HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչի՞ Սոֆիի պապան կռվից եկել է, մեր պապան՝ չէ». մայոր Դավիթ Առուշանյանից տեղեկություն չկա 7 ամիս

Հանրակացարանի փոքր սենյակն օրեցօր ավելի հեղձուցիչ է դառնում Լիդա Առուշանյանի համար։ Այն լցված է անորոշությամբ ու ցավով, որ օղակում է 71-ամյա կնոջը։ Սեպտեմբերի 29-ից մինչեւ այսօր որդուց՝ Դավիթ Առուշանյանից, որեւէ տեղեկություն չկա: Մայրը կատարվածի մասին իմացել է հեռուստատեսությամբ: Որդին «Եղնիկներից» Մատաղիս-Թալիշ ուղղությամբ էր շարժվել: Մայրն ասում է՝ առաջին տանկը խփվել է, ինքն էլ կոնտուզիա է ստացել, երկրորդ տանկ է տեղափոխվել, հետո երկրորդի զինամթերքն է վերջացել, տեղափոխվել է երրորդ տանկ: «Երրորդ տանկն էլ մխրճվել է թշնամու մեջ՝ խուճապ առաջացնելով եւ նպաստելով մեր զորքերի առաջխաղացմանը: Հետը երեք հոգի են եղել, մի սպա էլ «Եղնիկներից» էր նստել, երբ տեսել էր, որ Դավիթը վիրավորվել է, նստել էր, որ օգնի: Մինչեւ հիմա ոչ անձնակազմը կա, ոչ տանկը»,- նշում է տիկին Լիդան:

Երեւանի Նոր Նորքի հանրակացարանի մի սենյակում է մեծացել 31-ամյա մայոր Դավիթ Առուշանյանը: Նա ընտանիքի միակ զավակն է: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը մոտ էր նրանց, եւ երբ Դավիթը դեռ փոքր էր, հաճախ էր գնում-նստում պատին՝ հիացած նայելով զինվորներին: «Ասում էր՝ մամ, ես էլ եմ գնալու, ասում էի՝ այ տղա, դժվար գործ ա, ասում էր՝ մամ, դուրս գալիս ա, գնալու եմ»,- հիշում է տիկին Լիդան:

Ռազմական համալսարանն ավարտելուց հետո Դավիթը ծառայության է անցել Արցախի Իվանյանի զորամասում: Ստեփանակերտում վարձով էր բնակվում: Մայրը հաճախ էր գնում-գալիս Արցախ: Այդտեղ էլ Դավիթն ամուսնացել է մարտակերտցի Լուսինե Թավադյանի հետ: 4 երեխա ունեն՝ 9-ամյա Լիդան, 5-ամյա Ալեքսը, 4-ամյա Դանիելն ու 1,5-ամյա Հայկը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տագնապ էին տվել. Դավիթը զորամաս էր գնացել, իսկ ընտանիքը՝ ապաստարան իջել: Կինը՝ Լուսինեն, պատմում է, որ վերջին անգամ Դավիթի հետ խոսել է սեպտեմբերի 28-ին, ամուսինն ասել էր, որ ուշադիր լինեն, կարող է զանգի, երեխաների հետ Հայաստան գնան: Դրանից հետո նրա հեռախոսն այլեւս անհասանելի էր:

«Ինքը մինչեւ պատերազմն ասում էր՝ մամա, կռիվ է լինելու, զորքերի կուտակում կա: Ասում էի՝ Դավիթ ջան, ասա էլի, ասում էր՝ մամ, ո՞ւմ ասեմ, բոլորն էլ տեսնում են»,- նշում է տիկին Լիդան:

Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտից տիկին Լիդան, Լուսինեն եւ 4 երեխաները Երեւան եկան՝ մտածելով, որ մի քանի օրից կռիվը կավարտվի եւ նորից հետ կգնան Արցախ: «Մենք պադվալներում էինք, տղամարդիկ բարձրանում էին տելեվիզոր նայում, լուրեր լսում, որտեղ միշտ ասում էին՝ «հաղթելու ենք, հաղթելու ենք»: Մենք խաբվեցինք»,- նկատում է 71-ամյա կինը:

Երեւան գալուց հետո սկզբից հանրակացարանի մի սենյակում էին մնում, բայց քանի որ 6 հոգու համար այն չափազանց փոքր էր, հյուրանոց էին տեղափոխվել, որտեղ Արցախից եկած ընտանիքներին անվճար սենյակներ էին տրամադրում: Ամիսներ անց ստիպված էին վարձով բնակարան գտնել:

Հիմա Լուսինեն երեխաների հետ բնակվում է Երեւանի Շեւչենկոյի փողոցում՝ ամսական 150 հազար դրամ վարձ տալով: Բնակարանը մեծ դժվարությամբ են գտել: Տիկին Լիդան, որ մեր այցելության օրն այնտեղ էր, ասում է՝ երբ իմանում էին, որ Արցախից են եկել, հրաժարվում էին տրամադրել: «Սա զոռով ենք գտել: Ասում էին՝ ղարաբաղցի եք, չենք տալիս, ասում էի՝ ղարաբաղցի չենք, բնիկ Երեւանից ենք, ասում էին՝ մեկ ա, էնտեղից եք գալիս»,- հիշում է տիկին Լիդան:

Վարձով բնակարանի մեծ հյուրասենյակում մի քանի իրեր են: Լուսինեն քնացնում է Հայկին: Լիդան ու Ալեքսը հեռախոսով են զբաղված՝ խաղ են խաղում: Դանիելը մե՛կ Հայկի մոտ է գնում, մե՛կ հյուրասենյակ մտնում: Երեխաները սպասում են հորը: Սկզբից շատ էին հարցեր տալիս: «Ասում էին՝ բաբո, տելեվիզորը միացրու, կարող ա պապայի մասին մի բան խոսեն»,- նշում է տատը, քիչ անց տոպրակից հանում որդու լուսանկարը, որի հետ գրպանի աղոթագիրքն է:

Այս 7 ամիսներին նա դիմել է բոլոր պետական կառույցներին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:

«Ես գիտեի, թե մենակ իմ էրեխեն է կորել, գնացի, տեսա պաշտպանության նախարարության մոտ հազարավոր մարդիկ: Ամեն օր համարյա գնացել եմ: Հոկտեմբերի 2-ից առ այսօր ամեն տեղ գնացել եմ, ոչ մի տեղ չկա»,- ասում է 71-ամյա մայրը: Վերջինս անհետ կորած տղաների ծնողների հետ միշտ մասնակցում է բողոքի ակցիաներին: Երբ երկու օր շրջափակել էին պաշտպանության նախարարության շենքը, մտածում էին, որ նախարարը դուրս կգա, կխոսի իրենց հետ: Բայց փոխարենը ուղղաթիռով աշխատակիցներին տեղափոխեցին շենքից: Որդու մասին տեղեկություններ փնտրող մայրն ասում է՝ նախարարից գոնե մի նախադասության էին սպասում, ո՛չ նման վերաբերմունքի:

«Ո՛չ գիշերը քնում եմ, ո՛չ ցերեկը հաց եմ ուտում: Անտանելի վիճակ է, մահը գերադասում եմ: Ավելի լավ է մահանամ, քան սենց ապրեմ: Առանց էդ էլ մի օր չենք տեսել, մենակ եմ պահել, ամուսինս շուտ է մահացել»,- ասում է որդուն փնտրող մայրը:

Լիդա Առուշանյանը ծնվել է Ռուսաստանի Ալթայի երկրամասում, որտեղ խորհրդային տարիներին աքսորել էին հորն ու ընտանիքը: 7 երեխաներից երկուսը ծնվել են այնտեղ: Աքսորից հետո ընտանիքը բնակվում էր Շահումյանի շրջանի Հայ Պարիս գյուղում: 1975 թ. տիկին Լիդան Երեւան էր եկել սովորելու, իսկ ընտանիքը գյուղում էր:

Շահումյանի անկման ժամանակ՝ 1992-ի հունիսին, նա Դավիթի հետ Հայ Պարիսում էր: Ադրբեջանցիները խորհրդային բանակի հետ 25 տանկով մտել էին գյուղ: Շատերը չէին հասցրել դուրս գալ գյուղից, իսկ նրանք, որոնք հասցրել էին, անտառներով ճանապարհ էին ընկել: Գյուլիստան էին գնացել, այդտեղից էլ՝ Հաթերք: «Այդ օրերին սարսափելի անձրեւներ էին գալիս, սելավներ, մի փոքր երեխայի քշեց-տարավ սելավը, մոր ձեռքից ընկել էր: Մռավի սարերով, Դրմբոնի անտառներով ճանապարհ էինք գալիս: Սաստիկ ցուրտ էր, մարդիկ ճանապարհը կացինով էին բացել, որ լեռներով գայինք: Տրանսպորտ չկար, երկրորդ՝ տրանսպորտի բոլոր տեղերում թուրքերն էին, հնարավոր չէր անցնել»,- վերհիշում է դեպքերի ականատեսը: Հետո տիկին Լիդան որդու հետ դժվարությամբ Երեւան էր հասել:

Նրա ձայնն աստիճանաբար նվաղում է: Անցյալը, հիմա էլ ներկան անընդհատ կորուստներով է եղել: Ոսկրացած դեմքով, ցավից օրըստօրե փոքրացող կինը փնտրում է որդուն՝ հավանական եւ անհավանական բոլոր տարբերակներն է ուզում օգտագործել: Ասում է՝ պատրաստվում է Արցախ գնալ, այնտեղ ինչ-որ մարդկանց վճարել, որ գնան որոնեն որդուն: Երբ հարցնում եմ, թե արդյոք նման ծառայություններ կան, լացի պոռթկմամբ է պատասխանում, որ արդեն չգիտի՝ ինչ անել, ոնց անել:

«Ես մտածում եմ, որ կամ զոհվել են, չեն գտնում, որովհետեւ առ այսօր դիակ են հանում, կամ էլ կարող է կոնտուզիայի մեջ է եղել, գերի են վերցրել, դա 1 տոկոսով եմ ասում, որովհետեւ ինքը գերի հանձնվող չէր: Էդ օրերին գերի չէին վերցնում, սիրիացիները տանում էին գլուխները հանձնում, որ 100 դոլար ստանան»,- ասում է մայրը: Հիմա ամեն օրը խարխլում է որդուն գտնելու հույսերը: Եվ դրանից 71-ամյա կինն իրեն անզոր է զգում:

Երեխաներից Ալեքսն ու Դանիելը զինվորական բաճկոններով ու գլխարկներով վազվզում են հյուրասենյակում: Ասում են՝ զինվոր են դառնալու, սահման գնան: 9-ամյա քույրը՝ Լիդան, բազմոցին նստած ժպտում է. ինքն էլ որոշել է անգլերենի ուսուցչուհի դառնալ:

Տիկին Լիդան նայում է ժպտացող թոռներին, որոնք կատարվածը դեռ չեն հասկանում: Այդ մտքից դարձյալ հուզվում է:

«Որ Դավոյի ընկերը գալիս է, ասում են՝ ինչի՞ օրինակ Սոֆիի պապան կռվից եկել է, մեր պապան չէ»,- ասում է 4 երեխաների մայրը՝ Լուսինեն:

Լուսանկարները՝ ընտանեկան արխիվից, Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter