HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սյունիքի դեպքերով ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, այսօր քննել և բավարարել է Սյունիքի մարզի բնակիչ Նորայր Առուշանյանի ձերբակալման դեմ նրա պաշտպան Հրանտ Վարդանյանի բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։ Դատական նիստն անց է կացվել քննիչի բացակայությամբ։ Վերջինս հայտնել է, թե աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ չի կարող այսօր  նիստի ներկայանալ։ Նշենք, որ քրեական գործով, որով Նորայր Առուշանյանը ներգրավված է որպես կասկածյալ, քննչական խումբ է ձևավորված, և քննիչներից որևէ մեկը, փաստորեն, չի ներկայացել դատարան։

Հրանտ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝  խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Այս արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցած քրեական գործի շրջանակներում մի խումբ անձինք են ձերբակալվել, որոնց թվում էր նաև Նորայր Առուշանյանը։

Դատավոր Արման Հովհաննիսյանն այսօր կայացված որոշմամբ Առուշանյանի ձերբակալումը ճանաչել  է ոչ իրավաչափ և վարույթն իրականացնող մարմինին պարտավորեցրել նրան ազատ արձակել։

Լուսանկարում՝ պաշտպան Հրանտ Վարդանյանը

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter