HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր ելքն այս պահին միայն պատվաստվելն է». համաճարակաբան

Մարիետա Մակարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուն վաղուց է սպասել։ Երբ արդեն հայտնի էր, որ շուտով պատվաստանյութ է ներկրվելու Հայաստան, նա զանգահարել է տեղամասային՝ Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պոլիկլինիկա և ասել, որ ցանկանում է պատվաստվել։ Նախընտրել է ռուսական արտադրութան Sputnik V պատվաստանյութը։

«Այսօր առավոտյան զանգեցին պոլիկլինիկայից և ասացին, որ Sputnik V-ի թույլտվություն ունեն, քանի որ մեծ չափաբաժին են ստացել։ Նույն պահին եկա, չափեցին ճնշումս, կատարեցին բոլոր անհրաժեշտ զննումները, տեսան ամեն ինչ նորմալ է, ասացին, որ կարող եմ պատվաստում ստանալ։ Sputnik V  պատվաստանյութին վստահում եմ, իսկ AstraZeneca-ն անոթային խցանում է առաջացնում, եվրոպական որոշ երկրներ էլ արգելեցին կիրառումը»,- ասում է 72-ամյա Մարիետա Մակարյանը, որին հանդիպեցինք պոլիկլինիկայում։

Արթուր Մանուկյանը նույնպես եկել է պատվաստվելու, նա ընտրել է AstraZeneca-ն։ Մտավախություն չունի, կարծում է, որ պատվաստվելը վարակը կանխարգելելու ամենաարդյունավետ միջոցն է։ Արթուրի կինը՝ Հասմիկ Մանուկյանը, նույնպես ցանկություն ունի պատվաստվելու, սակայն նոր է բուժումն ավարտել և ասել են, որ 3 ամիս պետք է սպասի։

«Հիմա ամուսինս է պատվաստվում, ծնողներս մի քանի օր առաջ են պատվաստվել, կրկին՝ AstraZeneca-ով և իրենց լավ են զգում։ Որոշել եմ 10 տարեկան աղջկաս նույնպես բերեմ։ Զարմանում եմ, որ մարդիկ չեն գալիս, սպասում էի, որ հերթեր կլինեն»,- ասում է Հասմիկ Մանուկյանը։

Մինչ դեղորայք ստանալը պատվաստվողները հիվանդանոցի միջանցքում քննարկում են, թե որ պատվաստանյութն է ավելի ապահով։ Տարբեր են նրանց կարծիքները․ ոմանք նախընտրում են բրիտանա-շվեդական AstraZeneca-ն, մյուսները կարծում են, որ ռուսական Sputnik V-ն ավելի անվտանգ է։  

Ժուաննա Ղազարյանը  եկել է պատվաստվելու, սակայն դեղերի հանդեպ ալերգիա ունի, դա նրան փոքր-ինչ անհանգստացնում է։ Պատվաստանյութ ստացող մարդկանց հետ է խոսում, նրանց կարծիքները լսում։

«Ավելի մեծ վստահություն ունեմ Sputnik V-ի հանդեպ,  բայց ասացին, որ ես կարող եմ միայն AstraZeneca-ով պատվաստվել։ Մարդկանց շրջանում խոսում են, որ լավ դեղորայք չէ, վտանգավոր է, դրա համար դժվար է կողմնորոշվել»,-ասում է Ժուաննա Ղազարյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Արտակ Ջումայանն ասում է, որ ապրիլի 13-ից սկսել են պատվաստումները, առաջինը ստացել են AstraZeneca-ն, մի քանի  օր հետո՝ Sputnik V-ն։ Սկզբում շատ քիչ թվով մարդիկ էին գնում պատվաստվելու,  բայց օր օրի իրազեկվելով՝ ցանկացողների թիվը շատացել է։ Պատվաստում ստացած բուժաշխատողներն իրենց օրինակով մարդկանց  բացատրում են, և վստահությունն ավելի է մեծանում։ Արտակ Ջումայանի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր միշտ կապ են պահել իրենց բժիշկների հետ և լսելով, որ արդեն պատվաստանյութ կա՝ եկել են պատվաստվելու։ Կան նաև մարդիկ, որ կոնկրետ պատվաստանյութ են նախընտրում, նրանց թիվն օր օրի աճում է։

«Մոտ 100-ը արդեն առաջին պատվաստումը ստացել են՝ AstraZeneca-ն, իսկ Sputnik V-ն քանի որ ուշ ենք ստացել, մոտ 40 պատվաստում ենք իրականացրել։ 10-ից ավելի բուժաշխատողներ նույնպես պատվաստվել են։ Մեկ կամ երկու օր թեթև ջերմություն, թուլություն են ունեցել, բայց, իհարկե, ոչ բոլորի մոտ է արձանագրվել»,- տեղեկացնում է պոլիկլինիկայի վարիչը։

Եթե հակացուցում չկա, միանգամից պատվաստվումն արվում է, որից հետո 30 րոպե անձը մնում է պոլիկլինիկայի հսկողության տակ։ Եթե չկա գանգատ, անձը գնում է տուն, կապ է պահում բժշկի հետ։ Նրան տրվում է անձնագիր, որի մեջ գրված է՝ ինչ կարող է լինել, ինչ անել և բժշկի հեռախոսահամարը։

Հստակ սահմանված է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում պատվաստում չի իրականացվում։ Բժիշկները տեղյակ են իրենց բուժառուներից եւ փոքր-ինչ կասկածի դեպքոմ պատվաստում չեն անում։

«Ոչ մեկս չունենք պատվաստանյութը սպառելու խնդիր՝ տալ թիվ և անցնել մի կողմ, հակառակը՝ մենք ուզում ենք սա անել, որպեսզի հստակ կանխարգելենք վարակը և չունենանք որևէ բարդություն»,-ասում է Արտակ Ջումայանը։

Կենտրոն վարչական շրջանում գտնվող 4-րդ պոլիկլինիկան 200 դեղաչափ AstraZeneca և 10 դեղաչափ Sputnik V տեսակի պատվաստանյութ է ստացել։ Բժիշկները զանգահարում են քաղաքացիներին և հրավիրում պատվաստվելու։ Պոլիկլինիկայի փոխտնօրեն Զառա Բաղդասարյանն ասում է, որ 14 հոգի AstraZeneca-ով է պատվաստվել, իսկ Sputnik V-ն առաջնահերթ կատարվել է բուժաշխատողներին, 10 քաղաքացի էլ արդեն ստացել է ռուսական պատվաստանյութը։ Հերթագրված եւս 10 հոգի կա, որոնց պատվաստելու են ուրբաթ օրը՝ ապրիլի 30-ին։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը կարծում է, որ պատվաստանյութերի  արագ ստեղծումը հետպատվաստումային դեպքերի պատճառ չի կարող լինել․ ցանկացած պատվաստանյութ, որն անգամ եթե անցել է բոլոր փորձաշրջանները և տասնյակ տարիներ է անցել, միևնույն է՝ կարող է գրանցել հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր։ Կորոնավիրուսի պատվաստումների հետեւանքով գրանցված դեպքերը, նրա վկայությամբ, եղել են սպասելիի սահմաններում՝ հետպատվաստումային ջերմություն, մկանացավեր, հոդացավեր, որոնք մեկ օրվա ընթացքում ինքնուրույն անցնում են։

«Որտեղ մարդ պատվաստվում է, այնտեղ իրականացվում է իր հետպատվաստումային շրջանի հսկողությունը։ Եթե հետպատվաստումային շրջանն արտառոց կերպ է ընթանում, որը պահանջում է ավելի խորը բժշկական օգնություն, կա նախարարի հրաման, համաձայն որի՝ «Էրեբունի» և «Աստղիկ» բժշկական կենտրոնները պատրաստ են հետպատվաստումային դեպքերի օգնությունը կազմակերպել»,-նշում է Մերի Տեր-Ստեփանյանը։

Մարդկանց այն խումբը, որը կորոնավիրուսի համար խիստ խոցելի է, ռիսկային չէ հետպատվաստումային դեպքերի առումով. այս խումբն առավել խոցելի է Covid-19-ի առումով, ինչն արտահայտվում է օրական 20-ից ավելի մահվան դեպքերով, և նրանց պատվաստելն առաջնահերթ պետք է լինի։ «Մեր ելքն այս պահին միայն պատվաստվելն է»,- ասում է համաճարակաբանը։

«Sputnik V»-ին 90%-ից ավելի արդյունավետություն ունի, իսկ «AstraZeneca»-ն պատվաստված տարբեր խմբերի մոտ տարբեր արդյունավետություն է արձանագրել՝ 70-76%։ Մասնագետի խոսքով՝ պատճառը գուցեեւ փորձաշրջանի տարբերությունն է, որովհետև «AstraZeneca»-ն փորձարկվել է հիվանդացության պիկի ժամանակ, երբ պատվաստվածների վարակվելու հավանականությունը ավելի մեծ էր։ Երկրորդ պատճառը կարող է լինել վեկտորի տարբերությունը։

«Վեկտորային պատվաստանյութի բնույթն այն է, որ վերցվում է մարդու համար ոչ ախտածին վիրուս։ Sputnik V-ի դեպքում երկուսն էլ ադնովիրուս են օգտագործել, որը Covid-19-ի վիրուսի սպիտակուցը հագցնում է իմուն համակարգին։ Այսինքն, Sputnik V-ի դեպքում երկու տարբեր վեկտոր է օգտագործվում, Իսկ AstraZeneca-ն նույն վեկտորն է։ Միգուցե վեկտորի տարբերությունն ավելի է բարձրացնում պատվաստանյութի իմունոգենությունը»,-նշում է մասնագետը։

Ապրիլի 26-ին Հայաստան է ներկրվել Sputnik V տեսակի պատվաստանյութի նոր խմբաքանակ՝ 14 000 մարդու համար։ Ավելի վաղ՝ մարտի 28-ին, COVAX FACILITY նախաձեռնության միջոցով Հայաստան էր ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ  ապրիլի 8-ին ներկրվել էր Sputnik-V պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։ 

Այժմ  ռիսկի խմբում գտնվողների շրջանակն ընդլայնվել է, և AstraZeneca-ով կարող են պատվաստվել նաև 18-ից բարձր բոլոր խրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիները։ Առողջապահության նախարարության տվյալներով,  ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանում պատվաստվել է 3483 քաղաքացի։ Առաջիկայում Հայաստան կներկրվի չինական «Սինովակ» (Cinovak ) ընկերության արտադրած Coronavak պատվաստանյութը։

Անի Թամրազյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլետ, 3-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter