HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպանը նրան խոշտանգելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպանը հանցագործության մասին հողորդում է ներկայացրել՝ իր պաշտպանյալին խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը։

Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալին Գորիսից բերել են Երևան, տարել Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ նրա նկատմամբ, պաշտպանի խոսքով, նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցբերել։

«Բերել են էստեղ, տարել ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ նրա նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել, գցել գետնին՝ ոտքը գլխին դնելով, ասել՝ հերո՞ս ես ձևանում»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Կարապետյանն ու հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը Սյունիքիում է եղել, Մենուա Հովսեփյանը վերջինիս դեմ ելույթ է ունեցել։ Պաշտպանի խոսքով՝ Հովսեփյանի նկատմամբ նսեմացնող վերաբերմունք դրսևորելուց հետո, դեմքին առկա վնասվածքներով նրան տեղափոխել են Քննչական կոմիտե։

Պաշտպանը դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Մեզ հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ աշխատակիցներն այցելել էին Քննչական կոմիտե։ Պաշտպանն ասաց, որ խոշտանգման վերաբերյալ հաղորդումը Հատուկ քննչական ծառայություն են ներկայացրել էլեկտրոնային տարբերակով։

Նշենք, որ այս պահին դեռևս հայտնի չէ, թե Հովսեփյանն ի՞նչ կարգավիճակով է բերվել Քննչական կոմիտե։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին քրեական գործի շրջանակներում մի խումբ անձինք գտնվում են Քննչական կոմիտեում, որոնց թվում է նաև Մենուա Հովսեփյանը։ Այս պահին արդեն հայտնի է, որ մեկ անձ՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն ունի կասկածյալի կարգավիճակ, ձերբակաված է։

Մենուա Հովսեփյանի լուսանկարը՝ Sputnik Armenia-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter