HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արարատ քաղաքի կոյուղաջրով ոռոգվում են Արարատ գյուղի դաշտերը

Արարատ գյուղի հողատարածքներից մի զգալի հատված ոռոգվում է Արարատ քաղաքի կոյուղաջրով: Դրանք գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են՝ խաղողի այգիներ, ցորենի ցանքատարածքներ, բանջարանոցներ: Գյուղացիներն ասում են, որ ամենամեծ ձմերուկն ու սեխն այս տարածքում է աճում, այդտեղի պղպեղն ու պոմիդորն ամենախոշորն են և ամենաթանկը: Արարատցիներն այդ տարածքի միրգն ու բանջարեղենը չեն ուտում, ասում են դրա հիմնական գնորդը սուպերմարկետներն են։

Արարատ գյուղական համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը հայտնեց, որ Արարատ քաղաքի կոյուղատարից օրական դուրս է գալիս 3000-4000 խմ կոյուղաջուր, որին գյուղի կոյուղատարում ավելանում է ևս 1000 խմ և բնակելի հատվածից դուրս գալով` լցվում է դաշտերը։ Գյուղի վարչական տարածքում գտնվող մաքրման կայանը թալանվել է 1990-ական թվականներին, խողովակաշարից մի կարճ, վթարված հատված է մնացել: Տեղ-տեղ գյուղացիներն են այն կոտրել և այդ կեղտաջրով ամբողջ ամառ անվճար ոռոգում են դաշտերը: 

Համայնքի ղեկավարն ընդգծում է, որ ըստ էության, այդ խնդիրը Արարատ քաղաքային համայնքինն է, որը չի ստանձնում հարցի պատասխանատվությունը: Իրենք լավ տեխնիկա ունեն, խցանումները բացում են, ու կեղտաջուրն իրենց տարածքից հեռացնելով՝ դարձնում են մեր պարտավորությունը: Գյուղամիջով անցնող կոյուղու խողովակաշարը խցանվում է, կեղտաջուրը լցվում փողոցները, հարկադրված համայնքի բնակիչներն են բացում խցանումները:

Արարատ քաղաքի և Արարատ գյուղի ջրամատակարարումն իրականացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Կարեն Ղազարյանն ասում է, որ ընկերությունը գյուղում միայն ջրամատակարարում է իրականացնում, որովհետև գյուղը մոտ 40 %-ով է կոյուղացված, իսկ քաղաքային համայնքում՝ և՛ ջրամատակարարում, և՛ ջրահեռացում է իրականացնում։ Արարատ քաղաքում յուրաքանչյուր խմ կեղտաջուր մաքրելու եւ տեղափոխելու համար «Վեոլիա ջուր» ընկերությանը վճարում են 28 712 դրամ, բայց ընկերությունն, ըստ էության, ջրահեռացում չի  իրականացնում:  

Արարատ քաղաքի հնգամյա ռազմավարական ծրագրում նշված է, որ կոյուղու վթարայնության և ջրահեռացման համակարգի անբավարար աշխատանքի հետևանքով բնակչության մոտ մեծանում է դժգոհությունը։ «Համայնքի հարավում գոյություն ունեցող մաքրման կայանը, որը մինչև 20 տարի առաջ ապահովում էր կեղտաջրերի 50 %-ի մաքրումը, այժմ գոյություն չունի, նոր մաքրման կայան պետք է կառուցել: Համայնքի ջրահեռացման համակարգը  քայքայվել է, և ի հայտ են եկել բնականոն hոսքերի խափանման երևույթներ:  Անհրաժեշտ է ուսումնասիրությունների արդյունքում մշակել ծրագիր և իրականացնել համապատասխան միջոցառումներ»,- նշված է համայնքի ռազմավարական ծրագրում:

Համայնքային իշխանությունը քաղաքի համար աղետալի վտանգ է համարում նաև գրունտային ջրերի առկայությունը, որը տարիներ շարունակ ողողում է քաղաքի թաղամասերից «Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի» բանավանի շենքերի նկուղային հարկերն ու կոմունիկացիաները։ Նշենք, որ Արարատ քաղաքը 21 800 բնակիչ ունի, որից 6000-ն ապրում է այս թաղամասում։

Արարատի համայնքապետ Կարեն Ղազարյանն ասում է, որ իրենց համար այսօր ամեակարևորը մաքրման կայան ունենալն է։ «Բազմիցս այդ հարցը բաձրացրել ենք, նաև՝ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ: Առաջարկել ենք, եթե ոչ մաքրման կայան, գոնե խողովակաշար կառուցվի, և կեղտաջրերը հեռացվեն այդ տարածքից, կամ դրենաժի մեջ լցվի, միայն թե համայնքից հեռացվի, որպեսզի գարշահոտը չտարածվի գյուղով, և դրանով ոռոգում չկատարեն»,- հայտնեց համայնքի ղեկավարը։

Համայնքի ղեկավարը շեշտում է, որ համայնքային բյուջեով չեն կարող մաքրման կայան կառուցել, բայց իրենց հնարավորությունների չափով ներդրում կկատարեն: «Հստակեցում չկա այս հարցում, եթե պետությունը նախաձեռնի՝ մենք կմիանանք, համաֆինանսավորողներ էլ կգտնենք և այդ հարցը կլուծենք։ Մենք հող ունենք, որը չենք օտարել, պահել ենք այդ հարցը լուծելու համար»,- ասաց Կարեն Ղազարյանը։

«Ջրային օրենսգրքում» 2018թ.-ի մարտի 2-ին կատարված փոփոխություններով, որն ուժի մեջ կմտնի 2030թ.-ից, մաքրման կայանների կառուցումը ոչ ուղղակիորեն, սակայն վերապահվեց համայնքներին: Կառավարության առաջարկով խորհրդարանն օրենսգիրքը լրացրեց 62.2 հոդվածով, որը  սահմանում է հետևյալը.

«1. Համայնքները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխանող բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերով:

  1. Համայնքները, պետական կառավարման լիազոր մարմինները, ջրահեռացման համակարգի կառավարիչը (առկայության դեպքում) իրենց լիազորությունների սահմաններում պարտավոր են ապահովել համայնքի վարչական սահմաններում ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների հասանելիությունը ...»:

Իսկ մինչ այդ, 2016թ.-ի նոյեմբերի 16-ին ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ընկերության եւ ՀՀ կառավարության միջև կնքված վարձակալության պայմանագրով հարապետության 73%-ի ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունները հանձնվեցին այս ընկերությանը` մինչեւ 2031թ. դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով: 

«Վեոլիա ջուր»-ը մարզերի իր սպասարկման տարածքում մաքրման կայաններ պետք է կառուցեր։ Ընկերությունը պարտավորվել էր իր կառավարման 15 տարիների ընթացքում իրականացնել 37,5 մլրդ դրամի ներդրում՝ առանց ԱԱՀ-ի: Տարեկան մինչեւ 2,5 մլրդ դրամի ներդրում պետք է կատարի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգում: Ինչպես ներկայացրել ենք մեր հրապարակման մեջ՝ Հայաստանում ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցումը ստանձնած «Վեոլիա ջուր»-ը կեղտաջրերի մաքրում չի իրականացնում, սակայն բաժանորդներից բոլոր գանձումները պարտաճանաչ կատարում է:

2019թ. հուլիսին «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրին հանդիպել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: «Ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման համար նախատեսված վարկային միջոցներին զուգահեռ մեր Կառավարությունը նպատակ ունի ներդնել հավելյալ ֆինանսական միջոցներ, ինչի արդյունքում առաջիկա տարիներին հնարավոր կլինի լուծել բազմաթիվ համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված հրատապ խնդիրներ»,- ասել էր նախարարը և հույս հայտնել, որ «Վեոլիա» ընկերությունը ակտիվ ներգրավվածություն կդրսևորի այս հարցում։

Այս հանդիպումից անմիջապես հետո, հուլիսի 25-ին կողմերի միջեւ նոր համաձայնագիր կնքվեց, որով Հայաստանի կառավարությունը էական զիջումներ կատարեց՝ 

  • ավելի քան 9 մլրդ 323 մլն դրամով նվազեցրեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ստանձնած ներդրումային պարտավորությունները:
  • Ընկերությանը երկու տարի՝ 2020-21 թթ.-ին, ազատեց պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով (ՊԿԱԾ) ստանձնած տարեկան մինչեւ 2,7 մլրդ դրամի ներդրում կատարելու պարտավորությունից: 
  • կեղտաջրերի մաքրման ծառայություն չմատուցելու համար բավարարվեց միայն «Վեոլիա ջրին» պետական բյուջեից սուբսիդիա չհատկացնելով:

Այսպիսով, «Կառավարությունը հավելյալ ֆինանսական միջոցներ» չի ներդնում և հաշվարկ էլ չունի, թե 2030թ.-ին համայնքների ֆինանսական հնարավորություններն ինչքան են աճելու, որպեսզի իրենց միջոցներով համայնքներում ջրահեռացում և կեղտաջրերի մաքրում ապահովեն:

Տեսանյութը եւ լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter