
Մեղրի համայնքի ղեկավարը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, որը Քննչական կոմիտեում էր, ձերբակալվել է։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը։ Զաքարյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու մեջ, այսինքն՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։ Այս պահին պաշտպանն այլ մանրամասներ չկարողացավ փոխանցել, քանի որ դեռևս Քննչական կոմիտեում է, որտեղ Զաքարյանի մասնակցությամբ գործողություներ են կատարվում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Մեղրիում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկաայցուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին քրեական գործի շրջանակներում մի խումբ անձինք, որոնց կարգավիճակն ու թիվը մեզ այս պահին դեռևս հայտնի չէ, գտնվում են Քննչական կոմիտեում։ Քննչական կոմիտեում է նաև Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Մեկնաբանել