HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զինվորներ են եղել, որ թաղումից հետո մի տեղ նստել-լացել են». պատվո պահակայինի տղաները

Եռաբլուրում մարդկանց անցուդարձը չի դադարում: Ժամը 11-ի հուղարկավորությունից հետո ՊՆ պատվո պահակային վաշտի զինվորները սպասում են հաջորդ երեք հուղարկավորություններին: Սպիտակ ձեռնոցները գոտիների արանքում, սեւ ու կարմիր թեւկապերով՝ ի նշան սգի, անաղմուկ կանգնած են պատվո հարթակի անկյունում:

Սեպտեմբերի 29-ից մինչեւ այսօր 19-20 տարեկան այս տղաները գրեթե ամեն օր մասնակցում են հուղարկավորության արարողություններին թե՛ Եռաբլուրում, թե՛ այլ գերեզմանոցներում: 1000-ից ավելի թաղման արարողություն են կատարել: Տղաներն իրենց ուսերին են կրել զինակից ընկերների աճյունները՝ տանելով լուռ ցավով:

Սեպտեմբերի 29-ից շարունակվող հուղարկավորությունների ընթացքում օրեր են եղել, որ թաղումների թիվն անցել է 10-ից: Օր է եղել, որ ՊՊՎ զինվորները 17 հուղարկավորության են մասնակցել: Պատմում են, որ պատերազմից հետո առաջին ամիսներին գրեթե ամեն օր առավոտից մինչեւ երեկո Եռաբլուրում կամ այլ գերեզմանոցներում էին: Պատվո պահակային վաշտի հրամանատարի տեղակալ, մայոր Հակոբ Նիկոլյանն ասում է՝ սկզբնական շրջանն ամենաբարդն էր: Թաղումները մեծաքանակ էին, եւ հոգեբանական խնդիր կար: «Ամեն թաղման ժամանակ, անկախ նրանից՝ ամեն օր ես մասնակցում, թե չէ, հոգեբանական խնդիր ունես՝ սպաներն էլ, զինվորներն էլ: Մարդ են, ամեն մեկն էլ զգացմունք ունի։ Ամեն մեկի սգի հետ դու էլ քո չափով ես սգում»,- ասում է մայոր Նիկոլյանը:

Գերեզմաններից մեկի մոտ ենք նստում: Մեր թիկունքում օրեցօր տարածվող գերեզմաններն են: Ներքեւում քաղաքն է՝ սովորական անցուդարձով: Այս տղաներն ամենօրյա ռեժիմով են տեսել ողբերգությունը եւ փորձել թաքցնել հուզմունքը: «Զինվորներ են եղել, թաղումից հետո առանձին մի տեղ նստել-լացել են, դատարկվել են, որ միջի զգացմունքը դուրս գա»,- նկատում է մայորը:

Ամեն հուղարկավորությանը նախորդում է նախապատրաստական աշխատանք: Արարողությունը սառնասրտություն է պահանջում տղաներից: Հրամանատարի բնորոշմամբ՝ եթե զգացմունքներին տրվեն, չեն կարող կատարել իրենց պարտականությունները:

-Կողքից կարող է հեշտ երեւալ, բայց հոգեբանորեն ամենաշատ ճնշումը մեզ վրա է, բացի նրանից, որ էդ մարդկանց մեջ ես, զինվորական ես, հետո էլ էդ արարողությունը կատարողն ես, անմիջական պատասխանատվություն է դրված, որ էդ ամեն ինչը ճիշտ կատարվի,- նշում է մայոր Նիկոլյանը:

-Կապավորներին ասում են՝ պատերազմի աչքերն են, ձեզ ի՞նչ են ասում,- դիմում եմ տղաներին:

-Ով առաջինը երկիր է մտնում՝ պաշտոնական պատվիրակություններն ու հյուրերը, առաջինը մեր երկրում մեր զինվորին է տեսնում։ Այսինքն՝ մեզնով է առաջին պատկերացումը կազմում մեր բանակի մասին,- պատասխանում է փոխհրամանատարը։

-Երկրի այցեքարտն է,- իր վաշտի մասին ասում է զինվորներից մեկը։

Թովմաս Հարիսոնը երեք ամսից կավարտի ծառայությունը: Հայրն անգլիացի է, ինքը ծնվել-մեծացել է Հայաստանում: Պատերազմի առաջին օրերից նա էլ մասնակցում է հուղարկավորություններին: Ասում է՝ ամենածանրն առաջին օրն էր, տղաները փորձում են զգացմունքներն իրենց մեջ պահել՝ ինչ-որ տեղ նաեւ սպանելով դրանք: «Մեր անելիքն է, պիտի կատարենք, ինչ մեզնից հասնում է»,- նշում է Թովմասը:

Էրիկ Շահբազյանին եւս երեք ամիս է մնում զինծառայության ավարտին: Նրա խոսքով՝ դժվարություններից մեկն այն է, որ զոհված տղաները հիմնականում իրենց տարիքի են: «Կարելի է ասել, որ Հայաստանում էդպիսի մարդ չկա, որի անձնական շրջապատից զոհված կամ վիրավորված մարդ չլինի: Ընկերներ ունեցել եմ, այո, բայց չխոսենք էդ թեմայով»,- ասում է էրիկը:

Զինվորներից Գարիկ Գրիգորյանն ասում է՝ իր ընկերոջ աճյունն ինքն է տարել: «Մեր գործի դժվարն էն է, որ եթե ներկաները կարողանում են արտահայտվել, ինչ-որ ձեւ ցույց տալ, մենք մեր ներսի եղածը չենք կարող ցույց տալ, ներս ենք գցում: Իմ ընկերոջ աճյունը ես եմ տարել: Այդ պահին մի կերպ կարողացել եմ զսպել իմ էմոցիաները եւ հուղարկավորությունից հետո կարողացել եմ արտահայտել, բայց ավելի հպարտ էի զգում, որ իմ ընկերոջն իմ ձեռքերին հողին հանձնեցի»,- ասում է Գարիկը:

«Ամենաշատը կոմպլեքսավորվել եմ ծնողների ապրումներից, բայց կարողացել եմ տանել իմ մեջ, թե չէ դժվար է շատ»,- ասում է զինվորներից Արա Լալաբեկյանը, ով Գորիսից է: Էրիկն ավելացնում է, որ ծանր բան չկա, երբ գիտակցում ես, թե իրենք ինչ են արել, եւ դու ինչ ես անում. այդպես մտածելու դեպքում ավելի հեշտ է լինում:

«Զգացողությունն էն է, որ էդ մարդու տեղը կարող էիր դու լինել»,- նշում է մայոր Նիկոլյանը: Նրա խոսքով՝ եթե նկատում են, որ տվյալ զինվորի համար ծանր է արարողակարգին մասնակցելը, նրան անպայման փոխարինում են:

Պատերազմի ժամանակ զինվորների հետ հոգեբան էր աշխատում, բայց նրանք առանձնացնում են զորամասի գնդերեց Նարեկ սարկավագ Թորգոմյանին: Զինվորների խոսքով՝ սարկավագը հոգեբանորեն շատ էր օգնում իրենց:

Իսակովի պողոտայով անցնող հարսանեկան մեքենաների շարասյան ազդանշանների բարձր ձայնը լցվում է պանթեոն: Մայորն ասում է՝ գոնե այդ հատվածով անցնելիս ազդանշան չտան, էդքան բանը պիտի գիտակցեն: Հետո բոլորս լռում ենք, իսկ երեք բլուրների բարձունքին, կարծես, դեռ արձագանքում է հարսանիքի ուրախ ազդանշանների ձայնը:

Պատերազմի ժամանակ հուղարկավորություններից հետո ՊՊՎ զինվորներն օգնում էին ճակատ մեկնող կամավորականներին: Ասում են, թե այդկերպ փորձում էին հաղթահարել օրվա ծանրությունը: Նկատում են, որ ռազմաճակատ գնացողները միշտ բարձր տրամադրությամբ էին, պատահել է, որ ռազմական նվագախումբն ու պարային համույթն են ելույթով ճանապարհել նրանց:

«Կամավորականներից մեկը տարիքով տղամարդ էր: Խնդրեց, որ նշան անեմ ուսապարկի վրա: Նոր համազգեստ էին տալիս: Նայեց բատինկաներիս, ասեց՝ տղա ջան, դու հին բատինկա չունե՞ս, տուր ինձ, դու էս նորը վերցրու: Դե պարզ ա, որ ոչ մի զինվոր էլ չէր վերցնելու, բայց նրանք մինչեւ վերջին պահը մտածում են զինվորների մասին»,- հիշում է Թովմասը:

Տղաների համար ամենածանր դրվագներից էր իրենց իսկ ճանապարհած կամավորականներին հուղարկավորելը. նրանց, ում ուրախությամբ ու առողջ վերադարձի մաղթանքով էին ճանապարհել:

Հուղարկավորության տեսարանները դաժան են՝ լի ողբերգությամբ ու անդառնալի ցավով: Այս ամենը տեսնելն ու զգացածդ ներսում պահելը չափազանց դժվար է: Եղել են դեպքեր, երբ մի տնից միաժամանակ երկու հոգու են հուղարկավորել՝ հոր եւ որդու կամ երկու եղբայրների: Պատահել է նաեւ, որ զոհվածի հարազատները պահանջել են բացել փակ դագաղը: Զինվորներն ասում են՝ այդ դեպքում սպաներն իրենց հետդարձի հրաման են տալիս: Նկատում են, որ ցավի մեջ մարդն անճանաչելի է դառնում, ոչ թե չարանում է, այլ անզոր է դառնում:

Զորացրվելուց հետո պատվո պահակային վաշտի այս տղաները նպատակներ ու երազանքներ ունեն: Ասում են՝ առաջնահերթ կրթություն պետք է ստանան կամ շարունակեն ուսումը: Համոզված են, որ ամեն մարդ պիտի մի քայլ անի երկրի բարելավման համար, եւ միայն քննադատելով չէ: Մայոր Նիկոլյանն էլ ավելացնում է, որ եթե ամեն օր բողոքենք, գործն առաջ չի գնա: Այսօր, ըստ նրա, շեշտը պետք է դնել երիտասարդության վրա, որ լավ կրթություն ստանան, այլ ոչ թե երկրից հեռանան՝ մեկ այլ տեղ աշխատանք գտնելով: Փոխհրամանատարի խոսքով՝ պատվո պահակային վաշտի զինվորները զորացրվելուց հետո հաճախ են աշխատանքի ընդունվում ուժային կառույցներում:

-Հազարավոր մարդիկ են պառկած այստեղ՝ Եռաբլուրում, որոնք զոհվել են բոլորիս համար։ Նրանք ամենաթանկն են տվել մեզ բոլորիս. հիմա ապրում ենք իրենց կյանքը,- ասում է մայոր Նիկոլյանը:

-Կլինի՞ նոր հաղթանակ,- հարցնում եմ նրան:

-Պետք է բոլորս հավատանք եւ ոչ միայն հավատանք, այլեւ քայլեր անենք: Դրա համար պատրաստվել է պետք: Ինչպես ասում են, եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի։ Մենք զինվորական ենք, պետք է մեր գործն անենք։

Մեր զրույցից հետո պատվո պահակային վաշտի զինվորները քայլում են դեպի պատվո հարթակը: Այնտեղ արդեն դրված են մեծ հովանոցներով երեք սեղանները: Սեւազգեստ մարդիկ են հավաքվել: Երեք զինծառայողի են հողին հանձնելու:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

Ավո
Հավերժ փառք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter