
Հայաստանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներին:
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը:
Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:
Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ:
Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասված է խոսնակի արձագանքում:
Մեկնաբանել