
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Մենուա Հովսեփյանի ձերբակալման որոշումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ձերբակալելու վերաբերյալ Քննչական կոմիտեի քննիչի որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Հովսեփյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ խուլիգանություն կազմակերպելը։ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։
Հովսեփյանը բերման ենթարկվելուց հետո հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ հայտնելով, որ իր նկատմամբ ոստիկանությունում, մինչև Քննչական կոմիտե ներկայացնելը, նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել։
Լուսանկարում՝ Դավիթ Բալայանը
Մեկնաբանել