HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մեքենան վաճառելիս հանձնած համարանիշները հետ վերցնելու համար առաջարկվում է մեկ տարի սահմանել

Կառավարությունը նախատեսում է ավտոմեքենան վաճառելիս մեծ պահանջարկ ունեցող հանձվնած պետհամարանիշները հետ վերցնելու համար սահմանել մեկ տարի ժամկետ՝ նախկին 6 ամսվա փոխարեն։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու նախագիծը ոստիկանությունը ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

Ներկայում գործող կարգավորմամբ՝ եթե վեց ամսվա ընթացքում տվյալ համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը հաշվառման է ներկայացնում իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա մեծ պահանջարկ ունեցող այդ համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ։

Նախագծում ասվում է, որ կառավարության աշխատակազմ ստացված դժգոհությունները հիմք են տալիս եզրակացնել, որ տրանսպորտային միջոցը փոխելիս 6 ամսյա ժամկետը մեծ պահանջարկ ունեցող համարանիշի հաշվառման մարմին ի պահ հանձնելուց հետո չի հանդիսանում բավարար ժամանակահատված նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման ներկայացնելու համար:

Նախագծի ընդունուման արդյունքում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից առաջնային օգտվելու իրավասություն ստացած անձը, վաճառելով իր տրանսպորտային միջոցը, առավել երկար ժամանակ կունենա համարանիշերը հետ վերցնելու և օգտագործելու համար՝ այդպիսով ստիպված չլինելով կրկին վճարել մեծ պահանջարկ ունեցող նոր (կամ նույն) համարանիշերի համար կամ ստանալ հերթական կամ այլ վճարովի համարանիշ։

Նշենք, որ առաջարկվող փոփոխությունը դեռևս օրենքի նախագծի կարգավիճակում է։ Այն նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter