HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը գերիների հարցով նամակ է հղել Կարմիր խաչի նախագահին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում: Այս մասին հայտնում էնախագահականի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանը նամակում մասնավորապես ընդգծել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի ընթացքում և դրանից հետո մի քանի հարյուր հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերեվարվել, որոնք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից:

Նախագահի նամակում նշված է հետևյալը․

«Այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում:

Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները, անհատներ պետք է համարժեք գնահատական տան Ադրբեջանի գործողություններին:

Համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:

Մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ՝ ներկայումս Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների և պատանդների իրական թիվը, և շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին: Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում:

Դիմում եմ Ձեզ և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին` միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter