HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սյունիքի դեպքերով անցնող ևս մեկ անձի կալանավորելու միջնորդություն մերժվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ մերժեց քաղաքացի Դավիթ Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։ Գևորգյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 2, 5-րդ կետերով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում խուլիգանություն կատարելը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, բացառիկ ցինիզմով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Գևորգյանը Մեղրիի համայնքապետի ընկերոջ որդին է։

Մեր հարցին՝ թե Գևորգյանի ի՞նչ գործողություններն են դիտարկվել բացառիկ ցինիզմով խուլիգանություն, Գասպարյանը նշեց, որ մեղադրանքում այդ հանգամանքը կոնկրետացված չէ։ Պաշտպանը այսօր կայացած դատական նիստի ընթացքում պնդել է, որ Գևորգյանի կալանավորման միջնորդությունը ենթակա է մերժման՝ նրան վերագրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։  Մեզ հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ դատարանը  որոշմամբ հենց այդ հետևությանն էլ հանգել է և արձանագրել, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Գևորգյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ․ Ագարակում, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։

Բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիագանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։ Գործով մի խումբ անձինք, որոնց թվում՝ Մեղրիի համայնքապետի տեղակալը, մեղադրյալի կարգավիճակ ունեն։

Լուսանկարում՝ պաշտպան Լիանա Գասպարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter