HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Խմելու ջուրը 5 տարի չի թանկանա, իսկ «Վեոլիա ջուր»-ը կպահպանի «չարաշահումներ եւ յուրացումներ» կատարելու իրավունքը

Երեւան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի 14 տան սեփականատեր Կարապետ Մերմերյանի տունը փլվել է շենքի տակ լցվող մեծաքանակ ջրի պատճառով։ Կարապետը 15 րոպեն մեկ անգամ տան նկուղում հավաքվող ջուրը պոմպով դուրս է մղում՝ այդպիսով առայժմ փլուզվելու վտանգից պաշտպանելով հարեւանների տները։

Հարեւանները նույնպես պոմպեր են տեղադրել եւ օրվա մեջ որոշակի ժամանակ են հատկացնում ջուրը մղելուն: Չնայած դրան, մշտապես հոսող ջուրը թուլացրել է բոլորի տան հիմքերը: Բնակիչները մեզ ցույց են տալիս կիսաքանդ, ճաքած ու բորբոսնած պատերը, անօգտագործելի դարձած կահույքը, խոնավությունից ու բորբոսից խունացած հագուստները։ Նրանք պարզել են, որ մայթեզրով անցնող խմելու ջրի խողովակը (մոտ 2 դույմ) քայքայված է, եւ ջուրը մոտ երկու տարի հոսում է ավելի ցածրադիր հատվածում գտնվող տները։ Խ. Դաշտենցի փողոցի 8-32 համարների բնակելի տները վթարային են դարձել մոտ երկու տարվա ընթացքում։

Մայրաքաղաքում խմելու ջրի սպասարկումն իրականացնում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, որին դիմել են ջրագիծը փոխելու խնդրանքով։ 2018 թ. սեպտեմբերի 17-ին «Վեոլիա ջրի» գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը 14 տան սեփականատեր Կարապետ Մերմերյանին պատասխանել է. «Ընկերության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում տարածքի ջրագծերում եւ կոյուղագծերում որեւէ վթար կամ արտահոսք չի հայտնաբերվել։ Ամենայն հավանականությամբ, արտահոսքի պատճառը ստորգետնյա ջրերն են, որոնք ընկերության գործունեության հետ որեւէ առնչություն չունեն»։

Այդուհանդերձ, բնակիչներին հաջողվել է հիմնավորել, որ ջրի արտահոսքի պատճառը մայթեզրով անցնող խմելու ջրի քայքայված խողովակն է։ Կարապետի ասելով՝ անցյալ տարի, երբ մեկ օրով ջրանջատում է եղել թաղամասում, նկուղներում, նաեւ՝ փողոցի դիտահորերում ոչ մի կաթիլ ջուր չի եղել: Նրանք հաստատապես համոզվել են, որ արտահոսքը խմելու ջրի խողովակից է:

Բնակիչների բողոքների արդյունքում ընկերությունն անցյալ տարի փոխել է խողովակի մի հատվածը՝ մոտ 150 մետր, որից հետո երկու ամիս ջրի հոսքը տներ դադարել է։ Սակայն, դրանից հետո քայքայված խողովակը պայթել է մեկ այլ հատվածում, ու կրկին ջուրը հոսում է տները: «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ստուգումների արդյունքում համոզվել են, որ խողովակը 1 կմ երկարությամբ փտած է, բայց քանի որ այն ծախսատար է, հրաժարվել են փոխել։

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացա»-ն ստանձնել է վթարված տների բնակիչների շահերի պաշտպանությունը: ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել հանրապետության գլխավոր դատախազին։ Մոտ 4 ամիս առաջ Քննչական կոմիտեի Էրեբունի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, ապամոնտաժված խողովակի մի կտոր ճանաչվել է իրեղեն ապացույց եւ ի պահ է տրվել Կ Մերմերյանին։

Բնակիչները դժգոհում են քննչական մարմնի դանդաղկոտությունից՝ առաջընթացը նկատելի չէ: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական գործով երկու փորձաքննություն է նշանակվել։ Դրանցից մեկով ցանկանում են պարզել՝ տներ լցվողը խմելաջո՞ւր է, թե կոյուղաջուր, իսկ ապրանքագիտական փորձաքննությամբ գնահատվելու է ջրի արտահոսքի պատճառով բնակիչներին պատճառված վնասի չափը։

Սա «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին առնչվող միակ քրեական գործը չէ: Ոստիկանությունը 2018 թ. օգոստոսի 25-ին տեղեկացրեց ընկերությունում բացահայտված խոշոր չարաշահումների մասին։ Քրեական գործի քննությունը հանձնարարվեց Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ): Դեռեւս մարտի 1-ին հարցում էինք ուղղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ փուլում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում բացահայտված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործը։

Հիշեցնենք՝ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արեւելք» մասնաճյուղի տնօրեն Կարապետ Օհանյանը եւ «Արեւմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, նախկինում հանդիսանալով համակուրսեցիներ եւ մտերիմ ընկերներ, գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2017-2018 թթ. ընթացքում կազմակերպել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից գնումներ կատարելու, ինչպես նաեւ շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցելու գործառույթները, [․․․] չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ [․․․]։

ՀՔԾ-ից հայտնեցին, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում, ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով, ի հայտ են եկել պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներ եւ քրեական գործ հարուցելու օրինական առիթներ։

«Նախաքննության ներկա փուլում դեռեւս որեւէ անձ որպես մեղադրյալ չի ներգրավվել այն պատճառով, որ չարաշահումների, ենթադրյալ հափշտակությունների եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների առկայությունը հաստատելու կամ հերքելու ուղղությամբ իրականացվում են մեծածվալ քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում նաեւ կատարվում են մասնագիտական ստուգումներ, որոնց արդյունքներով պայմանավորված միայն հնարավոր կլինի գնահատական տալ անձանց արարքներին»,- պատասխանեցին ՀՔԾ-ից։

Քրեական գործը հարուցելու օրից անցել է ավելի քան 9 ամիս, սակայն ՀՔԾ-ն շարունակում է լռություն պահպանել հանրային կարեւորության այս աղմկահարույց գործի վերաբերյալ: Այս պատմությամբ հետաքրքրվածները քրեական գործը վաղուց փակված են համարում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ամփոփեց իր վարչապետության մեկ տարին՝ «Նոր Հայաստանի» ձեռքբերումները ներկայացնելով 100 փաստով: Վարչապետը որպես ձեռքբերում ներկայացրեց այն, որ խմելու ջրի սակագինը չի բարձրանալու մինչեւ 2025 թ.-ը:

 

Ամենայն հավանականությամբ, այս կոռուպցիոն բացահայտումն էլ չէր լինի, եթե հերթական անգամ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն չհայտարարեր, որ պատրաստվում է ջրի սակագինը բարձրացնել 14 դրամով: Հայտարարությունն արվեց այն ժամանակահատվածում, երբ հեղափոխական կրքերը շատ թեժ էին Հայաստանում: Ջրի սակագնի բարձրացումը հակասում էր նոր իշխանության եկածների հայտարարած քաղաքականության տրամաբանությանը, եւ ամենեւին պատեհ ժամանակ չէր բնակչության լայն սպառման որեւէ ծառայության արժեքը բարձրացնելու համար։

2018 թ. հունիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին: Վարչապետն ընդգծել էր, որ անհրաժեշտ է հետեւողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները նվազեցնելու ուղղությամբ եւ հավելել, որ դա կնպաստի նաեւ սակագնային արդյունավետ քաղաքականությանը: Ն. Փաշինյանը ֆրանսիական ընկերությանն առաջարկել էր ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություններ:

Նույն պահանջը, առ ժամանակ հետո, կրկնել էր Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ հանդիպման ժամանակ: Նա հայտնել էր, որ խմելաջրի 80% կորուստը չափազանց մեծ է եւ անհավանական: Կոմիտեի նախագահն արդար չէր համարել առանց գործունեությունը բարելավելու խոսել ջրի թանկացման մասին եւ առաջարկել էր լուծել այդ խնդիրը, որից հետո միայն անդրադառնալ սակագինը բարձրացնելուն։

«Իմ պաշտոնավարման հենց առաջին շաբաթվա ընթացքում մեր մասնագետների ուժերով մի փոքր ուսումնասիրություն ենք կատարել եւ խոշոր ջրօգտագործողների մոտ հայտնաբերել ենք ջրագողության, ապօրինի ջրօգտագործման, օգտագործվող ջուրը չհաշվառելու բազմաթիվ դեպքեր։ Եվ սա շարունակական բնույթ է կրել ու, կրկնում եմ, հենց այս ամենի պատճառով է ջրի անհավանական կորուստ արձանագրվում՝ 80% եւ ավելի չափով։ Այնինչ, այդ երեւույթները որեւէ կերպ չպետք է ներառվեն կորուստների մեջ եւ հակառակը՝ վերացվեն օր առաջ»,- հայտնել էր տկն Գաբայանը։

Ֆրանսիական ընկերությունում, հավանաբար, լուրջ չէին ընդունել նախազգուշացումները: 2018 թ. օգոստոսի 8-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրման հարցով։ Օգոստոսի 25-ին ոստիկանությունը հայտարարեց «Վեոլիա ջուր» ընկերությունում բացահայտված խոշոր չարաշահումների եւ ՀԾԿՀ-ի հետ կոռուպցիոն գործարքի մասին։

Նոր գործարք «Վեոլիա ջուր» ընկերության հետ. խմելու ջրի սակագինը մինչեւ 2025 թ.-ը չի բարձրանա՝ քրեական գործը փակելու դիմաց

Վարչապետ Փաշինյանը խոստացավ սեպտեմբեր ամսին Ֆրանսիա կատարելիք աշխատանքային այցի ընթացքում հանդիպում ունենալ Հայաստանի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունը 15 տարով ստանձնած ֆրանսիական «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ» ընկերության ղեկավարության հետ եւ նրանց փոխանցել հանրության դժգոհությունը՝ անարդյունավետ կառավարման վերաբերյալ։ Սակայն, Ֆրանսիայից վերադարձին, ժողովրդի հետ ուղիղ կապով հաղորդակցվող վարչապետը լռության մատնեց այդ մասը։ Լրագրողները պատասխան էին ակնկալում վարչապետից, իսկ նա միայն հայտնեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ անդրադարձ եղել է այդ հարցին:

2018 թ. հոկտեմբերի 11-ին Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որին ներկա գտնվեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Տարբեր աղբյուրներից մեզ հավաստիացնում են, որ «Վեոլիա ջուր» ընկերությունում կատարված յուրացումների վերաբերյալ հարուցված քրեական գործի ճակատագիրն այդ օրերին հանգուցալուծվեց բարեկամական միջավայրում:

Դրանից հետո «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրին սկսեց հաճախակի այցելել Հայաստան՝ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպելու նպատակով։

2018 թ դեկտեմբերի 12-ին Մալիկա Գենդուրիին ընդունեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հանդիպման մասին պաշտոնական լրատվության մեջ նշվեց միայն տկն Գենդուրիի անունը, բայց հանդիպմանը ներկա էր նաեւ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, որի անվան հետ էր կապված ոստիկանության բացահայտումը: Պաշտոնական հանդիպմանը նրա ներկայությունը հանրությանն ուղղված ուղերձ էր պարունակում:

Հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ ասվեց. «Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջերս ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, ըստ որի՝ 2019 թ. նախատեսված խմելու ջրի սակագնի բարձրացումը տեղափոխվել է 2025 թ.»:

Մալիկա Գենդուրին վերջին անգամ 2019 թ. մարտի 20-ին հանդիպեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Հաղորդագրությունը խիստ պաշտոնական էր եւ ոչինչ չասող. «...Մալիկա Գենդուրիին Հանրապետության նախագահին տեղեկացրել է Հայաստանում «Վեոլիա» ընկերության գործունեության ու ծրագրերի մասին»:

Քրեական գործի քննությունը հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակում սառեցնելը, թերեւս, կարելի է փոխզիջում համարել, եթե Կառավարությունը դրանից հետո «Վեոլիա ջուր» ընկերությանը օրինական գործունեության դաշտ վերադարձնելու գործընթաց նախաձեռներ: Այսինքն՝ սահմանափակվեին մի շարք որոշումներով եւ օրենսդրությամբ ընկերությանը տրված արտոնությունները, որոնք հիմք էին ստեղծել բացահայտված չարաշահումների ու յուրացումների համար:

«Վեոլիա ջուր» ընկերությունը հանրային ծառայություններ մատուցող չէ՞

Ոստիկանության բացահայտումը կոռուպցիայի դասական օրինակ է, բայց ֆրանսիական «Վեոլիա Գրուպ» ընկերության եւ հայաստանյան կառույցների միջեւ տեղի ունեցած միակ կոռուպցիոն գործարքը չէ: 2016 թ. նոյեմբերի 16-ին «Վեոլիա Օ-Կոմպանի Ժենեղալ դե Օ», Ֆրանսիա («ԿԺՕ») եւ ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի, միջեւ կնքված վարձակալության պայմանագրով ընկերությանը տրվեց Հայաստանի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա` մինչեւ 2031 թ. դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով: Ընկերությունը նաեւ բազմաթիվ արտոնություններ ստացավ կառավարման ողջ շրջանի համար։ Այսպես.

Հանրային ծառայություններ մատուցող, խմելու ջրի մատակարարման ոլորտում մոնոպոլ դիրք ունեցող «Վեոլիա ջուր» ընկերությանը ՀԾԿՀ-ն ազատեց հրապարակային գնումներ կատարելու պարտավորությունից:

Կառավարությունը օրենք մշակեց, որով բնապահպանական հարկի գծով արտոնություն տվեց ՀՀ-ում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությանը՝ վարձակալության ամբողջ ժամանակահատվածի համար:

2017 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 391 Ա որոշումով ՀԾԿՀ-ն հաստատել էր «Գնումների կարգերի նկատմամբ լրացուցիչ պահանջների սահմանման ենթակա հանրային կազմակերպությունների ցանկը...», որում ներառվել է 6 ընկերություն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ, «Միջազգային էներգետիկ կորպորոցիա» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» ՍՊԸ, «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ (վերջինս՝ ՀԾԿՀ-ի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով կատարվող գնումների մասով):

«Վեոլիա ջուրը» այս ցանկից դուրս թողնելը պատահականություն չի կարող համարվել:

ՀԾԿՀ-ից ստացած արտոնությանն օրինական տեսք տալու նպատակով «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լֆեն 2018 թ.-ի փետրվարի 5-ի գրությամբ դիմել է ֆինանսների այն ժամանակվա նախարար Վարդան Արամյանին եւ հայտնել, որ ՀԾԿՀ-ի 2017 թ. սեպտեմբերի 13-ի թիվ 391 Ա որոշումով հաստատվել է գնումների կարգերի նկատմամբ լրացուցիչ պահանջների սահմանման ենթակա հանրային կազմակերպությունների ցանկը, որում ընկերությունն ընդգրկված չէ: «Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ հայտնել, թե ընկերությունն օրենքի իմաստով պատվիրատու հանդիսանո՞ւմ է, թե՝ ոչ, եւ իր գնումներն իրականացնելիս պարտավո՞ր է, արդյոք, ղեկավարվել Օրենքով»:

Օրենք մեկնաբանելը արդարադատության նախարարության (ԱՆ) իրավասությունն է, սակայն այս դեպքում դիմումը չի վերահասցեագրվել ԱՆ-ին։ Կրիստիան Լըֆեին պատասխանել է ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը. «Հաշվի առնելով, որ ՀԾԿՀ-ից ստացված դիրքորոշման համաձան՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող գնումներն ընդհանրապես ազդեցություն չունեն ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների վրա եւ դրանով պայմանավորված ընկերությունն ընդգրկված չէ ՀԾԿՀ 13.09.2017 թ. N 391 Ա որոշմամբ հաստատված գնումների պահանջների նկատմամբ լրացուցիչ պահանջների սահմանման ենթակա հանրային կազմակերպությունների ցանկում, հայտնում ենք, որ Օրենքի նշված նորմի իմաստով ընկերությունը հանրային կազմակերպություն չի հանդիսանում»։

ՀԾԿՀ-ի 09.12.2016 թ.-ի թիվ 397 Ա որոշումով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տրված լիցենզիայի սպասարկման տարածքը ներառում է 356 բնակավայր, ներառյալ Երեւանը եւ 41 այլ քաղաքներ եւ 314 գյուղ: Միաժամանակ, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ է մատուցում թվով 52 բնակավայրերի: Այսինքն, նրան է հանձնված հանրապետության ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի 73%-ի կառավարումը:

Այսքանով փաստված է, որ հանրային ցանցի շահագործման շրջանակում մատուցվող ծառայությունների մասով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն մենաշնորհային դիրք ունի: Իսկ թե ինչ հետեւանքներ են ունենում մենաշնորհային դիրք ունեցող ընկերության ոչ հրապարակային գնումները՝ ոստիկանության բացահայտված չարաշահումներից բացի, հիմնավորում է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)՝ իր վարույթում քննված մեկ գործի օրինակով:

2018 թնոյեմբերի 7-ին ՏՄՊՊՀ որոշումով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն տուգանվեց 20 մլն դրամով: Հանձնաժողովին դիմել էր «Արազեն» հայ-գերմանական ՀՁ-ն՝ հայտնելով, որ «Վեոլիա ջրի» պատճառով հայտնվել է ոչ մրցակցային իրավիճակում եւ դադարեցրել է արտադրությունը: «Արազեն» ՀՁ-ն տեղեկացրել է, որ ընկերությունը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, սակայն «Վեոլիա ջրի» անօրինական գործողությունների հետեւանքով դուրս է մղվել շուկայից եւ դադարեցրել է արտադրությունը:

Մասնավորապես, ըստ «Արազենի» դիմում-բողոքի, «Վեոլիա ջուր»-ը զբաղեցնում է մենաշնորհային դիրք, զբաղվում է նաեւ ջրաչափերի ներմուծմամբ եւ տեղադրմամբ: Միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ: Գնման գործընթացը տեղի չի ունեցել հրապարակային, եւ «Վեոլիա ջուրը» հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողների եւս, մասնավորապես՝ իրենց, գործելու այդ շուկայում: Մինչդեռ ջրաչափերի ձեռք բերումը բաց եւ հրապարակային իրականացնելու պարագայում, իրենք եւս հնարավորություն կունենային առաջարկելու եւ իրացնելու իրենց ջրաչափերը:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ, «Վեոլիա ջուրը» ունենալով մենաշնորհային դիրք, մեր երկրում հանդիսանում է ջրաչափերի նկատմամբ հիմնական պահանջարկ ներկայացնող տնտեսվարողը, հետեւապես պարտավոր է այդ շուկայի բոլոր տնտեսվարողների համար ապահովել հավասար մրցակցային պայմաններ: Միայն մեկ տարվա ընթացքում «Արազենի» իրացման ծավալները կրճատվել են 60%-ով:

«Վեոլիա ջուր»-ը ջրաչափերը մինչեւ 3 անգամ թանկ գնով է ձեռք բերել, անարդյունավետ ծախսը 1 տարվա կտրվածքով կազմել է 100 մլն դրամ։

Համաձայն ուսումնասիրության՝ «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը գնային առումով, որոշ դեպքերում, նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկային ու արտադրանքի գներին: Այսպես՝ 2017 թ. «Վեոլիա ջրի» ներմուծած ջրաչափերի միջին գինը, ըստ տեսակների, կազմել է 8400 եւ 9500 դրամ, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3200 դրամից՝ հասնելով առավելագույնը 7000 դրամի:

Այս տարի եւս ընկերության ներմուծած DN 15 մմ տրամագծով ջրաչափերի միջին գինը կազմել է 10 հազար դրամ այն դեպքում, երբ տեղական շուկայում դրանց գինը տատանվել է 3300-ից մինչեւ 7600 դրամի սահմաններում: Արդյունքում, միայն 1 տարվա կտրվածքով` 2017-ին, ընկերությունը ջրաչափեր ձեռք բերելու համար վճարել է 100 մլն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս:

Այս մեկ օրինակով ամփոփենք ոչ հրապարակային գնումներ իրականացնելու հետեւանքները ՝

  • ջրաչափ արտադրող ընկերությունը դուրս է մղվել շուկայից եւ դադարեցրել է արտադրությունը,
  • «Վեոլիա ջուր»-ը ներկայացրել է, որ ջրաչափերը մինչեւ 3 անգամ թանկ գնով է ձեռք բերել, անարդյունավետ ծախսը մեկ տարվա կտրվածքով կազմել է 100 մլն դրամ։
  • «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն տարեկան մինչեւ 2,5 մլրդ դրամի ներդրում պետք է կատարի խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման համակարգում, եւ միայն ջրաչափեր ձեռք բերելու գործարքով տարեկան առնվազն 100 մլն դրամով պակաս է կատարել ներդրումը: Այդ գումարով, գուցե, հնարավոր էր փոխել Խ. Դաշտենց փողոցի ջրատար խողովակը եւ կանխել ջրի արտահոսքը, հետեւաբար նաեւ՝ չքանդել բնակիչների տները:
  • «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն  վատնում է Հայաստանի ջրային պաշարները:

Խաչիկ Դաշտենց փողոցի բնակիչները համոզված են, որ խմելաջրի արտահոսքը շատ ավելի երկար ժամանակ է տեղի ունեցել, այն նկատելի է եղել միայն այն ժամանակ, երբ ջուրը սկսել է խարխլել տների հիմքերը։ Ընկերությունը ջրակորուստները չափելու հնարավորություն ունի եւ, բնականաբար, տեղյակ է եղել կորուստների ծավալից, բայց այդ հարցը նրանց չի մտահոգել: Ինչպես «Երեւան ջրի» գործունեության 10 տարիներին, այնպես էլ հիմա նրանք կորուստները փոխհատուցել են ջրի սակագինը բարձրացնելով։

Շարունակելի

Լուսանկարները և տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Արամ Գրիգորյան
Ամեն ինչ ճիշտ է, սակայն, ջրի սակագինը 5 տարի չի թանկանա միտքը թյուրիմացություն է: Հայաստանում ջուրը շատ թանկ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter