HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել կաթնային գոմշաբուծության համար տրամադրվող վարկերը

Կառավարությունը նախատեսում է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորվող վարկ տրամադրել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար։ Գործադիրի համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել էկոնոմիկայի նախարարությունը։

Գերատեսչության հավաքագրած տվյալների համաձայն՝ Հայաստանում կա 700 գլուխ գոմեշ։ Գոմշաբուծության կաթնամսային ուղղվածությամբ զբաղվում են Տավուշի, Լոռու, Արարատի և Արմավիր մարզերում։ Ինչպես հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը, նրանց կաթնատվությունը տատանվում է 600-800 կգ-ի, հազվադեպ 1500-2000 կգ-ի սահմաններում, սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ և պահվածքի բարելավման միջոցով կարելի է բարձրացնել կենդանիների կաթնատվությունը՝ մինչև 2000-3000 կգ։ Արդյունքում կենդանիներից ստացված բարձր յուղայնությամբ կաթից ստանում են բարձրորակ և բարձրարժեք կաթնամթերք, որն էլ, ըստ նախարարության, մեծ պահանջարկ ունի արտաքին շուկայում։

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին, և այդ ժամանակվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրի շրջանակում տրամադրվել է 51 644 միավոր վարկ՝ շուրջ 125,7 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 11,8 մլրդ դրամ: Միայն 2020 թվականին տրամադրվել է 36 608 միավոր վարկ՝ 63,4 մլրդ դրամ գումարով։ Սուբսիդավորման գումարը կազմել է 4,9 մլրդ դրամ:

Ինչպես նշված է կառավարության որոշման նախագծում, ծրագրի շրջանակում տնտեսավարողները հետաքրքրվածություն են ցուցաբերում տոհմային անասնաբուծության՝ մասնավորապես կաթնային գոմշաբուծության զարգացման համար նպատակային վարկերի տրամադրմանը։

Առաջարկվող կարգավորման նպատակն է գյուղատնտեսության ոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով նախատեսած տավարաբուծության համար 3-50 մլն դրամ սուբսիդավորվող վարկը տրամադրել նաև կաթնային գոմշաբուծության զարգացման համար։ Այս նախագծով առաջարկվող լրացումը, էկոնոմիկայի նախարարության ակնկալմամբ, հնարավորություն կտա խթանել գոմեշի կաթի և բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի՝ մոցառելլա պանրի արտադրության կազմակերպմանը։

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter