
Շաքար ներկրողները կազատվեն մաքսատուրքից մինչև 2021թ. սեպտեմբերի 30-ը
Եվրասիական տնտեսական հանձաժողովը որոշում է ընդունել, որով սակագնային արտոնություն է տվել շաքար ներկրողներին՝ 2021թ մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը ազատելով մաքսատուրքից։
Սակայն հանձնաժողովը սահմանել է նաև առանց մաքսատուրքի ներկրվող շաքարի որոշակի չափաքանակ։ Մասնավորապես, Հայաստանին թույլատրվում է ներկրել ոչ ավելի, քան 22,4 հազար տոննա շաքար, Ղազախստանին՝ 134,4 հազար տոննա, Ղրղզստանին՝ 40 հազար տոննա, իսկ Ռուսաստանին՝ 350 հազար տոննա։
«ԵՏՀ Կոլեգիան, Միության պետությունների հետ միասին, ամսական կտրվածքով վերահսկելու է սակագնային արտոնությունների կիրառմամբ ներկրվող շաքարի փաստացի ծավալը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ պետությունների ներքին շուկայում իրացման ծավալները և տեղեկացնելու է ԵՏՀ Խորհրդին այս մասին,-ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։- Հաշվի առնելով շաքարի շուկայում գների հետ կապված իրավիճակը՝ մենք պայմանավորվել ենք այս տարվա հուլիսին վերադառնալ հնարավոր լրացուցիչ կայունացման միջոցառումների հարցի քննարկմանը, եթե դրանք անհրաժեշտ լինեն»,- հայտնել է նա։
Բացի այդ, նախատեսվում է կազմակերպել հետաքրքրված սպառողների և արտադրողների փոխգործակցություն՝ Միության պետությունների ներքին շուկաներում շաքարի արագ մատակարարումն ապահովելու համար։
ԵՏՀ հանձնաժողովը մտադիր է նաև առաջարկներ մշակել ԵԱՏՄ-ում շաքարի շուկայի կայուն զարգացման համար:
Մեկնաբանել