HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բնակիչներն ու պետությունը կանոնավոր վճարում են «Վեոլիա ջրին» կեղտաջրերը մաքրելու համար, սակայն մշակովի հողատարածքները ոռոգվում են կեղտաջրերով

սկիզբը

Հայաստանում ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցումը ստանձնած «Վեոլիա ջուր»-ը կեղտաջրերի մաքրում չի իրականացնում, սակայն բաժանորդներից բոլոր գանձումները պարտաճանաչ կատարում է: Ընկերությունը հայտնում է, որ մինչեւ 2000թ.-ը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տարածքում գոյություն է ունեցել կեղտաջրի մաքրման 17 կայան։ Բոլորը գտնվում են կիսաքանդված եւ լքված վիճակում, իսկ դրանց վերականգնումն աննպատակահարմար է։

Հայաստանի ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցումը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին հանձնվեց արտոնյալ պայմաններով՝ օրենք ընդունվեց, որով բնապահպանական վճարների գծով արտոնություններ տրվեցին ընկերությանը՝ վարձակալության ամբողջ ժամանակահատվածի համար:

Նույն օրենքով ընկերությունը պարտավորվեց ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին ներկայացնել իր գործողությունների աստիճանական բարելավման պլանը: «Վեոլիա ջուր»-ն առ այսօր այդպիսի պլան չի ներկայացրել:

Վարձակալության պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագրային առաջին տարում վարձակալը պետք է իրականացնի մաքրված կեղտաջրերի որակի մոնիտորինգ։ Ընկերությունը հայտնում է, որ կեղտաջրերի մոնիտորինգի պահանջները չեն արտացոլում գոյություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայանների հնարավորությունները։ Երեւանի գործող «Աէրացիա» կեղտաջրերի մաքրման կայանը (ԿՄԿ) չի համապատասխանում գործող ստանդարտներին։ Կայանի վատ տեխնիկական վիճակի պատճառով ծառայությունները սահմանափակվում են կեղտաջրերի նախնական մեխանիկական մաքրմամբ: 2013-15թթ. կառուցվել է 5 նոր մաքրման կայան, որոնք նույնպես մասնակի մեխանիկական մաքրում են իրականացնում։

Նշենք, որ «Աէրացիա» կայանը վերակառուցվել էր 2015-16թթ.՝ Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավման համար Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկային միջոցներով: Կայանի առաջին փուլի ծրագրային բաղադրիչի արժեքը մոտ 10.5 մլն եվրո էր, որը ներառում էր մեխանիկական մաքրման կառուցվածքների (խոշոր եւ մանր միջճաղային հեռավորությամբ ճաղավանդակներ, աէրացվող ավազորսիչներ, առաջնային պարզարան) եւ նստվածքի մշակման արտադրամասի շինարարությունը: Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2016-ին: Ծրագրի 1-ին փուլով նախատեսված էր «Աէրացիա» ԿՄԿ ներհոսող կեղտաջրերի ամբողջական մեխանիկական մաքրում իրականացնել: Նոր կառուցվածքների նախագծային հզորությունը կազմում է 5.6 մ3/վ կամ օրական մոտ 484 հազ խմ: Մեխանիկական մաքրման արդյունքում կառուցվածքներում պետք է կեղտաջրից անջատվեն խոշոր թափոնները, տիղմն ու ավազը, որոնք պետք է բռնվեն ճաղավանդակներում:

Ջրային կոմիտեի (ՋԿ) նախկին նախագահ Ինեսսա Գաբայանի կառավարման շրջանում աշխատանքային խումբ ստեղծվեց, որն ուսումնասիրեց «ԱԷրացիա» կայանի տեխնիկական վիճակն ու հնարավորությունները: «Անզեն աչքով տեսանելի էր, որ անգամ մեխանիկական մաքրում գրեթե չի կատարվում. ավազորսիչներն այնքան էին լցված, որ կեղտաջրերն ուղղակի հոսում էին: Աղբը, թափոնները ոչ միայն դրանցից չէին հեռացվել, այլեւ կայանի ամբողջ շրջակայքից՝ դեպի գետ եւ բլուրներով դրանց կուտակումները վկայում են, որ այստեղ անհիշելի ժամանակներից աղբահանություն չի արվել:

Ցավալին այն է, որ չմաքրված կեղտաջրերը կայանից դուրս են գալիս եւ լցվում Հրազդան գետ, իսկ գետի ջուրն էլ օգտագործվում է Արարատյան դաշտի մշակովի հողատարածքները ոռոգելու նպատակով: Գետից օգտվում են նաեւ ընտանի կենդանիներն ու թռչունները: Կայանը շրջանցող կոլեկտորներից մեկն էլ, միանալով ԿՄԿ-ից դուրս եկող կոլեկտորներին, Արարատի մարզի Ղուկասավան գյուղի գերեզմանոցի մոտ լցվում է անմիջապես Հրազդան գետ: Պարզվել է, որ գործող ավազորսիչը վերջին անգամ մաքրվել է անցած տարվա դեկտեմբերին»,- ասվում է Ջրային կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Աէրացիա» կայանի չգոյությունը լիարժեք պատկերացնելու համար պետք է ծանոթանալ Ֆրանսիայի խոշորագույն` Marquette-Lez-Lille կեղտաջրերի մաքրման կայանի հնարավորություններին, որի շահագործողը նույնպես «Վեոլիան» է: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամներին բախտ է վիճակվել տեսնել այն՝ Ֆրանսիա կատարած ճանաչողական այցի ընթացքում:

Հրավիրողը «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրին էր (ոստիկանությունն այս այցը որակեց կաշառք՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու դիմաց-Ս.Պ.): ՀԾԿՀ անդամները այցելության հաշվետվության մեջ նկարագրել են. «Նրա խորագիրն է` «Զրո վնասակար արտանետում, 100% պատասխանատվություն»»:

«Կայանն ունի գերժամանակակից դիզայն եւ տեխնոլոգիաներ: Հզորությունը նախատեսված է 620 000 բնակիչների կեղտաջրերը մաքրելու համար: Բաղկացած է 2 մաքրման առանձին գծերից՝ կեղտաջրերի համար (2,8 մ3/վ հզորությամբ) եւ անձրեւաջրերի համար (5,3 մ3/վ հզորությամբ):

Անձրեւաջրերը մաքրվում են Actiflo եղանակով, մինչդեռ կեղտաջրերը հաջորդաբար Multiflo, Hybass, Hydrotech Discfilters տեխնոլոգիական պրոցեսների միջոցով: Կեղտաջրերի մաքրման արդյունքում գոյացած նստվածքը վերահսկվում է «Վեոլիա» ընկերության Exelys ջերմային հիդրոլիզի նոր տեխնոլոգիական պրոցեսի միջոցով, որի շնորհիվ նստվածքի քանակը կրճատվում է 20-40%-ով, իսկ բիոգազի արտադրությունն ավելանում է 15-30%-ով՝ վերամշակման ստանդարտ տեխնոլոգիաների համեմատ: Վերամշակման արդյունքում ստացված նստվածքը չորացվում է BioCon չորացուցիչներում եւ պահեստավորվում է: Ստացված արտադրատեսակն օգտագործվում է գյուղատնտեսության եւ ցեմենտի արտադրության մեջ:

Ամբողջությամբ մաքրված կեղտաջրերը մղվում են դեպի գետը:

Մասնագետները նշեցին կեղտաջրերի մաքրման ամբողջական ցիկլի անհրաժեշտության, շահագործման եւ պահպանման անխափան աշխատանքների կազակերպման եւ անընդհատ վերահսկողության անհրաժեշտության մասին, քանի որ որեւէ բաղկացուցիչ մասի թերացումը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքերի՝ ինչպես ազգաբնակչության, այնպես էլ շրջակա միջավայրի համար: Հաշվի առնելով, որ Marquette-Lez-Lille կայանը գտնվում է խիտ բնակեցված շրջանում, հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ աղմուկի եւ հոտի խնդիրների լուծման հարցերին ...»,- պատմել են ՀԾԿՀ-ի անդամները:

Այդ ամենը տեսած ու իրենց տեսածից հիացած հանձնաժողովականները վերադարձին ոչինչ չեն արել, որպեսզի «Վեոլիա ջուրը» Երեւանի ամենախոշոր՝ «Աէրացիա» մաքրման կայանի վիճակը ինչ-որ չափով մոտեցնի Ֆրանսիայում իրենց տեսածին: Չեն պահանջել, որպեսզի ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին ներկայացնի գործողությունների աստիճանական բարելավման պլան: Եթե չեն ցանկանում բարելավել ԿՄԿ-ների վիճակը, ապա վերանայել՝ ընկերությանը բնապահպանական վճարների գծով տրված արտոնությունները եւ կեղտաջրերի մաքրման դիմաց կատարվող գանձումների հարցը:

Կառավարության 2017թ. դեկտեմբերի 21-ի N1697-Ն որոշման համաձայն՝ բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման յուրաքանչյուր խմ հեռացված ջրի դիմաց սահմանվել է 28.712 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ): Սակագնի 27 դրամը գանձվում է բնակիչներից, իսկ 1.712 դրամը պետբյուջեից տրվող սուբսիդա է (ներառյալ ԱԱՀ)։

ՋԿ նախկին նախագահ Ի. Գաբայանը վիճակը խիստ մտահոգիչ էր համարել եւ վստահեցրել, որ հրատապ քայլեր կձեռնարկվեն՝ մաքրման կայանում վիճակը հիմնովին կարգավորելու համար: Այս իրավիճակում միանգամայն տեղին էր համարվել կեղտաջրերը մաքրելու եւ տեղափոխելու համար ընկերությանը վճարվող 28.712 դրամից կեղտաջրերը մաքրելու համար գանձվող վճարը նվազեցնելու հարցը: ՋԿ-ում քննարկել են այդ հարցը եւ որոշել՝ քանի որ «Վեոլիա ջուր»-ը չի կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունը եւ կեղտաջրերի մաքրում չի իրականացնում, հետեւաբար, պետք է տարբերակել կեղտաջրերը մաքրելու վճարը տեղափոխելու վճարից եւ արժեքից նվազեցնել։ Հաջորդ քայլը՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից վերցնել կեղտաջրերը մաքրելու ծառայությունը եւ հանձնել այլ օպերատորի: Նույնիսկ գերմանական մի ընկերություն է ընտրվել դրա համար, բայց այդ շրջանում սկսեց ակտիվորեն շրջանառվել Ի. Գաբայանին պաշտոնանկ անելու հարցը, եւ ամեն ինչ մոռացության տրվեց:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներդրումների կատարումը «վերահսկում է» «Վեոլիա ջուր»-ը

Վարձակալության պայմանագրով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարտավորվել է կառավարման 15 տարիների ընթացքում իրականացնել 37.5 մլրդ դրամի ներդրում՝ առանց ԱԱՀ-ի: Տարեկան մինչեւ 2,5 մլրդ դրամի ներդրում պետք է կատարի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգում, որի համար Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիր (ՊԿԱԾ) է ներկայացնում Ջրային կոմիտեի հաստատմանը։ Ծրագրում ընդգրկվում են այն աշխատանքները, որոնք առաջնահերթ են ջրամատակարարումն ապահովելու տեսանկյունից։

Ըստ այդմ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվություններով, պայմանագրային 1-ին տարում՝ 2017-ին, կատարվել են մոտ 1.892 մլրդ դրամի (ներառյալ ԱԱՀ) գույքի պահպանման, վերանորոգման եւ ջրամատակարարման շարունակականության բարելավմանն ուղղված աշխատանքներ: 2018-ին կատարվել է մոտ 2 մլրդ 100 000 դրամի աշխատանք:

Ներկայացված աշխատանքների ծավալը պետական ոչ մի կառույց չի վերահսկում։ Դրանք հաստատվում են միայն տարեկան աուդիտներով, որի պատվիրատուն եւ վճարողը «Վեոլիա ջուր» ընկերությունն է։

Ոստիկանության հաղորդագրությունը տեղեկացնում էր, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում գնումներ կատարելու, ինչպես նաեւ շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցելու գործառույթներն իրականացվել են ֆինանսական չարաշահումներով: Ծառայություններն իրականացրել են գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին եւ ընկերության ղեկավար կազմում  ընդգրկված նրա մտերիմների ընկերությունները: «Իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող «ԷՄՕՇԻՆ», «ՇԻՆՄԱՍՏԵՐ», «ԳԱՎԱԹ», «ՀՈՐԻԶՈՆ», «ԴԵԼ-ՏԵԼԵԿՈՄ» եւ այլ ՍՊԸ-ները՝ շուկայականից, ինչպես նաեւ ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով»,- տեղեկացրեց ոստիկանությունը:

Հաղորդագրության մեջ ասվում էր, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ստուգումներն իրականացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանի տրամադրած տեղեկատվության հիման վրա: Արեն Մկրտչյանն այժմ ԱԺ պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից, նա չցանկացավ որեւէ հարցի պատասխանել, որից պարզ կլիներ, թե «Վեոլիա ջուր»-ը շուկայականից անհամեմատ բարձր գներով ինչ ծառայություններ է ձեռք բերել այս ընկերություններից եւ որքանով են ուռճացված ընկերության ներդրումային հաշվետվությունները:

«Վեոլիա ջուր» ընկերության ղեկավար կազմում ընդգրկվածները գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանի ուսանողական ընկերներն են՝ «Արեւմուտք»  տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, «Արեւելք» տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանը, տեխնիկական տնօրեն Վահե Բատոյանը: Նրանք 1995-2000թթ. միասին ուսանել են Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանում, ապա 2003թ.-ին կրթությունը շարունակել «Վերապատրաստում եւ զարգացում» ՍՊԸ-ում:

Ուսանողական ընկերները համակարգում աշխատել են դեռեւս «Երեւան ջուր» ընկերության գործունեության ժամանակվանից, հիմնել են իրենց ընկերությունները` այդ գործում ներգրավելով համակուրսեցի այլ ընկերների: Հիշյալ ընկերությունների բաժնետերերը եւ տնօրենները դարձյալ նրանց համակուրսեցիներն են, որոնք այդ տարիներից սկսած իրականացրել են նախկինում՝ «Երեւան ջուր» ՓԲԸ-ի, այնուհետեւ «Վեոլիա ջրի» շինարարական աշխատանքները, դարձել են մրցույթների հաղթողները: Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, ՀԿԾՀ-ի որոշումով «Վեոլիա ջուր»-ն ազատված է հրապարակային գնումներ կատարելու պարտավորվածությունից:

ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ-ն, որը ջրային տնտեսության կառույցների շինարարություն է իրականացնում, ղեկավարում են Արամ եւ Էմիլ Բզնունի եղբայրները: Ընկերության 100% բաժնեմասը գրանցված է Արամ Բզնունու անունով:

«ՇԻՆՄԱՍՏԵՐ» ՍՊԸ-ն հիմնադրել է «Արեւմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը՝ 2011 թ. հունիսին եւ 100% բաժնեմասը գրանցել մոր՝ Ամալյա Պարոնիկյանի անունով: 2014թ. մարտին ընկերության 100% բաժնեմասի տեր է դարձել նրանց մյուս համակուրսեցու՝ Գաբրիել Մելիքսեթյանի կինը՝ Մարգարիտա Գյոնջյանը։

Գաբրիել Մելիքսեթյանը «Արեւելք» մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանի տեղակալն է:

«Հորիզոն» ՍՊԸ-ի 80% բաժնեմասը պատկանում է նրանց մյուս ընկերոջը՝ Սերոբ եւ Ղեւոնդ Հակոբյան եղբայրներին:

1998 թ. հիմնադրված «Գավաթ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը 2011 թ. հունիսից ձեռք է բերել «Երեւան ջուր» ընկերության նախկին աշխատող Արմեն Մովսեսյանը եւ գրանցել է մոր՝ Արփիկ Զոհրաբյանի անունով: Արմեն Մովսեսյանը Վահան Բատոյանի մտերիմն է եւ վերջինս, ըստ էության, նրա միջոցով է կառավարում իր ընկերությունը:

«ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ն վարչական եւ ֆինանսական արդեն նախկին տնօրեն Հովհաննես Մարությանի ընկերությունն է: Ընկերությունը հիմնադրվել է 1997-ին եւ գրանցված է Աբովյան 66 ա հասցեում, որտեղ գործում է «Վեոլիա ջուր» ընկերությունը: 2018թ. հուլիսին, այն ժամանակ, երբ ոստիկանությունը ուսումնասիրություն էր իրականացնում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում, ընկերության երեք բաժնետերերից Հարություն Մարությանը եւ Գագիկ Նազարյանը դուրս են եկել ընկերությունից եւ իրենց բաժնեմասերը փոխանցել են Գագիկ Եգանյանին։

«ԴԵԼԼ-ՏԵԼԵԿՈՄ» ՍՊԸ-ն, որը համակարգչային ծառայություն է մատուցում «Վեոլիա ջուր» ընկերությանը, հիմնադրվել է 2014-ին, որի 100% բաժնեմասի տերը եւ ընկերության տնօրենը Կարեն Խաչատրյանն է: Մեր աղբյուրները հայտնում են, որ այն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանի ընկերությունն է, որի կառավարումը հանձնել է համակուրսեցուն:

Ներկայացվող սխեմայում պատկերված են Գոռ Գրիգորյանին փոխկապակցված ընկերությունները եւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից գործունեության առաջին տարում՝ 2017 թ.-ին, դրանց ստացած գումարները։

veolia-jur-scheme.jpg (367 KB)

Ընկերությունը հասույթի աճ է արձանագրում բացառապես բաժանորդներից «քերելու» հաշվին

Պարտադիր կապիտալ աշխատանքների կատարողականը ստուգելու մյուս մեթոդը քաղաքացիներից ստացված ահազանգերն են: 2018 թ. հունիսին Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվեց «Վեոլիա ջուր ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» էջը, որտեղ ընկերության գործունեությունից դժգոհողները գրառումներ են կատարում: Խումբը նպատակ ունի պայքարել այս ընկերությունում տիրող «ամենաթողության եւ կամայականությունների» դեմ: Ֆեյսբուքյան էջը վարում է Դավիթ Գասպարյանը, որը ջրային համակարգի նախկին աշխատակից է:

Դ. Գասպարյանն ասում է, որ 2017-2018 թթ. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն տապալել է գրեթե բոլոր տեխնիկատնտեսական եւ ֆինանսական ցուցանիշները, եւ ներկայացված հասույթի աճը արձանագրվել է բացառապես բաժանորդներից «քերելու», այլ ոչ թե վարձակալի բնականոն աշխատանքի արդյունքում: Դ. Գասպարյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ներկայացրել է ընկերության 3 հրապարակային հաշվետվությունների միջեւ առկա տարբերությունները՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ 2017 եւ 2018 թվականների «Ջրամատակարարման եւ ջրահեռացման հաշվեկշիռ» ու «Խմելու ջրի ապրանքային առաքում եւ վճարումներ» հաշվետվությունները։

Դրանց համադրումից պարզվում է, որ 2 տարվա գործունեություն ծավալած կազմակերպությունում վերջին 1 տարվա ընթացքում ջրարտադրությունն աճել է 17,7 մլն խմ-ով կամ 3,1%-ով։ Սա նշանակում է, որ Հայաստանի ջրային ռեսուրսների օգտագործման, արդյունահանման ծավալները «Վեոլիա»-ում մեծացել են։ Որքան մեծ ծավալ, այնքան շատ աշխատանք (աշխատակից, տրանսպորտ, վառելիք, քլորացում, ժամանակ եւ այլն)։ Այլ կերպ ասած՝ կազմակերպությունում արձանագրվել է ռեսուրսների անխնա օգտագործման միտում։

Վաճառված ջրաքանակը նվազել է 2,7 մլն խմ-ով կամ 2,2%-ով, որը նշանակում է՝

ա/ աճել են կորուստները՝ 20,4 մլն խմ-ով կամ 1,1%-ով՝ կազմելով ընդհանուր ջրառի 79,6%-ը,

բ/ նվազել է վերջնական սպառողին հասնող ջրաքանակը, որի հետեւանք կարող է լինել ուղղակի ջրամատակարարման տեւողության անկումը, վթարների մեծ ծավալը, համակարգի հանդեպ անհետեւողական վերաբերմունքը, փնթի կառավարումը,

գ/ նվազել է հեռացվող կեղտաջրերի ծավալը՝ 1,5 մլն խմ-ով կամ 1,5%-ով,

դ/ համաձայն վարձակալության պայմանագրի փիլիսոփայության եւ ՀԾԿՀ համապատասխան որոշմամբ հաստատված սակագների վերանայման մեթոդաբանության՝ բազիսային վաճառքի ծավալների կրճատումը սակագաների հետագա բարձրացման հիմք է։

Տարօրինակ չէ՞, երբ 10 տարվա կառավարման շրջանը 80% ջրակորստով ավարտած «Վեոլիա Գրուպ» ընկերությունը կրկին հայտ է ներկայացնում Հայաստանի ջրմուղ-կոյուղու սպասարկումը ստանձնելու համար եւ հաղթող է ճանաչվում։ Ավելին, ընկերությանն այս անգամ հանձնվում են հանրապետության բնակավայրերի 73%-ի ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունները։

Հիշեցնենք, որ 2006-2016 թթ. Երեւանի խմելու ջրի սպասարկումն իրականացնող «Երեւան ջուր» ՓԲԸ-ի գործունեության ժամանակահատվածում՝ 2011-ին, զանգվածային թունավորման դեպք տեղի ունեցավ մայրաքաղաքի Նուբարաշեն թաղամասում, եւ ընկերությունը դրա համար պատասխանատվություն չկրեց: Քրեական գործ հարուցվեց «Երեւան ջուր» ՓԲԸ-ում կատարված միլիարդների յուրացումների մասին, եւ դարձյալ ընկերությունը պատասխանատվության չենթարկվեց: Չարաշահումների բացահայտումից հետո «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն լքեց Հայաստանը՝ ընկերության կառավարումն ամբողջությամբ հանձնելով գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին: Անցյալ տարի ընկերությունում ոստիկանության բացահայտումներից հետո Հայաստանը լքեց նաեւ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն՝ դարձյալ ողջ պատասխանատվությունը փոխանցելով գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին:

Հայաստանը հետաքրքի՞ր գործընկեր է Ֆրանսիական «Վեոլիա Գրուպ» ընկերության համար: «Վեոլիա Գրուպ»-ի գործունեությունից լավատեղյակները պնդում են, որ Հայաստանը փոքր երկիր է այդպիսի խոշոր ընկերության համար եւ հազիվ թե հետաքրքրեր նրանց, եթե այլ շահագրգռություններ չլինեին՝ նրանք այստեղ գործում են բացառիկ արտոնյալ կարգավիճակով, անվերահսկելի ու անպատասխանատու գործելաոճով:

Մեկնաբանություններ (1)

Զավեն Բեկյան
<<Հրապարակ>>թերթում վերջերս ես էլ եմ մի բողոք-հոդված գրել սրանց դեմ, լինելով այս ընկերության / իմա՝ <<ախպերության>>/երեսուն տարվա շատ բան տեսած աշխատակիցը։ Հոդվածիս վերնագրի նմանությամբ՝ նորից եմ զարմանում․սրանք անձեռնմխելի՞ են, ինչ է, թե՞ անտերություն է ընդհանրապես, թե՞ <<տերովություն>> է ընդհանրապես․․․Իսկ տիկին Գաբայանի հետ որևէ մեկը հարցազրույց ունեցե՞լ է, թե ինչու իրեն աշխատանքից ազատեցին։ Նա ինքն էր, որ թույլ չտվեց / խանգարեց / ջրի սակագների բարձրացման մտադրությանը՝ ասելով․սակագին բարձրացնելու փոխարեն գնացեք-գտեք 80 տոկոս ջրի <<կորուստից>> գոնե մի․․․դույլ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter