HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Առեւտրային կորուստները» «Երեւան Ջուր» ընկերության ղեկավարությանը կայուն եկամուտ են ապահովում

Սկիզբը

ՀՀ կառավարությունը Երեւան քաղաքի եւ հարակից 32 գյուղերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը 2005թ. կնքված պայմանագրով վարձակալության է հանձնել ֆրանսիական «Վեոլիա» կազմակերպությանը: 2006թ. մայիսի 30-ից «Վեոլիա» ընկերությունն ստանձնել է սպասարկման տարածքում ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի (ներառյալ գույքի) կառավարման, շահագործման, պահպանման եւ նորոգման պատասխանատվությունը: «Վեոլիան», ստանձնելով «Երեւան Ջուր» ընկերության շահագործումը, պարտավորվել էր պայմանագրի իրականացման 10-րդ տարվա ընթացքում՝ 2016թ.-ին, ապահովել մինչեւ 24-ժամյա ջրամատակարարում:

Համաշխարհային բանկը նաեւ վարկ տրամադրեց ընկերությանը՝ պայմանագրով ստանձնած պարտավորություններն իրականացնելու համար: Վարկային ծրագրով նախատեսված պարտավորությունների իրականացմանը անցնող 5 տարում հետեւել է Երեւանի քաղաքապետարանին կից ստեղծված «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկը (ՀԶԾԳ ՊՀ): «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած տարեկան բիզնես-ծրագրերի վերաբերյալ այս հիմնարկի տեղեկանքներից պարզ է դառնում, որ առաջին ոգեւորիչ հաջողությունները՝ Երեւան քաղաքի ջրամատակարարման որոշակի բարելավում, ժամային գրաֆիկների հստակեցում, որոնք «Երեւան Ջուր»-ը գրանցեց իր գործունեության առաջին երեք տարում, շարունակականություն չեն ունեցել: Պայմանագրային 6-րդ տարում՝ 2012-ին, իրազեկ անձանց վկայությամբ, հաջողվել է մայրաքաղաքում առավելագույնը 16-ժամյա ջրամատակարարում ապահովել:

ապօրինի միացման կետ

«Երեւան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը չի ընդունում այս ցուցանիշը եւ պնդում է, որ 2012թ.-ին արդեն իրենց հաջողվել է ապահովել 2016թ.-ի համար պլանավորված ցուցանիշը՝ մինչեւ 23-ժամյա ջրամատակարարում: Նրա ասելով՝ ներկայում մայրաքաղաքում նվազագույն ջրամատակարարումը 12 ժամ է, այն էլ՝ շատ փոքր հատվածում:

Նման բարձր ցուցանիշ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն քաղաքապետարանին ներկայացրել էր դեռեւս երկու տարի առաջ՝ հավաստիացնելով, թե գրեթե 21-ժամյա ջրամատակարարում է ապահովում: Սակայն իրականում բնակչությունը դժգոհում էր ջրամատակարարումից, եւ դժգոհությունները մեծանում էին հատկապես ամռան ամիսներին՝ դառնալով քաղաքապետարանի խորհրդակցությունների հիմնական թեման: Իրազեկ անձանց պնդելով՝ քաղաքապետարանի ու «Երեւան Ջուր» ընկերության միջեւ լարվածութունը գնալով մեծացավ:

Երեւան մտնող ջրի միայն 15%-ի դիմաց է գումարը հավաքագրվում

Ընկերությունն իր թերացումը բացատրում էր ջրային կորուստներով՝ 81-86%, եւ կորուստները կրճատելու ու ջրամատակարարումը բարելավելու նկատառումով առաջարկում է դադարեցնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների ու շատրվանների ջրամատակարարումը կամ ջրաչափեր տեղադրելով՝ լուծել ջրի կորուստների հարցը: Նշենք, որ ըստ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի հաշվարկների` ցայտաղբյուրների սպառումը կորուստների մեջ կազմում է ընդամենը 2-3%, բացի դրանից՝ նոյեմբերից մինչեւ ապրիլ ամիսը դրանք անջատված են, այնպես որ դրանց գործունեությունը դադարեցնելը էապես չէր կարող փոփոխել ջրակորուստների ցուցանիշը:

ձկան վաճառքի կետ

Քաղաքապետարանը չի համաձայնել տնօրինության պահանջին եւ առաջարկել է «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի կառույցում ստեղծել վերահսկողություն իրականացնող տնօրինություն, որն, ըստ էության, ընկերությունը պարտավոր էր ունենալ՝ համաձայն ՀՀ Կառավարության հետ կնքած պայմանագրի երկրորդ հավելվածի: Նորաստեղծ տնօրինության պարտավորությունն էր բացահայտել ընկերության ստորաբաժանումների աշխատակիցների թերացումները, հայտնաբերել եւ բացահայտել ապօրինի ջրամիացումները եւ ակտավորել դրանք, կանոնակարգել ջրի կորուստները, իրականացնել ներքին ցանցի, վթարների վերականգնման աշխատանքների վերահսկողություն, կատարել հոսակորուստների որոնման եւ վերահսկողության աշխատանքներ, իրականացնել ջրամատակարարման որակին առնչվող ահազանգերի վերահսկողություն, նպաստել Երեւան քաղաքում եւ հարակից վայրերում ջրակորստի նվազմանը եւ ընկերության եկամուտների ավելացմանը:

«Երեւան Ջուր» ՓԲԸ-ի տնօրինությանը առաջարկը դուր չի եկել, սակայն հարկադրված է եղել զիջումների գնալ, քանի որ ընկերության գործունեությունից դժգոհությունները մեծանում էին: «Ընկերությանն ընդհանրապես չի հաջողվել նվազեցնել ջրային կորուստները եւ խնայողաբար օգտագործել խմելու ջուրը: Պայմանագրային 4-րդ տարվա համար անթույլատրելի բարձր են մնում համակարգի կորուստները` 84,6%: Ընկերությանը 4 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց 84% կորստի ցուցանիշը գոնե 1%-ով նվազեցնել, չնայած դրա համար բոլոր անհրաժեշտ գործոններն առկա են....»,- «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրային 4-րդ տարվա տարեկան հաշվետվության վերաբերյալ 2010թ. մարտ ամսին այսպիսի կարծիք է ներկայացրել Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակը:

2010թ. ապրիլի 19-ից «Երեւան Ջուր» ՓԲԸ-ում գործել է Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինությունը (ՋՀՀՎ տնօրինություն): Տնօրինությունն ընկերության ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է եղել, որն անմիջականորեն ենթարկվել է «Երեւան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրենին: «Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության» տնօրինությունը գործել է ընդամենը մեկ տարի եւ այդ ընթացքում ուսումնասիրել է «Երեւան ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի 1/4 մասը՝ մայրաքաղաքի 7 համայնքներ եւ շրջակա որոշ գյուղեր, ինչի արդյունքում հայտնաբերել է 15.305 խախտում ու դրանց վերաբերյալ կազմել համապատասխան ակտեր: Խախտումների բացահայտման արդյունքում ընկերության բյուջե է մուտքագրվել 166 մլն դրամ:

Գագիկ Մարգարյան

Խախտումներն իրենց բնույթով այսպիսին էին՝ ոչ բաժանորդներ, ջրաչափերի արտաքին միջամտության դեպքեր, շրջանցող ջրագծեր, անսարք եւ վնասված ջրաչափեր, բաժանորդներ, որոնք ունեն ջրամատակարարում, սակայն ջրաչափ չլինելու պատճառով պարտքեր են գոյացել եւ այլն: Հայտնաբերել են մի շենք, որի բնակիչները բաժանորդ չէին, մի բնակավայր` Զովունի այգեգործական ընկերությունը, որտեղ ողջ բնակչությունը ջրի վարձ չէր վճարում, այդ թվում նաեւ «Երեւան Ջուր» ընկերության Հաճախորդների հետ փոխհարաբերությունների տնօրեն Գագիկ Մարգարյանը, ում ամառանոցը գտնվում է այնտեղ: Հայտնաբերել են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիները ցանկանում են դառնալ բաժանորդ, սակայն ընկերության համապատասխան բաժինները նրանց հետ պայմանագրեր չեն կնքում, մեկ այլ դեպքում՝ կնքված ջրաչափերը գրանցված չեն եղել տվյալների համակարգչային բազայում եւ այլն:

Այս ամենի հետեւանքով քաղաքացիներից հավաքված գումարներն անհետացել են, իսկ ընկերության եկամուտները չեն ավելացել: «Դա ներկայացվել է որպես առեւտրային կորուստ»,- հայտնեց Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության  տնօրեն Միքայել Դավթյանը: Նրա հաշվարկներով՝ Երեւան մտնող ջրի միայն 15%-ի դիմաց է գումարը հավաքագրվում: Չվճարողների մեջ ոչ միայն ֆիզիկական ու իրավաբանական անձինք էին, այլեւ պետական հիմնարկներ:

Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության՝ 03.05.2010թ.-20.04.2011 թ. ընկած ժամանակամիջոցում արձանագրած խախտումները

Ակտի տեսակը

ընդամենը

որից ոչ բաժանորդ

 

Ֆիզիկական

Իրավաբ.

ընդամենը

Ֆիզ.

Իրավաբ.

Ապօրինի ջրօգտագ.

4774

436

5210

 

 

Անսարք ջրաչափ

956

94

1050

 

 

Վնասված ջրաչափ

1359

57

1416

1392

152

Պետ.ստանդ. կնիք

1828

84

1912

 

 

Հոլոգրաֆ կնիք

5544

173

5717

 

 

ընդամենը

14461

844

15305

 

1544

Բացահայտված ապօրինությունների վերաբերյալ կազմված ակտերն ուղարկվել են «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի տնօրինություններին ու գլխավոր տնօրենին, բայց, նրանց ասելով, 500 ակտից 100-ի վերաբերյալ են պատասխան ստացել: «Կրկին գրություն էինք ուղարկում, որպեսզի պարզեինք, թե քանիսին են դարձրել բաժանորդ, սակայն գրությունը մնում էր անպատասխան: Մեր գրած ակտերի մի մասն անվավեր էին ճանաչել` դրա իրավունքը չունենալով»,- ասում է Մ. Դավթյանը:

Պասկալ Ռուայե

Վերջինս 10.03.2011թ. «Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեին գրել է. «Պրակտիկան ցույց է տալիս, որ մեր տնօրինությունից դուրս ակտի հետագա ընթացքը չի քննարկվում, այլ անհիմն անվավեր է ճանաչվում, որի արդյունքում ոչ մի դրամ չի գանձվում հօգուտ ընկերության: Ցանկանում ենք նշել, որ իրավական ուժ ունեցող նման փաստաթղթերն սկսել են անվավեր ճանաչվել ոչ թե գլխավոր տնօրենի հրամանով, այլ Հաճախորդների հետ փոխհարաբերությունների տնօրեն Գագիկ Մարգարյանի որոշումով»:

Բացահայտված խախումների վերաբերյալ 130 գործ ուղարկվել է դատարան, որոնցով գանձվելիք գումարը մոտ 60 մլն դրամ էր կազմում: «Ամեն ամիս 50-60 մլն դրամ իրենք կհավաքեին, եւ սա նրանց եկամտի մի մասն էր ընդամենը, որը ներկայացվում է որպես ջրի կորուստ: Լավ աշխատելու դեպքում այդ կորուստը կնվազեր մինչեւ 70%»,- ասում է Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության  տնօրեն Մ. Դավթյանը: Վերջինս 18.03.2011թ. «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեին նամակով ներկայացրել է ընկերության թերացումները եւ հայտնել, որ եթե միայն 2010թ. ընթացքում հայտնաբերված ապօրինությունները վերացվեին եւ կարգավորվեին, ապա տարեվերջին ջրի կորուստները կնվազեին 5%-ով: «Սա նշանակում է, որ ընկերության եկամուտը կավելանար 1/3-ով, մատակարարվող ջրի քանակը կավելանար ավելի քան 33%-ով, եւ ջրի սակագինը կարող էր իջնել ավելի քան 60 դրամով»,- ասվում է գրության մեջ:

Միքայել Դավթյանը նշում է, որ երբ իրենք ստուգում էին իրականացնում, այդ տարածքում ջրի կորուստը միանգամից նվազում էր, եկամուտը` ավելանում, իսկ երբ տարածքից հեռանում էին, եկամուտը նորից նվազում էր, կորուստը` ավելանում: Ապօրինությունների հետեւանքով գրանցվող ջրի կորուստը մեկ ամսվա հաշվարկով կազմում է մոտ 260 մլն ՀՀ դրամ, որը Երեւանում ամեն ամիս հավաքագրվող գումարի ավելի քան 30%-ն է:

ապօրինի ջրամիացումներ

Այս հանգամանքը զարմացրել է նաեւ «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» ՊՀ-ին: «Վարձակալության պայմանագրի» վերջին՝ 5-րդ տարվա ծրագրի կապակցությամբ նրանք լրացուցիչ պարզաբանում են պահանջել: «Երեւան Ջուր» ընկերության բոլոր տնօրինություններին եւ գլխավոր տնօրենին ուղղված 25.01.2011թ.-ի  գրության մեջ ասվում է. «Անհասկանալի է մնում այն փաստը, որ ջրային կորուստը չի նվազել այն դեպքում, երբ՝

ա/ հայտնաբերվել է թվով 10.589 խախտում, որից 3920-ը՝ ապօրինի միացումներ,

բ/ հայտնաբերվել է թվով 102 վթար, որոնց գումարային քանակը կազմում է առնվազն 1020 լ/վ կամ ընդհանուր կորստի (9182 լ/վ) 11%-ը կամ ջրառի 10450լ/վ-ի 9,8% -ը:

Ընկերությանն առաջարկվել է ջրակորստի թվից տարբերակված ներկայացնել առևտրային եւ տեխնիկական կորուստները:

Իր մեկամյա գործունեության ընթացքում վերահսկողության տնօրինությունը հատուկ ուշադրություն է դարձրել շահագործման բնույթի վթարներին, որոնց արագ արձագանքումը պետք է բերեր ջրի կորստի կրճատմանը եւ ջրի որակի բարելավմանը: Սակայն, տնօրինության աշխատակիցների ասելով, հայտնաբերված ապօրինությունների մեծամասնությունն ընկերությունը չի վերացրել, շատ խախտումների ընդհանրապես ընթացք չի տրվել: Այն ժամանակ այդ կառույցի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գոռ Գրիգորյանին 01.02.2011թ. ուղարկվել է շահագործման տնօրինության կողմից վթարներին չարձագանքելու մասին գրություն, որում ասվում է. «ՋՀՀՎ տնօրինության կողմից առ այսօր հայտնաբերված վթարների մեծ մասը կամ չի վերացվել, կամ եթե վերացվել է, չկա համապատասխան տեղեկատվություն դրանց մասին... համապատասխան ցանկը կցվում է»:

Աշտարակի խճուղի. ապօրինի միացում ջրագծից

Վերահսկողության տնօրինության գրություններին չի արձագանքել նաեւ գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն, ինչի հետեւանքով, Մ. Դավթյանի ասելով, համակարգում թերացումներն ավելի են շատացել, ուստի 11.04.2011թ. նամակ է ուղարկել «Վեոլիա» ընկերության եվրոպական տնօրինությանը: «Պրն Պ. Ռուայեի անհասկանալի անտարբերության պատճառով՝ անտեսվում են վերը նշված ապօրինությունները, կատարվում է հովանավորչություն, եւ իրականացվում է իր համար ոչ նպաստավոր եւ անցանկալի տնօրինություններից եւ աշխատակիցներից ազատվելու գործընթաց, որի արդյունքում իրական պատկերը հասանելի չէ «Վեոլիա» ընկերության եվրոպական տնօրինությանը: Իր ղեկավարման տարիների ընթացքում «համախոհների» հետ միասին ամեն ինչ արեցին ընկերության անարդյունավետ գործունեության համար, ինչը բերում է ՀՀ ազգային ստրատեգիկ հարստության` ջրի փոշիացմանը, վարձակալած գույքի անտեղի եւ սխալ օգտագործմանը, վարկային եւ ձեւավորված դրամական միջոցների ոչ ռացիոնալ օգտագործմանը, որոնք էլ անմիջականորեն իրենց բացասական ազդեցությունն են թողնում ընկերության ընդհանուր ֆինանսական վիճակի վրա ...»:

Պասկալ Ռուայեի արձագանքն այս անգամ չի ուշանում. Ջրային հաշվեկշռի համակարգման եւ վերահսկողության տնօրինության բոլոր աշխատակիցներն ընկերության գլխավոր տնօրենի անունից 21.04.2011թ.-ին աշխատանքային պայմանագրերը լուծելու մասին ծանուցումներ են ստացել: ««Երեւան Ջուր» ՓԲԸ խորհրդի` 14.04.2011թ. թիվ 2 որոշմամբ հաստատվել են Ընկերության նոր վարչակազմակերպական կառուցվածքը եւ հաստիքացուցակը: Որոշմամբ կրճատվել է Ձեր զբաղեցրած` … հաստիքը: Ընկերությունը Ձեզ այլ աշխատանք չի առաջարկում` դրա հնարավորության բացակայության պատճառով»:

Միքայել Դավթյանը հայտնեց, որ 2011թ. ապրիլի 20-ի դրությամբ, երբ իրենք դեռ համարվում էին «Երեւան Ջրի» աշխատողներ, ընթացք չէր տրվել 50 իրավաբանական եւ 830 ֆիզիկական անձանց՝ ապօրինի ջրամիացումների վերաբերյալ կազմված ակտերին:

Հետաքննությունը կատարվել է Հետաքննական լրագրության դանիական ասոցիացիայի (SCOOP) աջակցությամբ:

Մեկնաբանություններ (6)

Ալինա
Աթոյան փողոցի 18 շենքի ջուրն անվերջ կտրում են, բազմիցս դիմել ենք ձեզ, սակայն ապօրինությունները շարունակվում են,այնինչ մեր շենքը գտնվում է 24 ժամյա ջրամատակարարման տակ
kamo
Axr to fransiacin ov e, vor ga mer jur@ tnorini?????/chnayac mi koxmic el mez hasnum e, ete menq da chenq karum normal anenq, kam chenq uzum, apa urishn e galu tnorini,,,,,,,,,,,,,,,,,,,
nene
իսկ Էջմիածնում կենտրոնական փողոցում արդեն անխղճաբար հանել են ցայտաղբյուրների միջի խողովակները:Չէ որ ցայտաղբյուրն մեր ազգային արժեքներից մեկն է:տեխնոկրատ ապաշնորհ հայը ուրիշի դուդուկի տակ պարելու հերթական խեղկատակությունն է անում:Այնքան կարևոր է ազգային պատվախնդրությունը:
flora
es haskanum em,vor gur chunek,ba truba el chunek,vor pogek,gur kunenak 90%.
JB
Which one of Mr Margaryan or Mr Royer had more support? I do believe that to improve the situation a strong man must be put in place meaning this decision shall come from above.
Տիգրան
Իրենց ապաշնորհ աշխատանքը ցայտաղբյուրների վրա են գցո՞ւմ: Էդ մի հրաշքից էլ են ուզում մեզ զրկե՞ն: Ցայտաղբյուրները մեր Երևանի ամենա ամենա ամենա լավ բաներից մեկն է: Ու եթե հանկարծ փորձեն նման բան անեն, բողոքի ակցիա եմ կազմակերպելու...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter