
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին
«Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի գործն ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Արա Վարդանյանը, ըստ մեղադրանքի, 2009 թվականի մայիսի 18-ից մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, շահադիտական նպատակներով իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերիին հակառակ օգտագործելով, էական վնաս է պատճառել հիմնադրամի օրինական շահերին, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ 2017-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական կեղծիք կատարելով՝ «ՀԱՏՄ» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիք Անուշավանի Հարությունյանի օժանդակությամբ յուրացնելու եղանակով հափշտակել է իր կառավարմանը վստահված հիմնադրամի առանձնապես խոշոր չափերի գույքը, այնուհետև կեղծված պաշտոնեական փաստաթղթերն այլ կեղծ փաստաթղթերով փոխարինելու նպատակով կատարել է պաշտոնեական նոր կեղծիք։
Այսինքն՝ Արա Վարդանյանին վերագրվում է պաշտոնեկան լիազորությունները չարաշահելու, յուրացում կամ վատնում կատարելու և պաշտոնեական կեղծիք կարատելու արարք։
Ավետիք Հարությունյանն, ըստ մեղադրանքի, 2004 թվականի մարտի 22-ից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի 100% ղեկավարման հանձնված «ՀԱՏՄ» ՍՊ ընկերության տնօրենը, այսինքն՝ պաշտոնատար անձ և ընդունելով հիմնադրամի գործադիր տնօրենի՝ Արա Վարդանյանի՝ հանցանքի կատարման օժանդակելու առաջարկները՝ 2017-2018 թվականների ընթացքում շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելով՝ օժանդակել է Արա Վարդանյանի հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, այնուհետև կեղծված պաշտոնեական փաստաթղթերն այլ կեղծ փաստաթղթերով փոխարինելու նպատակով անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական նոր կեղծիք:
Այսինքն՝ Ավետիք Հարությունյանին վերագրվում է յուրացում կամ վատնում կատարելուն օժանդակելու արարք։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական առկա տեղեկատվության համաձայն՝ գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։
Նշենք, որ Արա Վարդանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա և պաշտպանները բազմիցս հայտարարել են, որ Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացները կապված են վերջինս հասարակական-քաղաքական գործունեության հետ։
Մեկնաբանել