
3039 զոհ, 556 անհետ կորած, 301 առաջին և երկրորդ կարգի զինհաշմանդամ. Զինծառայողների հիմնադրամ ուղարկված հայտերը
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 3039 քաղաքացու անձնական գործ պաշտպանության նախարարությունը փոխանցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ` փոխհատուցումներ իրականացնելու նպատակով:
Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած աշխատանքային քննարկմանն ասաց ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Գնդապետի խոսքով, հաշվի առնելով հիմնադրամի շահառուների մեծ թիվը և աշխարհագրական հեռավորությունը՝ որոշվել է ՏԻՄ մարմինների միջոցով աշխատանքներն իրականացնել: Վերջիններս հավաքագրած տվյալները ներկայացնում են նախարարություն։ Տվյալների նույնականացումից, տարբեր գերատեսչություններ հարցումներ անելուց հետո նախարարությունը դրանք ուղարկում է հիմնադրամ։ Օրինակ՝ Քննչական կոմիտեից պատասխան է հարկավոր առ այն, որ օրինազանցության հետևանքով չէ զինծառայողը զոհվել կամ վիրավորում ստացել:
Ավետիսյանի ներկայացմամբ` հիմնադրամ է ուղարկվել 3039 զոհված քաղաքացու գործ, սակայն, իրենց տվյալներով, այս պահին հաստատված է 2500 քաղաքացու փոխհատուցման հայտ:
Հիմնադրամ է ուղարկվել 556 անհետ կորած զինծառայողի ընտանիքի դրամական փոխհատուցման հայտ: Սկբնական շրջանում անհայտ կորածների ցանկում ներառված է եղել 1070 անձի գործ, սակայն հստակեցումներից հետո վերջնական թիվը 556 է:
Կառավարության ընդունած որոշման համաձայն` անհետ կորած անձանց ընտանիքները, որոնք դեռևս որևէ կարգավիճակ չեն ստացել, 300 հազարական դրամ փոխհատուցում են ստանում:
Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության կարգ է ստացել 301 զինծառայող: Գնդապետի խոսքով` այս զինծառայողներին փոխհատուցումները տրվում են դարձյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով:
«Բայց այստեղ բարդ բյուրոկրատիա ունենք, օրենսդրական պահանջները, ցավոք սրտի, այդքան էլ հեշտ հաղթահարելի չեն, և անհրաժեշտություն կա, որ անձը Քննչական կոմիտեից ստանա եզրակացություն, որ օրինազանցության հետևանքով չի վիրավորում ստացել, նաև մահվան պատճառահետևանքային կապը պետք է հաստատվի: Էս հանգամանքներով պայմանավորված՝ որոշում կայացրինք ևս երկու ծրագիր իրականացնել Կառավարության կողմից, ըստ որի՝ այն անձանց, ովքեր զինհաշմանդամ են դարձել կամ հիմնադրամի մշակած հիվանդությունների ցանկում ներառված են, վեց ամսվա ժամկետով տրամադրվում է 300 հազար դրամ»,-ասաց Ավետիսյանը:
Մեկ այլ ծրագրով էլ զինհաշմանդամներին սոցիալական աջակցություն է տրամադրվում՝ անկախ հաշմանդամության կարգից. վիրավորում ստացած զինծառայողներին տրամադրվում է 500 հազար դրամ միանվագ փոխհատուցում, այս ծրագրով փոխհատուցում է ստացել ավելի քան 9000 անձ:
Ըստ Ավետիսյանի` տվյալների հավաքագրման հարցում որոշակի խնդիրներ կան, քանի որ անձի վիրավորման փաստն արձանագրվում է Արմեդ համակարգով, երբեմն որոշ անձինք դուրս են մնացել այդ համակարգից, հատկապես` Արցախում:
«Որպեսզի այդ հարցը լուծվի, կա պայմանավորվածություն, որ անձինք իրենք են ներկայացնում էպիկրիզները, որն էլ ուղարկվում է ռազմաբժշկական վարչություն»,-ասաց բանախոսը:
Նախարարությունը փոխհատուցում է նաև զոհված զինծառայողների թաղման, ինչպես նաև գերեզմանների բարեկարգման ծախսերը: Առաջին կետով փոխհատուցվում է 700 հազար դրամ, այդ ծրագրով գումար է փոխհատուցվել 2600 անձի, իսկ գերեզմանների բարեկարգման համար` մեկ միլիոն 400 հազար դրամ, 1077 անձի գերեզմանների բարեկարգման համար գումար է ուղղվել: Այս ցանկում Արցախի կողմից իրականացված փոխհատուցումները չեն ներառվել:
Եռաբլուր զինվորական պանթեոնում և այլ եղբայրական պանթեոններում թաղման և գերեզմանի բարեկարգման համար առանձին գումար չի տրամադրվում ընտանիքներին, այդ ծախսը կատարում է պետությունը՝ կառավարության որոշման համաձայն։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել