HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես և ով է ադամանդ ներկրել Հայաստան՝ կեղծելով արժեքն ու խուսափելով մաքսատուրքերից

Ադամանդի վերամշակմամբ զբաղվող  «Էյ․Դի․Էմ. Դայմոնդս» գործարանին փոխկապակցված ընկերությունը 2020 թվականին ադամանդ է ներմուծել Հայաստան՝ կեղծելով արժեքն ու խուսափելով 17 մլն դրամի մաքսատուրքից: Այն ներմուծվել է Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ): Հայաստանի և ԱՄԷ-ի ադամանդի առևտրում սա միակ հետաքրքիր փաստը չէ. երկու երկրները 2019 թվականի առևտրի վերաբերյալ էականորեն տարբերվող տվյալներ են հաղորդում:

Հայաստանն ունի արտաքին առևտրի մեծածավալ բազաներ, որոնց ուսումնասիրությունների արդյունքում պարբերաբար հայտնաբերվում են կոռուպցիոն ռիսկեր ու սխեմաներ։

Հետք Մեդիա Գործարանի կոռուպցիայի լուսաբանման երեկոյան դպրոցի մասնակիցներն ուսումնասիրել են Արաբական Միացյալ Էմիրություններից ադամանդի ներմուծման կեղծ հայտարարագիր ներկայացնելու և հարկերից խուսափելու դեպքը:

Սակայն, Հայաստանի և ԱՄԷ-ի ադամանդի առևտրի վերաբերյալ հետաքննության արդյունքում շատ ավելի կասկածելի տվյալներ ի հայտ եկան  2019 թվականի բազաներում։ Եվ, առհասարակ, ադամանդի առևտրի տվյալներում մաքսային խառնաշփոթի պակաս չկա։

Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։ 

Կեղծ արժեքի հայտարարագրում՝ ադամանդ ներմուծելիս

2021 թվականի հունվարի 29-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ ադամանդի ներմուծման ժամանակ առանձնապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներից խուսափելու դեպք է հայտնաբերել։ Նշվել է, որ ներմուծվել ու հայտարարագրվել է 72 014 112  դրամի ադամանդ: Մինչդեռ պարզվել է, որ դրա շուկայական արժեքն ավելին է, քան 420 000 000 դրամը։ Այլ խոսքով` ըստ ԱԱԾ-ի, կեղծվել է ադամանդի արժեքը, և իրականից վեց անգամ ավելի քիչ ներկայացվել։

Արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել «առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ»: Թե որքան է կազմել չվճարված մաքսային գումարը և ամենակարևորը՝ որ ընկերությունն է ներմուծողը, չի նշվել հաղորդագրության մեջ։

Այս գործով ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Արմեն Նալբանդյանը խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Նախաքննությունը շարունակվում է, և այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ըստ Դատախազության՝ չի վճարվել 17 մլն դրամի մաքսատուրք

Մաքսային կեղծիքների այս դեպքի մանրամասները իմանալու համար մենք դիմել ենք գործին առնչություն ունեցող մարմիններին ՝ Դատախազություն, ԱԱԾ, ՊԵԿ, Էկոնոմիկայի նախարարություն, սակայն բոլոր կառույցները մերժեցին տրամադրել տեղեկություններ ներմուծող ընկերության մասին։  

Որոշակի տեղեկություններ հնարավոր եղավ ստանալ միայն դատախազությունից և ՊԵԿ-ից,  որոնց հիման վրա էլ մեր հետագա ուսումնասիրությունը պարզեց, թե որ ընկերությունն է ներկրել, երբ և որքան մաքսատուրքից է խուսափել։

Այսպես, ըստ Դատախազության՝  2020 թվականի  օգոստոսի 19-ին մեկ ընկերության կողմից Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան  է ներմուծվել և  հայտարարագրվել է 72 014 112  դրամ մաքսային արժեքով ադամանդ: 

Մինչդեռ, քննությամբ պարզվել է, որ ներմուծված ադամանդի շուկայական նախնական արժեքը  կազմել է շուրջ 651 270 661  դրամ։  Այստեղ ԱԱԾ-ի և Դատախազության տրամադրած տվյալները տարբերվում են։ Հիշեցնենք, ԱԱԾ-ն նշել էր, որ շուկայական արժեքը կազմել է ավելի քան 420 000 000 դրամ, բայց Դատախազությունն, ինչպես տեսնում ենք, ավելի մեծ թիվ է նշում։ Ըստ Դատախազության՝ պակաս է վճարվել 17 038 120 դրամի մաքսատուրք: 

Դատախազությունից հայտնեցին, որ  նախնական հաշվարկված վնասը վերականգնվել է, իսկ նախաքննությունը շարունակվում է: 

Սակայն Դատախազությունը նշված ընկերության վերաբերյալ տվյալներ չտրամադրեց, քանի որ քրեական գործով նախաքննությունը դեռևս չի ավարտվել։ 

Հատկանշական է, որ ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ էլ Դատախազությունը այս դեպքին մաքսանենգություն բնորոշումը չեն տվել: Բոլոր դեպքերում, կատարվածը մաքսային կանոնների խախտում է՝ իրավախախտում:

Ներմուծողը «Էյ․Դի․Էմ Դայմոնդս» գործարանին փոխկապակցված ընկերությունն է

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի՝ 2020 թվականի օգոսոստին  (համաձայն Դատախազության՝ ներմուծումն իրականացվել է այդ ամսին) Հայաստան ադամանդ ներմուծած ընկերությունների ցանկում ԱՄԷ-ից ներմուծող մի քանի ընկերություն կա։ 

Նրանցից ամենահայտնին «Էյ․Դի․Էմ Դայմոնդս» ՍՊԸ֊ն է, որը Հայաստանում ադամանդի վերամշակմամբ զբաղվող խոշոր գործարաններից է։ Գտնվում է Աբովյան քաղաքում` խորհրդային Հայաստանի երբեմնի արդյունաբերական հսկա «Սիրիուս» գործարանին պատկանող տարածքի մի մասում։

Գործարանի բացումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 2-ին: Մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի այդ ժամանակվա նախարար Տիգրան Խաչատրյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, հայտնի գործարար, «Սիլ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և այլք։

Գործարար շրջանակներում տեղեկություններ էին շրջանառվում, որ ԱԱԾ-ի ներկայացրած դեպքով ներմուծող ընկերությունը «Էյ․Դի․Էմ Դայմոնդս»-ն է։ 

Բավականին ժամանակ պահանջվեց ընկերությունից այդ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալը։  Զանգերից ու գրավոր հարցումից հետո ընկերության տնօրեն Արսեն Արտաշեսյանը մեզ պատասխանեց, որ «Էյ․Դի․Էմ. Դայմոնդս»-ը որևէ առնչություն չունի նշված դեպքի հետ։

Հետագայում, սակայն, պարզվեց,  որ ներմուծողն այլ ընկերություն է, որն անմիջական առնչությունի ունի «Էյ․Դի․Էմ Դայմոնդս»-ի հետ։

Խոսքը «Կարաբրա» ՍՊԸ-ի մասին է։ Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեսգիտրի՝ ընկերության 100% սեփականատերն է Կարեն Ավետիկի Աբրահամյանը։ Նրա և ընկերության գրանցման  հասցեները նույնն են՝ Ն. Շենգավիթում։  Կազմակերպությունը գրանցվել է 2020 թվականի փետրվարին։

Կարեն Աբրահամյանը հանդիսանում է նաև մեկ այլ ընկերության՝ «Էյ․Դի․Էմ. քալոր սթոնս» ՍՊԸ-ի 100% սեփականատարեր։ Հիմնադրվել է 2019 թվականի դեկտեմբերին։ 

Այս ընկերությունը գտնվում է ճիշտ նույն հասցեում, ինչ «Էյ․Դի․Էմ Դայմոնդս»-ը:

Համընկնում են նաև երկու ընկերությունների առաջին երեք տառերի հապավումները՝ Էյ․Դի․Էմ., որը բացվում է որպես Armenian Dimonds Manufactures: 

«Կարաբրա»-ին գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով հերքել կամ հաստատել իրենց մասնակցությունն այդ գործին և հաստատելու պարագայում հայտնել՝ արդյոք վճարե՞լ են պետությանը հասցված վնասը։

Մեզ ուղարկած գրավոր պատասխանում Կարեն Աբրահամյանը չի հերքել տեղեկությունները։ Պատասխանել է, որ «Կարաբրա» ՍՊԸ-ի կողմից արդեն իսկ վճարվել է 19 մլն դրամ։ 

Հաշվի առնելով «Կարաբրա»-ի և նրա սեփականատիրոջ կապը   «Էյ․Դի․Էմ Դայմոնդս»-ի հետ՝ կարելի է ենթադրել, որ ներկրված ադամանդները «Էյ․Դի․Էմ Դայմոնդս»-ի համար են եղել։

«Էյ․Դի․Էմ Դայմոնդս»-ի անունը հայկական մամուլը կապում է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ: Սուքիասյանը, սակայն, հերքում է դա: Նրա խոսնակ Աննա Մկրտչյանը «Հետքի» հետ զրույցում ևս հերքեց այն տեղեկությունները, որ գործարանը պատկանում է Սուքիասյանին: 

Ռեգիստրի տվյալներով, նույնպես, այդ կապը չի հաստատվում, սակայն հայտնի է, որ  «Էյ․Դի․Էմ Դայմոնդս»-ի գրանցված սեփականատերերը՝ Բաղիկյանները, մտերիմ են Խաչատուր Սուքիասյանի հետ։ Գործարանի բացման ժամանակ  Սուքիասյանը լրատվամիջոցների հետ զրույցներում բավականին տեղեկացված էր գործարանի հետագա աշխատանքներից։

Ըստ ռեգիստրի՝ «Էյ․Դի․Էմ Դայմոնդս» ՍՊԸ-ի սեփականատարերն են նույն հասցեում գրանցված Ասպարիկ Աղվանի Բաղիկյանը և Մարինե Հրանտի Բաղիկյանը։ Գործարանի բացմանը և  լրատվամիջոցների հետ հանդիպմանը որպես գործարանի հիմնադիր-տնօրեն է ներկայանում  Բաղիկյանների որդին՝ Արտակ Բաղիկյանը։ 

Պարբերաբար մամուլում «Էյ․Դի․Էմ Դայմոնդս» ՍՊԸ-ի անվան շուրջ կոռուպցիոն գործարքների մասին տարատեսակ լուրեր են հայտնվում։ Արտակ Բաղիկյանը 2020 թվականի մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իրենց ընկերությունը որևէ կոռուպցիոն և քրեական սխեմաներում ներգրավված չէ, գործում է բացառապես օրինական դաշտում:  

Մաքսային խառնաշփոթ. ՊԵԿ-ը լվանում է ձեռքերը

Ադամանդը Հայաստան ներկրվող ապրանքների շարքում մշտապես առաջատար հորիզոնականներում է: Ներկրվում են ինչպես ոսկերչության մեջ օգտագործվող ակնագործական ալմաստներ, որոնք մշակվելուց հետո մեծամասամբ արտահանվում են, այնպես էլ՝ տեխնիկական ալմաստներ: Հետևաբար, կախված որակից՝ տարբեր երկրներից ներկրվող ադամանդի (ալմաստի) արժեքները խիստ տարբերվում են: Բոլոր դեպքերում դրանք ներմուծվում ու արտահանվում են նույն մաքսային ծածկագրով (7102), սակայն դասակարգվում են նաև ըստ ենթակոդերի:  

Ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ 2020 թվականին Հայաստանը ներմուծել է մոտ 715.5 հազար կարատ ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 92.2 մլն դոլար:  2019 թվականի համեմատ ներմուծման քանակն աճել է 7 հազար կարատով կամ 1%-ով: Մինչդեռ արժեքը նվազել է 57 մլն դոլարով կամ 38%-ով, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020-ին ներկրված ադամանդի արժեքը միջինում ավելի ցածր է եղել, քան նախորդ տարի:

Ընդհանուր առմամբ, ադամանդի արտահանման և ներմուծման աշխարհագրությունը ամեն տարի փոփոխվում է: Սակայն կան երկրներ, որտեղից Հայաստանը պարբերաբար ներկրում է. Ռուսաստան, Բելգիա, ԱՄԷ և այլն: 

2020 թվականին Հայաստանն առավել մեծ ծավալի ադամանդ է ներկրել Հոնկոնգից (393 հազար կարատ), Հնդկաստանից (136 հազար կարատ) ու Ռուսաստանից (92 հազար կարատ): Երբ ներմուծումը դիտարկում ենք ըստ արժեքի, առաջատարները կրկին Հոնկոնգն ու Հնդկաստանն են (տե՛ս ներքևում գտնվող ինֆոգրաֆիկան): Առաջին հնգյակում են նաև Բելգիան ու ԱՄԷ-ն: 

Սակայն, Ռուսաստանի պարագայում իրավիճակն այլ է: Ռուսաստանից շատ ավելի էժան ալմաստներ են ներկրվում Հայաստան, այդ թվում՝ տեխնիկական ալմաստ, հետևաբար դրանց ընդհանուր արժեքը շատ ավելի փոքր է: 

Հայաստան ներմուծվող ադամանդների մեծ մասն, ինչպես նշեցինք, վերամշակումից հետո կրկին արտահանվում են: Մաքսային ծառայության տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 421 հազար կարատ ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 67.5 մլն դոլար: Մեծամասամբ արտահանվել է ԱՄԷ (275  հազար կարատ), Ռուսաստան (116 հազար) ու Բելգիա (17 հազար): 

Առավել բարձր արժեքով ադամանդներ արտահանվել են Ռուսաստան ու Բելգիա:

Քանի որ մեր ուսումնասիրության դեպքը կապված էր ԱՄԷ-ի հետ, փորձեցինք ավելի ընդգրկուն տվյալներ ստանալ Հայաստանի ու ԱՄԷ-ի ադամանդի առևտրի վերաբերյալ:  Համեմատելով ՄԱԿ-ի միջազգային առևտրի բազայի տվյալները՝ էական տարբերություններ հայտնաբերվեցին 2019 թվականին ԱՄԷ-ից Հայաստան ներմուծվող ադամանդի վերաբերյալ:

Ըստ ՄԱԿ-ի միջազգային առևտրի բազային Հայաստանի կողմից տրամադրած տվյալների՝ 2019 թվականին ԱՄԷ-ից Հայաստան է ներմուծվել մոտ 131 հազար կարատ ադամանդ, որի ընդհանուր արժեքը կազմել է 16.9 մլն դոլլար: Հայաստանի մաքսային ծառայության կայքում հրապարակված բազայում ևս այդ տվյալներն են:

Սակայն, ըստ  ՄԱԿ-ին ԱՄԷ-ի կողմից տրամադրված տվյալների՝ 2019 թվականին ԱՄԷ-ն Հայաստան է արտահանել ավելի քան 525 հազար կարատ ադամանդ, որի արժեքը կազմել  է 64.1 մլն դոլլար։ 

Այլ խոսքով՝ 2019 թվականին Էմիրություններից Հայաստան ներմուծված ադամանդի վերաբերյալ երկու երկրների հաղորդած տվյալները նույն բազայում խիստ տարբերվում են: 

Թե ինչով է պայմանավորված տվյալների այս տարբերությունները, նախ փորձեցինք պարզել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից: Մեր հարցմանը այս կառույցից միայն խորհուրդ տվեցին համադրություններ կատարելիս ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե արդյոք նույն մեթոդաբանությամբ են հաշվարկված տվյալները:

Օրինակ՝ կարող են տարբերվել ըստ ապրանքի ծագման և ըստ առևտուր անող երկրի հաշվարկած տվյալները: 

Սակայն, մեր նշած տվյալները վերցված են նույն բազայից, ինչը ենթադրում է, որ նույն մեթոդաբանությամբ պետք է հաշվարկված լինեն: Բոլոր դեպքերում, նույնիսկ, եթե այս տվյալներում ոչ մի կասկածելի երևույթ չկա, ՊԵԿ-ը պետք է ստուգված տեղեկություններ հաղորդեր, քանի որ կան տեղեկություններ, որոնց վերաբերյալ բաց աղբյուրներից պարզաբանումներ ստանալը սահմանափակված է: Սակայն, ՊԵԿ-ը լվացել է ձեռքերը: 

Լրացուցիչ պարզաբանումների համար փորձել ենք կապ հաստատել  ԱՄԷ-ի ֆինանսների նախարարության հետ։  Ադամանդի ներմուծան վերաբերյալ  տվյալների ստացման համար ԱՄԷ Ֆինանսների նախարարությունը մեզ ուղղորդեց իրեց երկրի էկոնոմիկայի նախարարություն: Սակայն պաշտոնական պատասխան ստանալ նախարարությունից նույնպես չստացվեց։ 

Արտաքին առևտրում տարբեր երկրների հաղորդած տվյալները կարող են շեղվել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գործոններով: Երբ գործոններն օբյեկտիվ են լինում, սովորաբար նման մեծ տարբերություններ չեն լինում տվյալներում: 

Մեթոդաբանությունը օբյեկտիվ գործոնների շարքում է: Գործընկեր-երկրները ներմուծվող ապրանքների վիճակագրական արժեքը սահմանում են ՍԻՖ գներով, իսկ արտահանվող ապրանքների արժեքը՝ ՖՕԲ գներով: Ի տարբերություն ՖՕԲ գնի, ՍԻՖ գինը ներառում է նաև տվյալ ապրանքի փոխադրման համար կատարված տրանսպորտային ծախսերը և ապահովագրական վճարները, ինչով պայմանավորված էլ, երկու համեմատվող երկրների համար նույն ապրանքի արտահանման և ներմուծման արժեքային ծավալները դիտարկելու պարագայում, դրանք չեն կարող նույնությամբ համապատասխանել միմյանց:

Իսկ սուբյեկտիվ գործոններից է վիճակագրական տվյալների դիտավորյալ աղավաղումը: Ներմուծողները կարող են հայտարարագրել ապրանքներ կեղծ ապրանքային ծածկագրերով, ինչպես նաեւ միտումնավոր նվազեցնել ներմուծվող ապրանքի արժեքը, մաքսատուրքերը նվազագույնի հասցնելու նպատակով: 

Հուսանք՝ Հայաստանի մաքսային ծառայությունը մեր հրապարակումից հետո կպարզաբանի, թե որ գործոնն է դեր խաղացել մեր նշած օրինակում: 

Առհասարակ, ադամանդի շուկայում Հայաստանի արտաքին առևտրի վերաբերյալ կոռուպցիոն կասկածների ու գործարքների մասին հաճախ են լուրեր նետվում ասպարեզ։ Դրանց մի մասը փաստարկվում են, մի մասը հերքվում, մի մասն էլ՝ մնում օդում։ 

Հեղինակներ՝ Աննա Մանուկյան, Սոնա Ներսեսյան, Մ. Ե., Ջ. Գ.

Համակարգող՝ Սեդա Հերգնյան

Ինֆոգրաֆիկաները՝ Մերի Ստեփանյանի, Միլենա Բարսեղյանի, Հետք Մեդիա Գործարան

Գլխավոր լուսանկարը՝  «Էյ․Դի․Էմ Դայմոնդս»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

mihran robert mahmouzian
anything new about the crook in armeniayou are born crook

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter