HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սյունիքի դեպքերով ձերբակալվածներից մեկը Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է, մյուսը՝ գործարար

Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ քննվող  քրեական գործով ձերբակալված անձանցից մեկը Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Հայրապետյանն է։ Վերջինիս պաշտպան Միքայել Շխիմյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Հայրապետյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Հայրապետյանի կասկածանքը վերաբերում է Շուռնուխում Նիկոլ Փաշինյանի մեքենայի ուղղությամբ ձվեր նետելու դրվագին։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով կատարված արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Պաշտպանի խոսքով՝ Հայրապետյանը խնամքին ունի մինչև ութ տարեկան երկու երեխա, նրա նկատմամբ չի կարող կալանք նշանակվել։ Նման պայմաններում Հայրապետյանը չէր կարող նաև ձերբակալվել։

Միքայել Շխիմյանի մեկ այլ պաշտպանյալ՝ Հայկ Հայրապետյանը, գործարար է, ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։ Հայկ Հայրապետյանին վերագրվող կասկածանքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Մեղրի այցի ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին։

Շխիմյանի երկու պաշտպանյալներն էլ հրաժարվել են կասկածանքի վերաբերյալ ցուցմունք տալուց, պաշտպանն արդեն ձերբակալումների դեմ բողոքներ է ներկայացրել դատարան։ Շխիմյանը նշեց, որ իր պաշտպանյալները բերվածի կարգավիճակով սահմանված ժամկետից ավելի երկար են մնացել անազատության մեջ։

Նշենք, որ այս պահին դեռևս հայտնի չէ, թե ով կքննի ձերբակալումների դեմ ներկայացված բողոքները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին քրեական գործի շրջանակներում մի խումբ անձինք, գտնվում են Քննչական կոմիտեում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter