HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի 17 բանկերից 12-ի շահույթը առաջին եռամսյակում նվազել է

2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը 19.4 մլրդ դրամի զուտ շահույթ են գրանցել: 2020 թվականի նույն եռամսյակում բանկերի շահույթը կազմել էր 23.3 մլրդ դրամ: Այսինքն՝ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, բանկերի զուտ շահույթը կրճատվել է մոտ 4 մլրդ դրամով կամ 16.9%-ով:

Այս մասին են վկայում բանկերի ֆինանսական հաշվետվություններում առկա տվյալները: Այդ հաշվետվությունների հիման վրա «Մոդեքս» խորհրդատվական ընկերության վերլուծությունների համաձայն` 17 առևտրային բանկերից 12-ի դեպքում զուտ շահույթը նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ նվազել է: Աճ կա միայն 5 բանկերի մասով:

Տվյալները վկայում են, որ զուտ շահույթի գծով առաջատարը «Ամերիաբանկն» է, որը մոտ 4 մլրդ դրամի զուտ շահույթ է գրանցել այս տարվա առաջին երեք ամսում: 2020-ի նույն եռամսյակի համեմատ այն աճել է մոտ 1 մլրդ դրամով կամ 33%-ով:

Թե՛ տոկոսային առումով, թե՛ բացարձակ թվով զուտ շահույթի ամենամեծ աճը գրանցել է «Արարատբանկը»: Շահույթը կազմել է 1.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 0.5 մլրդ դրամի դիմաց:

Շահույթի առավել տեսանելի անկում է գրանցել «Արմսվիսբանկը», որի շահույթը կազմել է 1.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի 3.2 մլրդ դրամի դիմաց:

Եռամսյակում վնասով է աշխատել միայն մեկ բանկ՝ «Հայէկոնոմբանկը», որի վնասը կազմել է 217 մլն դրամ:

2020-2021 թվականների առաջին եռամսյակում բանկերի զուտ շահույթի ցուցանիշներն առավել մանրամասն ներկայացված են այս գրաֆիկում: 

Ինֆոգրաֆիկաներն առավել մեծ չափերով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով (Open Image in New Tab)։

«Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը նկատում է, որ բանկային համակարգի ընդհանուր շահույթի կրճատումը դեռևս չի նշանակում, որ միտումները բոլոր բանկերի մոտ նույնն են: Յուրաքանչյուր բանկի մասով շահույթի աճը կամ նվազումն իր բացատրությունն ունի:

Ու չնայած, որ բանկերի տրամադրած վարկերի պորտֆելի որակի վատացում է նկատվում, որը պայմանավորված է ժամկետանց, հետաձգված կամ այլ դասակարգված վարկերի ծավալների աճով, միևնույն է՝ նրանց մեծ մասը շահույթով է փակել ինչպես 2020 թվականը, այնպես էլ 2021-ի առաջին եռամսյակը: Իսկ սա արդեն իսկ նշանակում է, որ բանկերի գործերն այնքան էլ վատ չեն:

2021-ի առաջին եռամսյակում, ինչպես նշվեց, միայն մեկ բանկ է վնասով աշխատել:

«Օրինակ՝ առաջատար «Ամերիաբանկի» մոտ երևում է, որ շահույթի աճը պայմանավորված է տոկոսային եկամուտների աճով: Վարկային պորտֆելն է աճել, որն էլ հանգեցրել է ստացվող եկամուտների ու շահույթի աճին: Ընդ որում՝ աճել են թե՛ ֆիզիկական անձանց, թե՛ կազմակերպություններին տրամադրվող վարկերի պորտֆելները: Իսկ շահույթի անկում գրանցած բանկերից յուրաքանչյուրի մասով բացատրությունը տարբեր է, բայց նկատելի է, որ բոլորի վրա էլ ազդել է վարկային պորտֆելի որակի վատացումը»,- նշեց Հայկազ Ֆանյանը: 

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Ինչ վերաբերում է եկող եռամսյակներին, ըստ Ֆանյանի, կանխատեսումներ անելը դժվար է: Չի բացառվում, որ պատերազմի ու համավարակի հետևանքները բանկային համակարգի վրա տևական ազդեցություն ունենան:

Ստեղծված տնտեսական ու սոցիալական խնդիրների հետևանքով վարկառու հաճախորդների մի մասը վարկերը ժամանակին մարելու խնդիրներ ունի: 2020 թվականին բանկերը նրանց վարկերի մի մասը դեռևս անհուսալի չեն ճանաչել, և այդ գործընթացը կարող է շարունակվել 2021 թվականին: Սա կարող է ավելի վատացնել վարկային պորտֆելի որակը ու բացասաբար ազդել շահույթի վրա:

Մյուս գործոնը, որ կարող է ազդել ինչպես ամբողջ տնտեսության, այնպես էլ ֆինանսական համակարգի վրա, սպասվող խորհրդարանական ընտրություններն են: «Սովորաբար, ընտրություններից առաջ անորոշություն է ձևավորվում բնակչության մոտ և գործարար շրջանակներում: Մարդիկ նախընտրում են սպասել ընտրությունների ելքին, որից հետո նոր գործարքներ կատարել: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է խոշոր գործարքներին: Սա կարող է «արգելակել» բանկերի կողմից տրվող վարկերի աճն ու կրկին ազդել ֆինանսական կառույցների շահույթի վրա»,- նշում է Հայկազ Ֆանյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter