
Մ. Չավուշօղլու. «Մենք ամբողջությամբ մերժում ենք այդ հայտարարությունը, որը բացառապես հիմնված է պոպուլիզմի վրա»
Անկարան ամբողջությամբ մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության 106-ամյակին նվիրված հայտարարությունը, որտեղ Միացյալ Նահանգների առաջնորդը Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումն անվանել էր «Ցեղասպանություն»՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
“Words cannot change or rewrite history.”
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) April 24, 2021
We have nothing to learn from anybody on our own past. Political opportunism is the greatest betrayal to peace and justice.
We entirely reject this statement based solely on populism.#1915Events
«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք մեր անցյալի վերաբերյալ որևէ մեկից սովորելու բան չունենք։ Քաղաքական օպորտունիզմը խաղաղության և արդարության մեծագույն դավաճանությունն է։ Մենք լիովին մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Իր հերթին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները։ «ԱՄՆ այդ հայտարարությունը, որը խեղաթյուրում է պատմական փաստերը, երբեք չի ընդունվի թուրք ժողովրդի կողմից և կբացի խորը վերք, որը կարող է մեծ վնաս հասցնել մեր փոխադարձ վստահությանը և բարեկամությանը»,- նշվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Վերջինս ԱՄՆ նախագահին կոչ էր արել «շտկել այդ լուրջ սխալը»։
Հիշեցնենք, որ իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ «ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, որոնք մահացել են Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ և կրկին հանձն ենք առնում կանխել երբևէ նման վայրագության կրկնումը»։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել