HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիան նախանձախնդիր է ռազմագերիների եւ պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հարցում.  Ժան Բատիստ Լըմուան

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը, որն ապրիլի 23-24-ը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, խուսափեց պատասխանել «Հետքի» հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ֆրանսիան ռազմական ագրեսիա իրականացնող Ադրբեջանին ու Թուրքիային այնպիսի տեխնոլոգիաներ վաճառելու վերաբերյալ, որոնք կիրառվել են Արցախում՝ 44-օրյա պատերազմում:

Խոսքը ֆրանսիական Airbus-ի միջոցով ուղեծիր բարձրացված AzerSky արբանյակի մասին է, որը պաշտոնապես նախատեսված էր նավթահանքերին հետեւելու համար, սակայն կիրառվել է պատերազմում, ինչն այս տարվա հունվարին խոստովանել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա ասել է հետեւյալը. «Արբանյակների օգտագործումն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո մեզ հսկայական առավելություն էր տալիս»:

Ֆրանսիական տեխնոլոգիաները կիրառվել են նաեւ թուրքական «Բայրաքթար» դրոնների վրա, որոնք Ադրբեջանն օգտագործել է հայերի դեմ:

«Ես չեմ հիշում նման դեպք: Քանի որ ես պաշտպանության ոլորտի նախարար չեմ, ինձ համար դժվար է պատասխանել Ձեր հարցին: Ես կարող եմ նշել դիվանագիտական այն ահռելի ջանքերը, որոնք գործադրեց Ֆրանսիան՝ հրադադար հաստատելու համար»,- մեր հարցին ի պատասխան ասաց Ժան Բատիստ Լըմուանը:  

Սա պետքարտուղարի 6-րդ այցն է Հայաստան, իսկ վերջին հինգ ամիսների ընթացքում՝ երրորդը: 2020-ի նոյեմբերի վերջին՝ պատերազմից հետո, նա ուղեկցում էր Ֆրանսիայի առաջին հումանիտար օգնությունը: Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ֆրանսիան 5 ինքնաթիռ եւ 2 նավ հումանիտար օգնություն է տրամադրել Հայաստանին, այս հունվարին էլ Ժան-Բատիստ Լըմուանը եկել էր՝ Հայաստանի իշխանություններին փոխանցելու նախագահ Մակրոնի հատուկ ուղերձը Հայաստանին տնտեսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:

Պաշտոնական հանդիպումներից բացի, Երեւանում պետքարտուղարն այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 11 ուսանողների հիշատակին, որոնք ընկան 44-օրյա պատերազմում: Պրն Լըմուանը հանդիպել է նաեւ ռազմագերիների 5 ընտանիքների հետ, քանի որ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիան նախանձախնդիր է ռազմագերիների եւ պահվող անձանց անհապաղ վերադարձի հարցում:

«Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի կողքին է, նման հանձնառություն է ստանձնել եւ փորձում է միշտ զորակցել նրան»,- լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպմանն ասաց պետքարտուղարը:

Նա հավաստիացրեց, որ Ֆրանսիան ջանք չի խնայելու՝ ուղղված տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելուն՝ միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով գերիների վերադարձի եւ մշակութային ժառանգության պահպանման հարցը: Պետքարտուղարը հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին գործադիր նիստում Ֆրանսիան իր հստակ դիրքորոշումն է հայտնել Արցախ առաքելություն ուղարկելու վերաբերյալ եւ հույս ունի, որ դա կհաջողվի: Պետքարտուղարի խոսքով՝ Ֆրանսիան ունի հնարավորություն՝ խոսելու երկու կողմերի հետ, այս պահին անհրաժեշտ է լարվածության թուլացում, եւ գուցե հետո հասունանա հաշտության պահը, բայց մինչ այդ մեծ աշխատանք կա անելու:

«Արմենպրեսի» հարցին՝ արդյոք ժամանակը չէ, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը՝ մարդկության դեմ հանցագործություն թույլ չտալու համար, Ժան Բատիստ Լըմուանը հետեւյալ կերպ արձագանքեց՝ «Պատմությունը ցույց է տվել, որ ինքնորոշման ճանաչումը չի կանխում վայրագությունները: 1992-Ին Բոսնիա-Հերցեգովինան ճանաչվեց ՄԱԿ-ի կողմից: Եվ չնայած դրան՝ մի քանի տարի անց այնտեղ կոտորածներ եղան: Եթե ես չեմ սխալվում, հիշողությունս ինձ չի դավաճանում, անգամ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Լուսանկարում՝ (ձախից) Ժան Բատիստ Լըմուանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter