HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Վերադարձ

Բոլորը կարծում են ժամանակը գալիս է, մինչդեռ ժամանակը գնում է...  Ես գնում էի ժամանակին հակառակ: Քառասունյոթ տարի առաջ էր, ուսուցիչ էի Ալավերդու թիվ 2 դպրոցում: Աշակերտներին տարել էի Սանահինի վանք: Ձմեռ էր: Փաթիլ-փաթիլ ձյուն էր գալիս: Աշխարհը սպիտակ հեքիաթ էր: Ձնագնդի էինք խաղում ուրախ և անվրդով: Ձյունը, խինդն ու ծիծաղը խառնվել էին իրար:

-Ո՞վ է ձեր վարժապետը,-  տատիկ էր:

Աշակերտներն ինձ ցույց տվեցին: Ասաց.

-Տղա ջան, լավ չեք անում...

-Ի՞նչ է եղել, տատի,- զարմացա:

-Ձնագնդերը ,- ասաց,- դիպչում են խաչքարերին, վանքի պատերին, տապաններին... Էս վանքը սրբի դուռ ա, սուրբ նշխարներ են, հարյուր, հազար տարվա ննջեցյալի քուն եք խանգարում, որդի...

-Փափուկ ձյուն է, տատի...

Բանի տեղ չդրինք: Խաղն ու ծիծաղը շարունակվում էր, իսկ ձյունը հանդարտ նազանքով վարագուրում էր մեր զվարճանքը: Մատներիս ծակոցներ զգացի: Ձյան հետ անընդմեջ հպումից պաղել էին: Բերանիս տաք գոլորշով փորձում էի ջերմություն հաղորդել սառչող ձեռքերիս: Իզուր: Մատներս ոնց որ սառցե լուլաներ լինեին: Ծակծկոցը սրվում էր՝ բազմանում: Օրը սպիտակ էր ու զվարթ: Ցավը սաստկանում էր: Հայացքս շաղվեց: Ձյան փաթիլներն այլևս մութ կաթիլներ էին, որ տարրալուծվելով՝ վարագուրում էին առջևս: Ականջներիս մեջ մեղմիկ մեղեդի էր. դուդուկի բազմաձայն նվագի էր նման. նվագը ծորացող մեղրի նման հոսում, դարսդարսվում էր ունկերումս: Երաժշտությունը դյութում էր: Հմայված խորանում էի տարօրինակ միջանցքով: Ձայնի ակունքը հեռվում էր: Նվագի հանգույն լույս էր բացվում: Գնում էի լույսերի միջով, սահուն ընթացքով, քնքուշ կանչերով, վարդագույն, դյութիչ երազներով... Սուրում էի պայծառ փողոցներով՝ թեթև ու անմարմին: Իմ փողոցում տոն էր. քիչ, մի քիչ էլ և կհայտնվեի բոսոր արեգակով ու կապույտ լազուրով ողողված եթերային օվկիանում: Անդորր էր, առինքնող խաղաղություն: Հոգիս տենչում էր հավիտենության: Բոլոր ճանապարհներն այնտեղ էին տանում, նաև իմ ճանապարհը, եթե դեմս չփակեր այն ծերունին: Ձյունի պես սպիտակ էր, օդի պես թափանցիկ, կրծքին կոհակվող երկճյուղ մորուքով: Ասաց,

-Քո ժամանակը չի եկել...

Ասացի.

-Ես եմ եկել:

Ասաց.

-Այստեղ գալիս են բոլոր տառապյալները՝  հոգնածներն ու բեռնավորվածները... Գնա՛, գնա և տառապիր...

-Լյովա՛, Լյովա՛...,- կուսական հիստերիկ ձայն էր: Անդուր էր, սիրտ սղոցող... Ոնց որ մեկը քաղցր ու անուշ նիրհից քեզ բռնի դուրս հաներ... Գայթակղիչ օվկիանոսից չէի ուզում կտրվել:

-Լյովա՛, Լյովա՛...,- ձայնը համառում էր:

Ես էն քաղցր մեղեդու ետևից էի ուզում գնալ, բայց ձայնը մարում էր... Կտրուկ, ծանրություն զգացի: Այլևս անկարող էի հաղթահարել երկրային ձգողականությունը: Մարմինս արճիճի պարկ էր:

-Լյովա՛, Լյովա՛...,- զզվելի էր անգամ անունս:

...Ջոկատավարուհին էր, էքսկուրսիաններիս անփոխարինելի մասնակիցը: Ամենևին, չէի հասկանում ինչու՞ է ահաբեկված: Փոքրիկ ձեռքերը ապտակում էին այտերս ու ողջ ուժով ինձ ցնցում: Տհաճ էր, անտանելի. սառը քրտինքը պատանքել էր մարմինս: Վերադարձս անցնում էր անդուր ջրերով: Լույսը մարմրելով բացվում էր: Լույսը դրսում էր: Աշխարհը դեռ չտեսած՝ հայտնվել էի տառապանքի մեջ: Ես պառկած էի հին տապանաքարի կողքին: Վրան գրված էր՝ Ափ այն: Այն ափից էի գալիս: Դա քառասունյոթ տարի առաջ էր... Շատ բան չի փոխվել: Հիմա կանգնած եմ այս ափին: Էլի ձմեռ է, մի բան էլ ավելի. օդը հագեցած է կորոնավիրուսով: Տուրիստ չկա, Վերնիսաժը ամայի է:

-Սա կյանք չէ,- ասում է Աբոն:

Ցրտից դողէրոցքով կրճտում են ատամներս:

-Սա՛ա՛ կկյանք չի՛,- ասում եմ  կափկափելով:

-Կյանք չէ՛,- արձագանքում են...

Տառապում ենք. տառապում ենք բոլորս...

Բայց և այնպես, կյանքիս մեծագույն տառապանքն ամենևին էլ անարդյունք առևտուրը չէ, այլ մի այլ բան՝ գրելը... Այն որքան տառապալից է՝ նույնքան էլ հաճելի: Լավագույն ժամերս անց եմ կացրել հենց այդ տառապանքի մեջ: Հիմա հեշտանքի մեջ եմ, գրում եմ. բառ առ բառ քաղում եմ արբունքիս պտուղը.... Սակայն գրելով տուն չես պահի.  ապրուստը առևտրից է գալիս:

Մենք ապրում ենք Գիքորի կյանքով:

-Օրեր են բալա ջան, կգան ու կանցնեն,- հե՜յ գիդի Համբո...

Սրանից վատ օրեր էլ ենք ապրել: Իննսունականների մեր կերածն ի՞նչ էր, մի կտոր չոր հաց, էն էլ հրենհա՜, տալոնով որոշված... Բերում էինք չորս մասի բաժանում՝ ընտանիքիս չորս անդամներիի վրա ու մի ակնթարթում կուլ տալիս՝ փշուրներն էլ հետը, իսկ ճաշին՝ վերմիշել. ա՛խ, վերմիշե՜լ, վերմիշե՜լ... Նախկինում էլ լա՞վ չէր... Էն ժամանակ էլ Հայրենական պատերազմ էր: Սնունդը որոշված էր պորցիով: Մեր թաղի Սուրամը գնում էր գյուղսովետի առաջ, ձեռը պարզում ու թե՝ իմ պուցին տվե՛ք, մեր Քալնի պուցին տվե՛ք, Գուրգենի պուցին տվե՛ք... Տասնամյակներ գլորվեցին, էլի մնացինք «պուցինի» հյուսին. մեկը չմնաց, որ մեր փայ «պուցին» տա...

Օրը բացվում էր պղտոր ու անվստահ...Արեգակի մեջ գոլ չկար, հոգեպահուստի հաց չկար... Եվ քաղց, և մութ, և ցուրտ... Ապրում էինք վաղվա օրվա հյուսով, վաղն էլ գալիս էր ու կրկին թաղում մեր հյուսերը... Եվ նորից բացվում էր օրը՝ պղտոր ու անվստահ՝ և ցուրտ, և մութ, և քաղց... Մեծերը, որ մեզնից Մեծ էին, անապահով և սոված, ապրում էին նույնքան հին՝ բորբոսնած հացով ու չէին տրտնջում: Աստղ կար, որ Երկրից էր ծագում և շինծու աստղաբույլեր, որ  խամրում էին այդ աստղի առջև: Առանց աստղադիտակի էլ Նա տեսանելի էր Բյուրականից. «Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ՀՀ Ազգային ակադեմիայի նախագահ, աշխարհի գրեթե բոլոր ազգային անկադեմիաների իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը ցուրտ ու մութ սենյակում ապրում էր հոսանքազուրկ, վառարանի առջև կծկված: Ստանում էր ամսական 50 դոլար: Նա միշտ երկնքին էր նայում, բայց չէր բողոքում Երկրից»:

Իսկ որտե՞ղ էր նայում պետությունը.

«Պետությունը մի հսկայամարմին, սարսափելի ու ծանրամարմին էակ է... հրաշափառ զորության ու անճարակության մի կատարյալ միախառնուրդ՝ Կիկլոպ, ուժի և իրավունքի դիվային մի երեխա, շուրջառված իրենց հակասականություններում: Նա ապրում է միայն ի հաշիվ փոքր մարդկանց բազմության, որոնք նրանով լվանում են իրենց ձախավեր ձեռքերն ու անգործունակ ոտքերը և նրա ապակեկուռ, մեծղի ու անհագուրդ աչքը լոկ մանրադրամ ու միլիարդներ է տեսնում:

Պետությունը՝ բոլորի բարեկամը և յուրաքանչյուրի թշնամին...»:

Ասում է Պոլ Վալերին... Մենք չենք ասում, պարզապես ապրում ենք...

Թափառական ամպեր են լողում երկնքում, ասես սև, սպիտակ, մոխրագույն բրդերով ոչխարներ... Օրը մռայլ էր: Լույսն էին արածում: «Հոտը» մակաղել էր: Քամի բռնկվեց: Հանկարծահաս հոսանքը «բուրդը» քամով էր տալիս: Մանիր, մանիր իմ ճախարակ... Երկնքում մալանչ-մալանչ ամպիկներ էին մանվում: Թխպոտ ծվենների ետևից արեգական նարինջն էր ելնում: Երկնքից տեղ-տեղ ոսկի տեղար: Ոսկին՝ հողին, քարին, ջրին, ծառ ու թփին ու ոչ մի շող մեր բաժին կյանքին: Կանգնել էինք Վերնիսաժում՝ անգործ, խեղճ ու անտեր. պարապությունից ուրիշի փողերն էինք հաշվում: Բարձրյալից քյար չկար. չոքեչոք մտնում էինք Աստծո տաճար, գութ հայցում, մեկ էլ հայտնաբերում՝ բարավորից զատ մեկ այլ ճանապարհ... Եվ ոչ սովորական մահկանացուին հասու: Աղոթում էինք, մեր աղաչանքն ու պաղատանքն առաքում երկինք ու մեկ էլ տեսնում, որ այն, ինչ կարելի էր հղել վեր, կարող էր և վերից գալ... Թերևս դրա համար պիտի օլիգարխ լինեիր. և հարսդ ու փեսադ երկնքից կգային, թեկուզ և ուղղաթիռով...  Եվ պես-պես կոնֆետ կտեղար նրանց հարսնահանդեսին, սալիկներ՝ շոկոլադե ու փաթիլներ՝ քաղցրանուշ և դոլարներ կանաչ, դոլարներ զմրուխտ ... Ու հրավառություն անլռելի՝ որոտ, բոց ու շանթ, աստղաբույլ, ծաղկաբույլ՝ աշխարհի բոլոր գույներով զարդարուն... Այնտեղ՝ որտեղ սերը, հույսն ու հավատը պիտի լինեին՝ ընդամենը դյուրավառ նյութեր էին, դրախտային հեշտանքի թվացյալ պատրանքներ... Գինին, կոնյակն ու օղին  հոսում էին գետերով, խորտիկներն, կերակրեղենն ու համադեղենը սավառնում էին արծաթյա սկուտեղներով... Ուրախության առվակներ էին կարկաչում... Մինչև ապոգեյը՝ մինչև Իսկանդեր հրթիռի պատկերով ու նմանությամբ, նրա իսկ բոյ ու բուսաթին «Իսկանդեր» տորթը: Այն միտված էր դեպի մեծ պայթյուն, դեպի ուրախության կիզակետ. տոնը պիտի կատարյալ լիներ հրավիրյալների ստամոքսում...

Օլիգարխիան ուտում, խմում, քեֆ էր անում՝ խինդով պայթեցնում սրտերն ու հոգիներն՝ փուշ անգամ չթողնելով թշնամուն: Մինչդեռ, ունենք Արցախ, որ հիմա չունենք, և Հայաստան կորուսյալ աշխարհ, որ շագրենու կաշվի նման օր օրի կծկվում է...

Հարսնաքարում քեֆ էր՝ ուրախություն: Մեր բոլոր ռումբերը պայթում են ստամոքսում...

Իսկ գլխու՞մ... Գլխում նինջ է, քուն և երազ... Կամարակապ ծիածանների միջով էի գնում: Ասում են, ծիածանի տակով անցնելիս սեռը փոխվում է: Ես իմ կյանքն էի ուզում փոխել. Հեռվում, լուսաշող թունելի վերջում, էլի լույս էր, ծով՝ կապույտ, խաղաղ, անվրդով: Ծփում էր ու վետվետում: Կոհակների կատարներն ասես, լողացող, ճերմակ աղավնիներ լինեին: Թվում էր` մի աղավնի էլ ես եմ. ուզում էի թռչել՝ հեռու՜, հեռու՜ սահմանից անդին, անվերադարձ... Թևերս ասես կապված լինեին: Ճանապարհներ կան, որ միայն երազով կարելի է անցնել: Խորքից ձայն էր գալիս. ծերունական էր, որ շատ նման էր իմ ձայնին.

-Երազ էի՝ դարձա երազ..․

Մեկնաբանություններ (2)

Խաչատուր
Որքան անկեղծ ու տպավորիչ եք գրել, ասես ինքս գրած լինեմ։ Առանց սեթևեթանքի, առանց բարձրակոչ դատարկաբանությունների։ Կեցցե՛ք! Շարունակեք գրել, խնդրում եմ։
սեյրան
Լևոն ջան, քանի դեռ լավ է ստացվում, շարունակիր նույն դուխով․ կանգ չառնես․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter