
Սոցիալական հիփոթեք՝ կացարանի կարիք ունեցող ընտանիքներին․ նախագիծ
Կառավարությունը նախատեսում է կացարանի կարիք ունեցող ընտանիքների համար սոցիալական հիփոթեք սահմանել, որն ամեն տարի մինչև 2000 ընտանիքների համար կստեղծի բանակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու հնարավորություն։ Համապատասխան որոշման նախագիծը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական կատերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն բազմաթիվ ընտանիքներ դիմում են կացարանի խնդրով։ Դիմումների գերակշիռ մասը ներկայացվում է երեխա ունեցող ընտանիքների կողմից։ Այս հանգամանքն առավել է կարևորում կացարանի կարիք ունեցող ընտանիքներին աջակցելու հարցը, քանի որ դրա լուծումը կունենա նաև երկարաժամկետ ազդեցություն՝ երեխաների առողջ պայմաններում մեծացնելու հնարավորություն ընձեռելու միջոցով»,- նշված է նախագծում։
Նախատեսվում է, որ այս ծրագրի շահառու կարող են դառնալ որոշակի սոցիալական խմբերին դասված ընտանիքներ, որոնց ցանկը (սոցիալական խմբերի) կհաստատի կառավարությունը՝ սահմանելով նաև դրանց ընտրության չափորոշիչները։
Ինչպես արդեն նշեցինք, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող է ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնող` 2000 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրին հիփոթեքային վարկ կարող է տրամադրվել մեկ անգամ։
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքի առավելագույն չափ է սահմանվել 6,5 մլն դրամը։ Ընդ որում՝ ձեռք բերվող բնակարանը կամ բնակելի տունը պետք է գտնվի Հայաստանի մարզերում՝ Երևանի վարչական տարածքից դուրս։
Հիփոթեքային վարկը կտրամադրվի առանց կանխավճարի, եթե ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան արժեքը չի գերազանցում սահմանված առավելագույն չափը՝ 6,5 մլն դրամը, գերազանցելու դեպքում՝ կանխավճարի չափ է սահմանվում առավելագույն չափի և ձեռքբերվող արժեքի տարբերությունը։
Վարկի մարման ժամկետը նախատեսում է սահմանել 20 տարի, իսկ տարեկան տոկոսոդրույքը 7 տոկոս, որն ամբողջությամբ կսուբսիդավորվի։
Պետական բյուջեից ծախսը 2021թ․ համար կկազմի 500 մլն դրամ, 2022 թվականի համար՝ 2 մլրդ դրամ, իսկ 2023թ․ և հետագա տարիների համար՝ 4 մլրդ դրամ՝ ընդհանուր առավելագույնը 6000 շահառուի հաշվարկով։
Նշենք, որ այս որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության նիստի ընթացքում հավանության արժանանալուց հետո։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել