
Կիևը Նեթանյահուին խնդրել է Մոսկվայի հետ բանակցություններում լինել միջնորդ
Ուկրաինան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին առաջարկել է դառնալ Ռուսաստանի հետ բանակցություններում միջնորդ։ Այդ մասին իսրայելական i24NEWS հեռուստաընկերության եթերում հայտարարել է Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը։
«Նեթանյահուն լավ հարաբերություններ ունի և նախագահ Զելենսկիի, և Պուտինի հետ։ Ես ուրախ եմ հայտարարել, որ վարչապետը «ոչ» չի ասել»,- Ուկրաինայի դեսպանի խոսքերը մեջբերել է TACC գործակալությունը։ Կորնիյչուկի խոսքերով՝ Նեթանյահուն հավելել է, որ իր ուժերի ներածին չափով կփորձի անել ամեն ինչ։ «Մենք ուրախ ենք, որ պարոն Նեթանյահուն չի մերժել այդ առաքելությունը, և, հակառակը, նա արտահայտել է իր հետաքրքրությունը և օգնելու ցանկությունը»,- նշել է դեսպանը։
Հինգշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ Պուտինը, խոսելով Դոնբասում հանդիպելու Զելենսկիի առաջարկի մասին, նշել էր, որ «եթե խոսքը գնում է Դոնբասի խնդրի քննարկման մասին, ապա առաջին հերթին Ուկրաինայի իշխանությունները պետք է հանդիպեն Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների ղեկավարության հետ»։ Ընդորում, Պուտինը հավելել էր, որ պատրաստ է ցանկացած ժամանակ Զելենսկիին ընդունել Մոսկվայում, եթե խոսքը գնում է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել