HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում Սյունիքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը)։ Այս մասին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանին զեկուցեցին Քննչական կոմիտեի և Դատախազության ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից Սյունիքի մարզում է։ Երեկ նա այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել։ Չնայած սյունեցիների դժգոհություններին՝ Փաշինյանն այսօր եղել է նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում, որտեղ ևս նրան բողոքի ակցիաներով են դիմավորել, վիրավորական արտահայտություններ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել։

Այսօրվա խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Մեղրիում տեղի ունեցածն օրենքի խախտում էր, և ինքն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, որ միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։

«Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակը ստեղծի տպավորություն, այսինքն՝ անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին հրահանգեց խորհրդակցությանը չմասնակցել։

«Պարո՛ն Աբազյան, Դուք Ձեր այստեղի կառույցի ներկայացուցիչների հետ, պարո՛ն Ղազարյան, Դուք, գնացե՛ք և զբաղվե՛ք այդ հարցերով»,- հրահանգեց Փաշինյանը։

Լուսանկարը՝ Զանգեզուր TV-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter