
Մենուա Հովսեփյանը կասկածվում է խուլիգանություն կազմակերպելու մեջ. պաշտպանը ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Սյունիքում տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը: Հովսեփյանը կասկածվում է Սյունիքում խուլիգանություն կազմակերպելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով: Պաշտպանը բողոքարկել է Հովսեփյանի ձերբակալման որոշումը, բողոքը կքննվի այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին քրեական գործի շրջանակներում մի խումբ անձինք ձերբակալված են:
Մեկնաբանել