Արա Այվազյան. «Մեզ համար կարևոր են (Թուրքիայի նախագահի) ոչ թե խոսքերը, այլ գործերը»
Այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսը: ԱԳՆ լրատվական ծառայությունը տրամադրել է ասուլիսի սղագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ:
Ուրախ եմ ողջունել Լիտվայի իմ գործընկերոջը՝ Գաբրիելյուս Լանդսբերգիսին, Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում:
Հատկանշական է, որ պարոն Լանդսբերգիսի այցը Հայաստան տեղի է ունենում մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ. Լիտվան առաջին երկիրն է, որի հետ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Մենք մեծապես կարևորում ենք մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հարաբերությունները բարեկամ Լիտվայի հետ:
Այսօր անցկացրած քննարկումների ժամանակ, որոնք նաև շարունակվելու են օրվա ընթացում տարբեր ձևաչափերով, համընդգրկուն անդրադարձ կատարեցինք հայ-լիտվական հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգին, տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի:
Հայաստանը պատրաստակամ է ձեռնարկելու գործնական քայլեր՝ փոխադարձ հետաքրքրության ոլորտներում հայ-լիտվական երկկողմ համագործակցության առավել ամրապնդման և խթանման համար, և կարծում եմ՝ այդ առումով առկա է բավարար ներուժ: Այս գործընթացում մեծ դերակատարում է վերապահված մեր կողմից ղեկավարվող գերատեսչություններին, և այդ առումով առանձնահատուկ կարևորվում է ԱԳՆ-ների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը՝ որպես երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման կարևոր մեխանիզմ:
Բնականաբար՝ մեր զրույցի ժամանակ անդրադարձ կատարեցինք Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը: Լիտվան Եվրոպայում մեր կարևոր գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և այն առավել խորացնելու ուղղությամբ Լիտվայի հանձնառությունը։ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը, որը Լիտվան առաջիններից մեկն է վավերացրել, նոր հնարավորություններ է ընձեռնում ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար:
Պետք է գոհունակությամբ ընդգծեմ նաև մեր երկրների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը, որը մենք մտադիր ենք ապագայում էլ ավելի խորացնել:
Պարո՛ն Լանդսբերգիս,
Հայ ժողովրդի համար հատկանշական այս օրերին Ձեր՝ որպես Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած պետության արտաքին գործերի նախարար, այցը, հիրավի, խորհրդանշական է։ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում ցեղասպանության հանցագործության կանխարգելման օրակարգում Լիտվայի ունեցած կարևոր ներդրումը։ Ցանկանում եմ նաև գոհունակությամբ նշել, որ Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը հատուկ ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Ցավոք, պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին զուգահեռ մենք այսօր կրկին բախվում ենք ծայրահեղականության, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարման արհավիրքին, ինչի ծայրահեղ դրսևորումը դարձան 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այս անգամ՝ Արցախի հայության դեմ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան, իրականացված պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները և դրանց հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը։
Մինչ օրս լիարժեք լուծում չեն ստացել ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, և առաջին հերթին՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը:
Հայաստանը, անշուշտ, Արցախի մեր եղբայրների և քույրերի կողքին է՝ Արցախում առաջացած հումանիտար աղետի հասցեագրման հարցում, սակայն այստեղ մենք նաև միջազգային հանրության աջակցության կարիքն ունենք։
Լիահույս եմ, որ մեր միջազգային գործընկերները կարձագանքեն մարդասիրական կոչին, ինչը նաև կարևոր ներդրում կլինի՝ մեղմելու 44-օրյա պատերազմի հետևանքները։
Ամփոփելով խոսքս՝ կուզենայի ևս մեկ անգամ ընդգծել հայ-լիտվական հարաբերությունների կարևոր ներուժը և այն լիարժեք կյանքի կոչելու մեր պատրաստակամությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Եվ նաև խնդրում եմ անրադառնալ Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ պատրաստ է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա։
Արա Այվազյան. Յուրաքանչյուր ապրիլի 24-ը յուրահատուկ օր է։ Եվ այս ապրիլի 24-ը՝ ետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը, հստակ և հատուկ միջազգային հնչողություն ունեցավ։ Այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցության արտահայտմամբ։ Ինչպես նկատել եք, Հայաստան են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ՝ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, եղան ուղերձներ մեր միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։
Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության տեսակետից։
Դուք ծանոթ եք ԱԳՆ հայտարարությանը այդ կապակցությամբ, բայց կուզենայի ավելացնել, որ ամբողջովին կիսում եմ նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայում։
Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է, և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է:
Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը սակայն չի ունեցել դրական շարունակություն: Ուստի մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը։
Առաջին հարցս, ապրիլի 29-ին և 30-ին կայանալու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը և չի բացառվում, որ Ադրբեջանը կմասնակցի այդ նիստին, եթե Հայաստանը չարգելափակի նրա մասնակցությունը։ Հայաստանը արդյո՞ք արգելափակել է մեր թշնամի երկրի մասնակցությունը միջկառավարական նիստին, թե այնուամենայնիվ Ադրբեջանը կմասնակցի։
Երկրորդ հարցս վերաբերում է Հայաստանի մշակութային կոթողներին, որոնք անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։ Արբանյակային նկարները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ծանր հրետանի է տեղակայել 7-րդ դարի Վանքասարի բակում և նաև շինարարիություն է սկսել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում: Որո՞նք են հայկական կողմի մտահոգություններն այս հարցի վերաբերյալ, և ի՞նչ քայլեր ենք ձեռնարկելու այն, ինչպես նաև մյուս մշակութային կոթողների պահպանման հարցում:
Արա Այվազյան. Առաջին հարցի կապակցությամբ ես շատ կարճ, բայց հստակ կպատասխանեմ, որ որևէ կոնսենսուս չկա Ձեր նշված երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը, և դրանով կսահմանափակվեմ։
Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, իհարկե խիստ մտահոգիչ են նման զարգացումները։ Մենք արդեն ականատես ենք եղել հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման նախադեպերին և դրանք արդարացնելու պաշտոնական հայտարարություններին: Այս հարցը մեր մշտական ուշադրության և աշխատանքնեդի շրջանում է և վստահաբար նկատեք եք, որ միջազգային մեր գործընկերներն ամենախիստ ձևով քնադատել են հայկական պատմամշակութային ժառանգությանը ոչնչացնելու և դրանց ինքնությունը փոխելու ցանկացած միտումները։
Այս հարցը նաև մտել է խաղաղ գործընթացի օրակարգի մեջ, ինչի մասին վկայում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հանանախագահության 2020թ. դեկտեմբերի 3-ի և այս տարվա ապրիլի 13-ի հայտարարության դրույթները։ Մենք աշխատում ենք մասնագիտացված կառույցների հետ։ Շատ սերտ ենք համագործակցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ կառույցների հետ։
Եվ նաև ուզում եմ ասել, որ այսօր շատ կարևոր է միջազգային հանրության մոտ բարձրացնել այս խնդրի իրազեկվածության հարցը: Մեր գերատեսչությունը և համակարգը աշխատում են շատ հետևողականորեն այդ ուղղությամբ: Ես կբերեմ մեկ օրինակ. ապրիլի 24-ին տեղի ունեցավ ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացվող «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդես բացման արարողությունը, որին մասնակցել են Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունները։ Օգտվելով առիթից՝ նաև հրավիրում եմ մեր հայրենակիցներին այդ շատ հետաքրքիր ցուցահանդեսին, որը գործելու է մինչև մայիսի 2-ը Երևանի քաղաքապետարանում։ Շնորհակալություն։
Մեկնաբանել