HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Երեւան Ջուր»-ը «կատարել է» բոլոր պարտավորությունները, բայց բնակչությանը չի ապահովագրել թունավորումներից

Մեկ տարի առաջ՝ 2011թ. հունիսի 1-3-ը, Երեւան քաղաքի Նուբարաշեն 11-րդ թաղամասում խմելու ջրից զանգվածային թունավորման դեպք գրանցվեց: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զանգվածային հիվանդացման հետեւանքով աղիքային հիվանդություններով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցում բուժօգնություն ստացավ 87 մարդ: Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն` բուժօգնության դիմած անձանցից մեկի առողջությանը պատճառվել էր ծանր, 58-ի առողջությանը` միջին ծանրության, 22-ի առողջությանը` թեթեւ վնաս:

Դեպքից մի քանի օր հետո՝ 2011 թ. հունիսի 9-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում, դարձյալ զանգվածային հիվանդացման դեպքեր գրանցվեցին մայրաքաղաքամերձ Նոր Խարբերդ  եւ Այնթափ գյուղերում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ չպարզված հանգամանքներում խախտվել էին սանիտարահակահամաճարակային կանոնները, ինչի հետևանքով Նոր Խարբերդ գյուղի 11 և Այնթափ գյուղի 2 բնակիչներ հիվանդացել են սուր աղիքային ինֆեկցիայի տարբեր հիվանդություններով: Մասնավորապես՝ Նոր Խարբերդի բնակչուհի 16-ամյա Լիլիթ Մուրադյանը, ով դեպքից մեկ ամիս առաջ էր ծննդաբերել, 2011թ. հուլիսի 3-ին երիկամային անբավարարությունից մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, իսկ նրա ընտանիքի մյուս անդամները գտնվում էին Մասիսի հիվանդանոցում:

Նշված երկու դեպքերով հարուցվեցին քրեական գործեր, Նուբարաշեն 11-րդ փողոցի թունավորման դեպքով ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում քննված գործը կարճվեց «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենների արարքում հանցակազմի բացակայության պատճառով (Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ): Նոր Խարբերդ եւ Այնթապ գյուղերում գրանցված «մարդկանց զանգվածային հիվանդացման դեպքերով» 14.09.2011թ. հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով (Քրեական դատավարության օրեսգրքի 31 հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Դեպքից մեկ տարի անց՝ 2012թ. հունիսի 25-ին, ոստիկանությունից հայտնում են. «Արարատի մարզի Նոր Խարբերդ եւ Այնթապ գյուղերում, չպարզված հանգամանքներում, խախտվել են սանիտարահակահամաճարակային կանոնները, ինչի հետեւանքով առաջացել է մարդկանց զանգվածային հիվանդացում»: Հիշեցնենք միայն, որ 2011 թ. ամռանը հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը Նոր Խարբերդի դեպքի առնչությամբ ասաց. «...համաճարակաբանական հետազոտությունները լիարժեք ցույց են տալիս, որ դա ջրային բնույթի էր: Միանշանակ` աղբյուրը հանդիսանում էր ջուրը»:

Նուբարաշեն 11-րդ փողոցի բնակիչներն օրերս ինձնից տեղեկացան, որ մեկ տարի առաջ թաղամասում տեղի ունեցած զանգվածային թունավորման համար ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: «Բա ասում էին կբացահայտենք, կփոխհատուցենք, մի խողովակ չեն փոխում, ջրամատակարարումը չեն կարգավորում, հիվանդանոցից երկու օր էր տուն էինք հասել, առանց ամաչելու, եկել հաշվիչի ցուցմունքն էին գրում»,- ասածիցս ոչ այնքան զարմացած արձագանքեց 11-րդ թաղամասի բնակչուհի Էմմա Հայրապետյանը:

1.5 տարեկան Էմման նորք ինֆեկցիոն հիվանդանոցում  Էմմա Հայրապետյան

Նրա երեք թոռնիկները՝ 1,5 տարեկան Էմման, Հակոբն ու Սարգիսը, 4 օր գտնվել են հիվանդանոցում, իսկ մինչեւ հիվանդանոց տեղափոխելը երեխաները երկու օր լուծ են ունեցել, սրտխառնոց եւ արդեն ջրազրկվել էին: Թաղամասում բոլորն էին այդ վիճակում, բայց ինչպես պատմեցին, ամեն մեկն այն ինչ-որ բանով է պայմանավորել ու սկզբում փորձել է տնային միջոցներով լուծում տալ հարցին: Մանկահասակ 3 երեխաների մայր Արեւիկն ասում է, որ իրենք դիմել են պոլիկլինիկա, քանի որ երկու երեխաները մի քանի օր շատ վատ էին՝ թուլություն, փսխում, լուծ ունեին, ջրազրկվել էին, ինքն էլ հղի էր, եւ նույն ախտանշաններն իր մոտ էին: Ասում է՝ դիմում էինք բժշկի, նրանք էլ խորհուրդ էին տալիս ռեգիդրոն խմել՝ չջրազրկվելու համար, բայց երբ երեխաների վիճակը կտրուկ վատացել է, ինքն էլ ուշագնաց է եղել, շտապօգնություն են կանչել:

Ոչ ոքի մտքով չի անցել, որ կողքին բնակվողները նույն ինքնազգացողությունն ունեն, եւ տեղի ունեցածը զանգվածային թունավորում է՝ ջրից: Լուրը տարածվել է այն ժամանակ, երբ շտապօգնության կանչերը շատացել են, եւ նույն շենքին միաժամանակ մի քանի մեքենա է մոտեցել: Թաղամասի բնակիչների պատմելով հիվանդներն այնքան շատ էին, որ շտապօգնությունները չէին հասցնում տեղափոխել, նույնիսկ տան մեջ էին կաթիլային միացնում: Հիվանդանոցում երեխաներին պահել են 4 օր, չնայած հիվանդները չէին կազդուրվել, բայց նրանց տուն էին ուղարկում բուժումը տանը շարունակելու համար: Հիվանդանոցից վերադառնալուց հետո երեխաների համար երկար ժամանակ դեղեր էին գնում: Բնակիչներից ոմանք ինքնաբուժում են ձեռնարկել եւ խոստովանեցին, որ մինչեւ հիմա էլ երեխաներն առողջական խնդիրներ ունեն, հաճախակի են դարձել ստամոքսաաղիքային տրակտի խանգարումները: Մեծահասակները տնային պայմաններում են բուժվել, առաջին օրը ջուր են բաժանել մարդկանց, ռեգիդրոն ու վերջ:

Էմմա Հայրապետյանն ասում է, որ դեպքին նախորդած 4 օրերին թաղամասը զրկված էր ջրից, իսկ ջուրը տալուց հետո 2-3 օր տաք ջուր էր գալիս, գույնը` կավագույն:  Չորրորդ օրը գույնը մի քիչ մաքրված էր, բայց տհաճ համ ուներ, կարծես խոնավության հոտ լիներ, բայց արդեն սառը ջուր էր գալիս:  

«Նուբարաշենի 11-րդ եւ 9-րդ փողոցների հատման տեղում հայտնաբերված ստորգետնյա ջրատար խողովակի վնասված հատվածից շուրջ մեկ տարի տեղի է ունեցել ջրի արտահոսք, որի հետեւանքով հողի մակերեսը միշտ եղել է թաց, այսինքն` ջրի արտահոսքը հայտնաբերելը, վթարը վերացնելը եւ բնակչության զանգվածային հիվանդացման դեպքը կանխելն առանձնակի բարդություն չի ներկայացրել»,- ոստիկանության իրականացրած քննության արդյունքներն այսպես է ամփոփել Երեւան քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանը:

Շուրջ 6 ամիս տեւած նախաքննությունից հետո ոստիկանությունը հաստատեցհետեւյալը. «Նուբարաշենի բնակիչների զանգվածային հիվանդացման պատճառ են հանդիսացել խմելու ջրի միջոցով կոյուղաջրերում պարունակվող վարակների հարուցիչների ներթափանցումը մարդկանց օրգանիզմ: Փորձագետները եզրակացության են հանգել, որ ժամանակի ընթացքում նշված հատվածում բնահողի հունում առկա կոյուղաջրերը, նրանցում պարունակվող վարակների հարուցիչներով ներծծվելով հողի մեջ, ջրատարում ջրի ճնշման բացակայության պայմաններում ջրատարի վնասված հատվածից ներթափանցել են 11-րդ փողոցը սնուցող ջրագիծ, որով էլ պայմանավորվել է բնակիչների մոտ սուր աղիքային վարակներով հիվանդացումների առաջացումը»:

Նախաքննությունն իրականացնող մարմինը կարճման որոշման մեջ անդրադարձել է դեպքի կատարման մեջ մեղավոր անձանց եւ հանգել եզրակացության, որ «պարբերական դիտարկումներ, ստուգայցեր անցկացնելու պարտականություն ընկերության որևէ աշխատողի վրա չի դրվել, վթարների և ջրի հոսակորուստների հայտնաբերման այդպիսի կարգ ընկերությունում չի գործել»: Ջրամատակարարող կազմակերպության մեղավորության հարցին  գնահատական չի տրվել, չնայած նրան, որ դեպքի մասին ահազանգելուց անմիջապես հետո հանրապետության գլխավոր դատախազի մոտ հրավիրված օպերատիվ խորհրդակցության ժամանակ խնդիր էր դրվել պարզելու «մեղավոր անձանց ու կազմակերպությունների շրջանակը»:

Նուբարաշեն 11-րդ թաղամասի եւ Նոր Խարբերդ ու Այնթապ գյուղերի ջրամատակարարումը 2006թ. մայիսի 30-ից իրականացնում է «Երեւան Ջուր» ընկերությունը: Ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը Նոր Խարբերդ ու Այնթապ գյուղերում տեղի ունեցածի վերաբերյալ ասում է, որ նշված գյուղերում ջրամատակարարում են իրականացնում ե՛ւ իրենք, ե՛ւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը, սակայն թունավորման դեպքերն իրենց սահմանագծերում չեն գտնվում: «Դրանք անհատական ջրագծեր են եւ ոչ մեկս չի շահագործում»,- հայտնեց նա:

Հայաստանի Հանրապետության եւ ֆրանսիական «Վեոլիա» ընկերության միջեւ կնքված վարձակալության պայմանագրով սահմանված է, որ վարձակալը պետք է օպերատիվ կերպով արձագանքի բաժանորդներից ստացվող դիմումներին և բողոքներին: Միջին արձագանքման ժամանակահատվածները չպահպանելու դեպքում նրա նկատմամբ կիրառվում են տուգանքներ: «Երեւան Ջուր» ընկերության Հաճախորդների հետ փոխհարաբերությունների տնօրեն Գագիկ Մարգարյանն ասում է, որ ընկերությունում ստեղծված 1-85 ծառայությունում ավելի քան 1,5 տարի առաջ ներդրված արդիական տեխնոլոգիաների շնորհիվ բոլոր կառույցները հաշված րոպեների ընթացքում տեղեկանում են բնակիչների ահազանգերին:

«Ահազանգը մուտք եղավ՝ միանգամից տեսնում են շահագործման բոլոր տնօրինությունները, այդ ամենը փոխանցվում է տարածքի ինժեներին, եւ նա ձեռնարկում է աշխատանքը»,- ներկայացնում է տնօրենը:

Այդքան օպերատիվ գործելու պայմաններում, թե ինչու նրանց չհաջողվեց կանխել Նուբարաշենում ավելի քան երեք օր տեւած վթարային վիճակը, մանավանդ, ինչպես հաստատեց ընկերության տնօրենը՝ «րոպեների ընթացքում իմացել ենք այդ մասին», հստակ պատասխան չտրվեց: Ավելի ճիշտ, գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը հայտնեց, թե հնարավոր չէր պարզել վթարի վայրը, քանի որ «ունենք բազմաչարչար, հիվանդ ցանց, մարդիկ ինքնակամ ջրագծեր են անցկացրել ու միացրել համակարգին, եւ այդ մասին ոչ ոք ոչինչ չգիտի: Նա չբացառեց նման դեպքերի կրկնությունը եւ նշեց.

«Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյան 


«
Ջրամատակարարման այսօրվա համակարգի պայմաններում մենք ապահովագրված չենք, այսօր խողովակների վրա ավելի շատ անցք կա, քան երկաթ: Պարզապես, ջրամատակարարման շարունակականությունը ռիսկի գործոնը նվազեցրել է»:

2010թ. հունվարի 1-ից բնակիչների բողոքներով զբաղվում էր «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի կառույցում գործող Առևտրային տնօրինությունը, որի ղեկավարն այն ժամանակ Գագիկ Մարգարյանն էր: Պայմանագրի իրականացման 4-րդ տարում դանիական «Ռամբոլ» կազմակերպությունը «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի 2009-10թթ.-ի տեխնիկական, շահագործման, սպասարկման եւ կառավարման աուդիտ է իրականացրել: Կազմակերպական առումով, ըստ աուդիտորի, խնդրին լուծում տրվել է. «Ջրամատակարարման վթարների, գրաֆիկների խախտումների, կոյուղու վթարների, ինչպես նաև բակային պոմպերի խափանումների վերաբերյալ ահազանգերը բնակչությունից կամ կազմակերպություններից ընդունվում են 1-85 ծառայության միջոցով»:

Միաժամանակ, աուդիտում ասվում է. «Հաճախակի են բողոքներն այն մասին, որ դժվար է միանալ 1-85-ին: Հասարակական կարծիքն այն է, որ Վարձակալի կողմից վթարների վերացման ծառայության մակարդակը բավարար չէ արագության առումով: Թեև բաժանորդների դիմումներին արձագանքման ժամանակը չի գերազանցել թույլատրելի սահմանը, անբավարար է գնահատվում այն, որ արձագանքման միջին տևողությունը 4-րդ տարում գրեթե կրկնապատկվել է 3-րդ տարվա համեմատ: «Երևան Ջուր» ընկերությունը պետք է բացատրի, թե որն է պատճառը, որ ստիպել է վթարային բրիգադներին կրկնակի ավել ժամանակ ծախսել վթարների վերացման վրա 4-րդ տարում, քան ծախսվել էր 3-րդ տարում»:

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում 2011թ. հունիսի 3-ին, բնակչությանը հոսպիտալացնելուց հետո, դեպքի վերաբերյալ տեղեկատվության մեջ հաղորդվում է, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի «Հարավային մասնաճյուղի» եւ Երեւանի քաղաքապետարանի մասնագետների իրականացրած աշխատանքների արդյունքում վթարն արդեն վերացվել է: Իրազեկ անձինք պնդում են, որ ընկերությունում վթարները վերացնելու աշխատանքներ ձեռնարկում էին միայն այն ժամանակ, երբ աղմուկ էր բարձրանում, ուստի չպետք է զարմանալ, որ վթարը վերացվեց, երբ մարդկանց սկսեցին հոսպիտալացնել:

«Երեւան Ջուր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Սերժ Դենիս Պոպոֆին ուղղված գրություններից մեկով ընկերության մասնաճյուղերի տնօրենները եւ 2 վարչությունների պետեր դժգոհել են աշխատանքների կազմակերպման հարցում ծագող խոչընդոտներից եւ իրավիճակը շտկելու կտրուկ քայլեր ակնկալել նրանից:

«Գնահատում ենք կատարված ներդրումները տեխնիկայի տեսքով, բայց պնդել եւ պնդում ենք, որ գլխավոր ներդրումները պետք է իրականացվեն վթարային ջրագծերը, չաշխատող փականները փոխելու ճանապարհով: Սա պրակտիկայում չի կատարվում: Դադարեցված են գոտիավորման աշխատանքները, ըստ էության, մենք մաշեցնում ենք առանց այդ էլ խիստ մաշված ցանցը: Այս պայմաններում մասնաճյուղերը մեծ ջանքերով հազիվ վերացնում են վթարները, իրականացնում շահագործում: Ի դեպ, մասնաճյուղերին երբեմն հանձնարարվում է փոխել 100-400 մ ջրագիծ, որն անընդունելի է, մասնաճյուղերի գործառույթների կոպիտ խախտում է ...»,- հայտնել են նրանք:

Պայմանագրի «Տեխնիկական կառավարում» բաժնի

8-րդ կետ. «արտահոսքի հայտնաբերում եւ հսկումդրա կանխարգելման եւ կորուստների նվազեցման միջոցների ձեռնարկում»:

9-րդ կետ. ընդլայնված պահպանում եւ վերանորոգման ծրագրերի պլանավորումներառյալ սարքավորումների վերականգնում եւ նորոգում, որոնք ընդգրկված են Բիզնես պլանների եւ Ընդլայնված պահպանման ու նորոգման ծրագրերի պլաններում:  

14 կետ. Ստորգետնյա խողովակաշարի պահպանում, որը նպաստում է մակերեւույթի ջրերի արտահոսքերին, քանի դեռ այդ խողովակաշարը միացված է կոյուղու համակարգին:

Չնայած պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելուն, ընկերության գլխավոր տնօրենի արարքում գլխավոր դատախազությունը նույնպես հանցակազմ չի տեսել եւ իր առաքելությունն ավարտել է ընդամենը Երեւանի քաղաքապետին միջնորդելով քննարկել ջրի հոսակորուստների եւ գաղտնի վթարների հայտնաբերման այլընտրանքային (լրացուցիչ) եղանակների կիրառման հարցը՝ բավարար չհամարելով «Երեւան Ջուր» ընկերությունում կիրառվող եղանակը:

Երեւանի քաղաքապետին ուղղված գրությամբ խնդրել էինք հայտնել, թե քաղաքապետարանում ինչ ընթացք է ունեցել դատախազության միջնորդագիրը:

«Տվյալ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ընկերության կողմից ձեռք են բերվել հոսակորուստների հայտնաբերման եւ ճնշումային տատանումներն արձանագրող նորագույն եւ առավել զգայուն սարքեր: Խնդիրն առավել բարդ է կոյուղու համակարգում, որտեղ ճնշումների բացակայությունը թույլ չի տալիս կիրառել վերը նշված եղանակը: Այս կապակցությամբ ուսումնասիրություններ են կատարվում եւ առաջիկայում կձեւավորվի որոշակի մոտեցում՝ խնդրի արդիական լուծումների կիրառության մասով»,- հայտնել է քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կ. Ղազարյանը:

«Երեւան ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը նույն հարցին պատասխանում է. «Սրանք նորագույնն են, բայց, միեւնույնն է, 100 տոկոսանոց արդյունք չեն ապահովի, միակ ելքը ջրի ցանցը փոխելն է»:

Տնօրենի ասելով՝ ներկայիս ցանցավորման դեպքում, երբ հնարավոր չի լինում պարզել, թե ով որտեղից է խողովակներն անցկացրել, ի վիճակի չեն լինի ժամանակին կանխելու նման դեպքերը, իսկ նոր ջրագիծ ունենալու համար մեծ գումարներ են պետք: Ջրի սակագնի մեջ ներառված ծախսերն ապահովում են ամենավթարային վիճակում գտնվողները փոխելու ծախսը: Տնօրենն ասում է, որ այդ հարցին Կառավարությունը պետք է լուծում տա վարկերի տեսքով, նախապես կար պայմանավորվածություն, որ պետք է լինեին վարկային ծրագրեր: 

Գլխավոր տնօրենը հայտնեց, որ ընկերությունն իր ստանձնած պարտավորությունները, նաեւ ներդրումների մասով, լիարժեք իրականացրել է, իսկ ընկերության գործունեության, թերացումների վերաբերյալ բոլոր դժգոհությունները նա եւ Գագիկ Մարգարյանը համարեցին «աբսուրդ, անլուրջ խոսակցություններ»:

Նուբարաշենի թունավորումը կանխելու վերաբերյալ դատախազության մեկնաբանության հետ՝ «պարբերական դիտարկումներ, ստուգայցեր անցկացնելով» հնարավոր էր կանխել դեպքը, ընկերության ղեկավարները նույնպես չհամաձայնեցին:

շարունակելի 

Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (SCOOP) աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter