HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանները ոչ իրավաչափ են ճանաչել Սյունիքի դեպքերով անցնող ևս 6 քաղաքացու ձերբակալման որոշում

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր նստավայրերում երեկվանից քննվում են Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով անցնող անձանց ձերբակալման դեմ բողոքները։

«Հետք»-ի հետ զրույցում ձերբակալված անձանցից Նարեկ Կարապետյանի պաշտպան Միքայել Շխիմյանն ասաց, որ իր պաշտպանյալի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել, և վերջինս ազատ է արձակվել։

Գործի շրջանակներում ձերբակալված Խաչատուր Գևորգյանի, Գևորգ Խաչատրյանի, Սոսիկ Սարգսյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալները ևս ազատ են արձակվել։

Վերը նշված 4 անձինք ձերբակալվել էին Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1, 2, 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Փաստաբան Հրանտ Վարդանյանն այսօր հայտնել է, որ իր պաշտպանյալներից ևս մեկը՝ Հայկ Ասլանյանն ազատ է արձակվել դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ։

Այսօր ազատ է արձակվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանը։  Վերջինիս պաշտպան Օնիկ Առաքելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ձերբակալվել էր  Քրեական օրենսգրքի 38֊258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ խուլիգանություն կազմակերպելը։ Արմեն Սամվելյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։

Հավելենք, որ մինչև այս պահը հայտնի է դարձել նաև, որ ազատ են արձակվել Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը,  Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Հայրապետյանը, Հարթաշենի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանը,  քաղաքացիներ Նորայր Առուշանյանը, Հայկ Հայրապետյանը։ Այս պահին հայտնի չէ որևէ անձ, որի ձերբակալման դեմ բողոքը չի բավարարվել։

Գործով ձերբակաված, ապա ազատ արձակված անձանցից ոմանց մեղադրանք է առաջադրվել, կան նաև անձինք, որոնց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Այս պահին մեզ հայտնի է, որ առկա են Մեղրու համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանին, քաղաքացիներ Գևորգ Խաչատրյանին, Խաչատուր Գևորգյանին կալանավորելու միջնորդություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter