
Փոխոստիկանապետը Սյունիքում ԱԱԾ և ոստիկանության պետերին վարչապետի հանձնարարականը քաղաքական ճնշում չի համարում
Սյունիքում վարչապետի կողմից ԱԱԾ պետին և ոստիկանապետին հանձնարարական տալը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը քաղաքական ճնշում չի համարում:
«Ի՞նչ է նշանակում բացահայտ ուղղորդել: Եթե կա առերևույթ հանցագործության դեպք, ապա իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն համապատասխան բոլոր միջոցառումները տվյալ դեպքը բացահայտելու և հետագայում կանխարգելելու համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց փոխոստիկանապետը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցից հետո այնտեղ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Սյունիքի մի շարք համայնքներում վարչապետին բողոքի ակցիաներով էին դիմավորել և վիրավորական արտահայտություններ հնչեցրել: Մեղրիում միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև: Վարչապետ Փաշինյանը նշել էր, որ Մեղրիում տեղի ունեցածն օրենքի խախտում էր, և որ միջադեպի մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն:
Լրագրողի հարցին` եթե Սյունիքում խուլիգանություն էր տեղի ունենում, ինչո՞ւ էր ոստիկանությունն անգործության մատնված, Ֆիդանյանը պատասխանեց. «Ոստիկանությունն անգործութան չի մատնվել: Ակնհայտ երևում էր ոստիկանների համազգեստներից, թե ինչ վիճակում են հայտնվել նրանք: Ոստիկանությունն այդ ուժերով ավել բան չէր կարող անել: Լրացուցիչ ուժերի պարագայում, միգուցե, հնարավոր լիներ»:
Պատասխանելով հարցին՝ արդյոք ոստիկաններով լի ավտոբուսներ են Երևանից Սյունիք գնացել, Ֆիդանյանը նշեց, որ Երևանից չեն գնացել, գնացել են այնքան, որքան անհրաժեշտ է հասարակական կարգն ապահովելու համար:
Մեկնաբանել