
Ա. Ավանեսյան. «Պատվաստանյութից թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության ռիսկը գրեթե զրոյական է»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 29-ի հերթական նիստի օրակարգի հաստատումից առաջ անդրադարձավ երկու հարցի:
Կորոնավիրուսի առնչությամբ վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ավելի քան մեկ տարի է՝ ապրում ենք համավարակի պայմաններում և նշեց, որ կառավարության ռազմավարությունն ի սկսզբանե եղել է կորոնավիրուսի պայմաններում ապրել սովորելը:
«Ըստ էության, այսօր գտնվում ենք այդպիսի իրավիճակում, բայց ռազմավարությունն ունի երկրորդ մաս, խոսքը պատվաստման գործընթացի մասին է»,- հայտնեց Փաշինյանը:
Նա խնդրեց Առողջապխահության նախարարին ներկայացնել, թե պատվաստման ինչ հնարավորություններ ունենք, և ինչպես է այն իրացվում:
Անահիտ Ավանեսյանը նախևառաջ տեղեկացրեց, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 656 դրական նոր դեպք, այս պահին 13 257 հիվանդ կա, 2000-ից ավելի մարդ գտնվում է հիվանդանոցներում, մահերի թիվը հատել է 4000-ի սահմանը:
Պատվաստանյութն արդեն հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Փոփոխություններ են եղել նաև պոլիկլինիկաների և ամբուլատորիաների սպասարկման կարգում: Այսուհետ քաղաքացիները, անկախ իրենց գրանցման վայրից, կարող են պատվաստվել իրենց նախընտրած պոլիկլինիկաներում:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում, պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից:
«Պատվաստանյութից թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության ռիսկը գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք քովիդով վարակվելու և դրա հետևանքով առողջության ծանր, և, ցավոք սրտի, նաև մահվան դեպքերի հետ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ինքն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ պատվաստվել են և իրենց շատ լավ են զգում: Նա հույս հայտնեց, որ այս օրինակը վարակիչ կլինի:
«Եկեք պայմանավորվենք, որ մի շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր մարդիկ կպատվաստվեն»,- դիմելով գործընկերներին՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նրա խոսքով՝ առաջիկայում կառավարությունը պատվաաստանյութ ձեռք կբերի նաև Չինաստանից:
«Եթե որևէ պատվաստանյւթ ներկայացնի որևէ վտանգ մեր քաղաքացիների առողջությանը, կյանքին, Հայաստանի կառավարությունն այդ պատվաստանյութն ուղղակի չի ընդունի»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ փոխվարչապետն ու նախարարը պատվաստվել են AstraZeneca-ով, և նրանց հետ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:
«Պատվաստումների դեմ, ցավոք սրտի, Հայաստանում վերջին տարիներին շարժումներ են սկսել, որոնք չգիտես՝ ինչ նպատակ ունեն: Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է»,- հավելեց վարչապետի պաշտոնակատարը:
Ըստ նրա՝ շուտով ամբողջ աշխարհում ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը: Պետական մարմիններում պետք է իրականացվի պատվաստման գործընթաց:
Նա նաև կարևորեց պատվաստված քաղաքացիների մասին թվայնացված տեղեկատվության ապահովումը:
Անդրադառնալով պատվաստանյութերի ժամկետներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր երկրներում գոյություն ունեցող բոլոր պատվաստանյութերն ունեն պիտանելիության ժամկետ, առավել ևս՝ նոր թողարկված պատվաստանյութերը, որոնց պիտանելիության ժամկետը շատ կարճ է:
«Պետական միջոցներ ենք օգտագործում այդ պատվաստանյութերը բերելու համար: Եվ պատկերաղցրեք, եթե ստացվի մի իրավիճակ, որ այդ պատվաստանյութերը ձեռք բերենք մեծ քանակներով, պետական ահռելի միջոցներ ծախսենք, և պարզվի, որ մենք սկզբունքորեն չենք պատվաստվում»,- հայտնեց Փաշինյանը:
Երկրորդ հարցը, որին վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ գերիների վերադարձի մասին էր.«Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունները գերեվարված անձանց վերադարձնելու չի կատարում: Այս փաստն արդեն իսկ դառնում միջազգային օրակարգի հարց»:
Փաշինյանն ընդգցեծ, որ երեկ Եվրամիությունը շատ կարևոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է, որ Ադրբջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքններից: Ըստ նրա՝ հայտարարության մեջ հղում է արվում ՄԻԵԴ-ում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարության ավելացնում է նաև իրավակա կոմպոնենտ:
Մեկնաբանել