիպի, կպարտադրի հավատարիմ մնալ միջազգայնորեն ստանձնած իր պարտավորություններին և անմիջական կամ որևէ պայմանի՝ վերադարձնելու հայ գերիներին։ Այն, որ նման քննարկում եվրոպական կարևորագույն կառույցի մակարդակով արդեն իսկ սկսվել է, իրականանում է, սա արդեն ողջունելի է, սակայն պետք է նշեմ, որ հստակ որևէ ակնկալիք քննարկումների վերաբերյալ չունեմ։ Հարցը բարձրաձայնվելու է, տարբեր մտքեր են փոխանակվելու, բայց կարծում եմ, որ այդ հարցի կարգավորման համար միջազգային ավելի ուժեղ ճնշում է անհրաժեշտ։ Դրանք կարող են լինել քաղաքական, տնտեսական բնույթի սանկցիաներ։ Ունենք հստակ փաստ, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային մարդասիրական իրավունքով իր ստանձնած պարտավորությունները՝ գերիներին անհապաղ վերադարձնելու պարտավորությունը։ Ոչ միայն չի կատարում, այլև քաղաքական շահարկման է տանում այդ հարցը՝ գերիներին ներկայացնելով որպես ահաբեկիչներ, այն դեպքում, երբ միջազգային մարդասիրական իրավունքով այդ մարդիկ որևէ կերպ չեն կարող համարվել ահաբեկիչներ։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը շարունակվող հակամարտություն է, և շարունակվող հակամարտության պարագայում որևէ նշանակություն չունի՝ մարդը գերեվարվել է էսկալացիայի փուլում, թե՞ զինադադարի կնքումից հետո։ Նա օժտված է այն իրավունքներով, որով օժտված պետք է լինեն ռազմագերիները կամ քաղաքացիական գերեվարված անձինք։ Իմ կարծիքով, միջազգային ճնշումը պետք է ավելի ուժեղ, շոշափելի ու կիրառական լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter