HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչներ, որոնք չեն հայտարարագրել իրենց ավտոմեքենաներն ու անշարժ գույքը. մաս 1

Կառավարությունը նախորդ տարի փոփոխություն կատարեց պաշտոնատար անձանց գույքի և եկամտի 2019 թվականի տարեկան հայտարարագրերում՝ հանրությանը հասանելի դարձնելով պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ  ավելի մանրամասն տվյալներ։ Մասնավորապես՝ պաշտոնատար անձինք այսուհետ պետք է նշեն իրենց նվիրատվություն կատարած անձի անուն-ազգանունը, անվանական հայտնեն, թե իրենց եկամուտները որտեղից են ձևավորվում, առանձնացված նշեն, թե որքան ֆինանսական միջոցներ ունեն՝ կանխիկ և բանկային հաշվին։ 2019 թվականի տարեկան հայտարարագրերում պաշտոնյաները նաև վերահայտարարագրեցին իրենց՝ մինչև տվյալ ժամանակահատվածը ձեռք բերած ամբողջ գույքը։

Վերահայտարարագրման արդյունքում, ինչպես ցույց տվեց մեր ուսումնասիրությունը, մի շարք պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերում հայտնվեց գույք, որը նախորդ  որևէ հայտարարագրում չէր երևում։

Թեև 2019 թվականի տարեկան հայտարարագրերով պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների վերաբերյալ շատ տվյալներ հանրայնացվեցին, սակայն չենք կարող ասել, որ մինչ օրս պատկան մարմինների կողմից ներկայացված հայտարարագրերի վերաբերյալ էական բացահայտումներ կատարվել են։

Հետք Մեդիա Գործարանի թիմն ուսումնասիրել է քննչական կոմիտեի պաշտոնյաների 2019 թվականի տարեկան (վերջին հրապարակված) հայտարարարգրերը և գտել խախտումներ և կոռուպցիոն ռիսկ պարունակող դրվագներ։ Մասնավորապես, կան գույքը չհայտարարագրելու դեպքեր, թանկարժեք գնումներ, որոնք կատարելու համար տվյալ պաշտոնյաները բավարար ֆինանսական միջոցներ չունեին, ինչպես նաև մի շարք կասկածելի նվիրատվություններ։ 

Թեև քննչական կոմիտեի պաշտոնյաների, 2019 թվականի տարեկան հայտարարագրերի հրապարակումից անցել է 11 ամիս, սակայն մինչ օրս նրանց հայտարարագրերում հայտնաբերված խախտումների մասին իրավասու մարմինները տեղեկություններ չեն հրապարակել։ Իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անհատական հայտարարագրերի ուսումնասիրություն է սկսել մեր հայտնաբերած խախտումների հիման վրա։

Չհայտարարագրված գույք

Քննչական կոմիտեի պաշտոնյաների հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում սկսեցին հրապարակվել 2017 թվականից։ Հենց այդ տարում կոմիտեի աշխատակիցները լրացրին պաշտոնը ստանձնելու հայտարարագրեր։  Սա նշանակում է, որ այդ պահի դրությամբ նրանց ունեցած անշարժ և շարժական գույքը, եկամուտները, ֆինանսական միջոցներն ու թանկարժեք իրերը պետք է լրացված լինեին հայտարարագրում։ Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ պաշտոնյաներ այդ ժամանակ չեն հայտարարագրել իրենց ունեցած իրական գույքը՝ դրանք վերահայտարարագրելով երկու տարի անց՝ 2019  թվականին։

Օրինակ՝ քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Գարիկ Նահապետյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է 2017 թվականին նվիրատվություն ստացած «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Նա այդ ավտոմեքենան չէր հայտարարագրել ոչ պաշտոնի ստանձման 2017 թվականի, ոչ էլ այդ տարվա տարեկան հայտարարագրերում։

Գարիկ Նահապետյանը 2019  թվականի նոյեմբերի 29-ին գնել է նաև 8 հազար դոլար արժողությամբ «FORD FUSION CONFORT» մակնիշի ավտոմեքենա, սակայն, ըստ հայտարարագրի, այդ տարի ոչ կանխիկ, ոչ էլ բանկային հաշվին չի ունեցել ֆինանսական միջոցներ։

Քննիչի պարզաբանմամբ՝ նվիրատվություն ստացած «BMW» մակնիշի ավտոմեքենան չի հայտարարագրել 2017 և 2018 թթ. տարեկան հայարարագրերում տեխնիկական վրիպակի պատճառով։ Սակայն Գարիկ Նահապետյանը հրաժարվեց պարզաբանել, թե ինչպես է 2019 թվականին գնել 8 հազար դոլար արժողությամբ «FORD FUSION CONFORT» մակնիշի ավտոմեքենա՝ առանց որևէ ֆինանսական միջոցի։ Նա միայն նշեց, որ որ հայտարարագիրը լրացրել է սահմանված պահանջներին համապատասխան։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատմամբ՝ Գարիկ Նահապետյանի ներկայացրած հայտարարագրերում անհամապատասխանություններ առկա չեն։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը  2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է բնակարան և ավտոկայանատեղի, որոնք ձեռք է բերել 2017 թվականի հոկտեմբերի 2-ին։ Վերջինս նույնպես այդ գույքը չի հայտարարագրել ոչ 2017 թվականի պաշտոնի ստանձման, ոչ էլ այդ տարվա տարեկա հայտարարագրերում։

«2017թ. վերաբերյալ ներկայացված հայտարարագրի քայլ 4-ում, նշված է՝ «Հարկային տարում ձեռք է բերվել անշարժ գույք» հարցադրումը և, քանի որ ես համատեղ սեպականության իրավունքով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում առկա գույքը ձեռք եմ բերել 2015թ-ին՝ կառուցապատողից, այդ իսկ պատճառով էլ 2017թ. հայտարարագրում այն արտացոլված չէ։ Հետագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից էական փոփոխության է ենթարկվել հայտարարագրերի բովանդակությունը և իմ կողմից համապատասխան պահանջի՝ ներկայացվել է անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև նյութական միջոցների վերաբերյալ տեղեկություններ»,-մեր հարցման ի պատասխան պարզաբանել է ՀԿԳ քննիչը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ Միքայել Զադոյանի կողմից ներկայացված հայտարարգրերի ուսումնասիրության արդյունքները Հանձնաժողովը կներկայացնի ավելի ուշ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ալեքսեյ Կարապետյանցի հայտարարագրերում ևս առկա են չհամընկնող տեղեկություններ։

ՀԿԳ քննիչի 2017 թվականի տարեկան հայտարարագրում առկա է տեղեկություն  օտարված բնակարանի ու ավտոկայանատեղիի մասին, իսկ 2019 թվականի հայտարարագրում նշված է, որ վերջինս ձեռք է բերել բնակարան և ավտոկայանատեղի 2017 թվականի նոյեմբերին։

Հարց է առաջանում, արդյո՞ք նույն գույքի մասին է նշված  2017-ի և 2019-ի հայտարարագրերում, և եթե այո, ապա ինչու են դրանք 2017-ի հայտարարագրում նշված, որ օտարվել են, իսկ 2019-ի հայտարարագրում, որ ձեռք են բերվել։

Ալեքսեյ Կարապետյանցը մեր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ 2017թ. իր հայտարարգրում գույքի օտարման հետ կապված տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ, ուստի դա վերաբերվում է նույն գույքին, որը օտարված չէ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Ալեքսեյ Կարապետյանցի 2017 թվականի տարեկան հայտարարագրում առկա է անհամապատասխանություն, որի արդյունքները Հանձնաժողովը կներկայացնի ավելի ուշ։

Զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ (ՀԿԳ) Ասպրամ Ավանեսյանը 2018 թվականին Արցախում բնակարան է նվիրատվություն ստացել, սակայն այն չի հայտարարագրել 2018 թվականի տարեկան հայտարարագրում։

Ավանեսյանը բնակարանի այդ նվիրատվությունը հայտարարագրել է միայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում։

Հատկապես կարևոր գործերով քննիչին խնդրել էինք հայտնել, թե ով է նրան բնակարան նվիրել,ի՞նչ նպատակով և ինչու՞ 2018 թվականի տարեկան հայտարարագրում այն չի հայտարարագրել։

Ասպրամ Ավանեսյանը մեր հարցմանն այդպես էլ չի պատասխանել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացրին, որ ՀԿԳ քննիչ Ասպրամ Ավանեսյանի 2018-2019 հայտարարագրերում Հանձնաժողովի նախնական ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերվել են անհամապատասխանություններ, ինչի արդյունքները Հանձնաժողովը կներկայացնի ավելի ուշ։

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է հողամաս, որը ձեռք է բերել 2008 թվականի դեկտեմբերին։ Այդ հողամասը քննիչը չի հայտարարագրել պաշտոնի ստանձման 2017 թվականի հայտարարագրում։

Ներսիկ Մխիթարյանի փոխանցմամբ՝ 2008 թվականի դեկտեմբերին ձեռք բերած հողամասը 2017 թվականի պաշտոնի ստանձման հայտարարագրում չի հայտարարագրել տեխնիկական վրիպակի պատճառով և այն շտկել է 2019 թվականի տարեկան հայտարարագրում։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հաստատեցին, որ Ներսիկ Մխիթարյանի կողմից ներկայացված հայտարարագրերի նախնական ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ վերջինս 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է Արմավիրի մարզում գտնվող հողամաս՝ ձեռքբերված 2008 թվականի դեկտեմբերի 27-ին, որը 2017 թվականի պաշտոնի ստանձնման հայտարարագրում չի հայտարարագրել։

Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ Արմեն Մարգարյանը պաշտոնի ստանձման դրությամբ չի հայտարարագրել իր ունեցած 8 հողամասերը։

Մասնավորապես, 2004 թվականից Արմեն Մարգարյանը ունեցել է հողամասեր Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում, սակայն վերջինս պաշտոնի ստանձման ժամանակ՝ 2017 թվականին, այդ հողամասերը չի հայտարարագրել։ Այնինչ արդեն 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ 8 հողամասի սեփականատեր է։

Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ Արմեն Մարգարյանի փոխանցմամբ՝ այդ հողերը գյուղատնտեսական նշանակության հողեր են և հատկացվել են այն ժամանակ, երբ վերացվել են կոլտնտեսությունները: Մարգարյանն ասում է, որ այդ հողերի վկայագիրը ստացել են 2004 թվականին, ինչի մասին վերջինս իմացել է 2020 թ-ին, որից հետո նոր հայտարարագրել է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ի պատասխան մեր հարցմանը, արձանագրեց, որ Արմեն Մարգարյանի հայտարարագրում կան անհամաձայնություններ, սակայն ուսումնասիրության  արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանը 2017-2018 թվականներին Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքում ձեռք է բերել 7 հողամասեր, որոնք, սակայն, հայտարարագրել է միայն 2019 թվականի տարեկան հայտարարագրում։ Ըստ հայտարարագրի՝ քննիչն այդ հողամասերի միանձնյա սեփականատերն է։

Արգիշտի Քոթանջյանը հողամասերից 5-ը գնել է 2018 թվականին, 2-ը՝ 2017 թվականին։

Արգիշտի Քոթանջյանի պարզաբանմամբ՝ 2017 և 2018 թվականների իր տարեկան հայտարարագրերը լրացնելիս, տեխնիկական վրիպակի արդյունքում չեն նշվել իր անվամբ առկա բոլոր անշարժ գույքերը։ Քննիչը հայտնում է, որ վրիպակն արդեն ուղղվել է, և ամբողջական տեղեկատվությունն արդեն նշված է 2019 թվականի տարեկան հայտարարագրում։ 

Ի պատասխան մեր հարցմանը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնեց, որ Արգիշտի Քոթանջյանի հայտարարագրում Հանձնաժողովի նախնական ուսումնասիրություններով առկա են անհամապատասխանություններ, որոնք արդյունքները Հանձնաժողովը կներկայացնի ավելի ուշ։ 

Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետի տեղակալ Արգամ Մայիլյանը ևս 2002թ․-ին Տավուշի մարզի Նավուր համայնքում ձեռք է բերել երեք հողամաս, որոնք սակայն չի հայտարարագրել 2017թ․ի՝ պաշտոնի ստանձման հայտարարագրում։ Նա այդ հողամասերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հայտարարագրել է  միայն  2019թ․-ի տարեկան հայտարարագրում՝ նշելով, որ հողամասերն իրեն պատկանում են համատեղ սեփականությամբ։

Արգամ Մայիլյանի պարզաբանմամբ՝  1990-ականներին՝ մասսայական սեփականաշնորհման տարիներին, նրա հայրը Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի տարածքում սեփականության իրավունքով ձեռք է բերել առանձնատուն և երեք հողամաս։ 2002թ․-ին գյուղական տարածքներում պետության կողմից անշարժ գույքին կադաստրային վկայականներ հատկացնելու մասսայական գործընթացի ժամանակ, առանձնատան միանձնյա սեփականատեր հաշվառվել է Արգամ Մայիլյանի հայրը՝ Ստյոպա Մայիլյանը, իսկ նույն հողամասերի համար, որպես համասեփականատերեր, վկայականներում գրանցել են նաև ընտանիքի մյուս անդամների՝ այդ թվում նաև Արգամ Մայիլյանի անունը։ Նրա խոսքով, քանի որ այդ հողամասերը 1990-ականների երկրորդ կեսից չեն օգտագործվել և  գույքահարկը վճարվել է քննիչի հոր՝ Ստյոպա Մայիլյանի կողմից, Արգամ Մայիլյանը տեղյակ չի եղել, որ հանդիսանում է նշված հողամասերի համասեփականատեր։ Այդ պատճառով էլ 2017 թվականի պաշտոնի ստանձման հայտարարագրում նշված երեք հողամասերը չի հայտարարագրել։ Արգամ Մայիլյանը պնդում է, որ երեք հողամասերի նկատմամբ իմ համատեղ սեփականատեր լինելու մասին իմացել է 2019թ․-ին՝ առաջին անգամ գույքահարկերը վճարելու ժամանակ, որից հետո էլ դրանք ներառել է հայտարարգրերում։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ևս հաստատեց, որ Արգամ Մայիլյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է Տավուշի մարզի Նավուր հասցեում գտնվող 3 հողամաս, որոնք ձեռք է բերել 2002 թվականի փետրվար և հուլիս ամիսներին, սակայն 2017 թվականի պաշտոնի ստանձման հայտարարագրերում այդ անշարժ գույքը չի հայտարարագրվել։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Հարությունյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2019թ․ի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է երեք հողամաս, որոնք ձեռք է բերել մինչև պաշտոնի ստանձնումը, սակայն այդ հողամասերից միայն մեկն է հայտարարագրել 2017թ․ի պաշտոնի ստանձման հայտարարագրում։

Արամ Հարությունյանը մեզ հրաժարվել է պարզաբանել, թե ինչու չի հայտարարագրել այդ հողամասերը, սակայն նշել է, որ իրեն համատեղ սեփականության իրավունքով պատկանող թվով 2 հողամասերի 2017-2018թթ․-ին չհայտարարագրելու վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատմամբ՝ Արամ Հարությունյանը 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է Արմավիրի մարզ, Տալվորիկ հասցեով երկու հողամաս, որոնք ձեռք է բերել 2003 թվականի  մայիսի 29-ին և հունիսի 2-ին, մինչդեռ այդ հողամասերը 2017 թվականի տարեկան հայտարարագրում չեն հայտարարագրվել։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ավետիք Թովմասյանի 2019 և 2020 թթ․ հայտարարագրերում ևս կան որոշակի անհամապատասխանություններ՝ կապված անշարժ գույքի հայտարարագրման հետ։ Մասնավորապես վերջինս 2017 թվականին՝ պաշտոնի ստանձման ժամանակ հայտարարագրել է միայն երեք բնակելի տուն և բնակարան, այնինչ 2019 թվականի հայտարարագրում նշել է, որ Շիրակի մարզի Ազատան համայնքում ունի չորս հողամաս։ Ըստ հայտարարագրի, քննիչը նշված հողամասերը ժառանգություն է ստացել 2004 թվականին։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախնական ուսումնասիրություններով՝ Ավետիք Թովմասյանի հայտարարագրում առկա են անհամապատասխանություններ, որոնց արդյունքները Հանձնաժողովը խոստացել է ներկայացնել ավելի ուշ։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննչական կոմիտեի աշխատակիցների 2019 թվականի հայտարարագրերի առանձին ուսումնասիրություն չի կատարել։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Հանձնաժողովը միայն սկսել է ուսումնասիրել այն աշխատակիցերի հայտարարագրերը, որոնցում մենք խախտումներ էինք արձանագրել և պարզաբանում ստանալու համար դիմել   հանձնաժողվին:

Հարցին, թե ինչի հետ է կապված, որ քննիչները պաշտոնի ստանձման հայտարարագրում չունեն հայտարարագրած գույք, իսկ 2019–ի հայտարարագրում արդեն երևում է, որ հայտարարագրել են նախկինում ձեռք բերված գույքը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ Հանձնաժողովը պետք է տվյալներ ստանա այլ մարմիններից, համադրի, նոր կարողանա եզրակացություններ անել։ 

Հայտարարագրման գործընթացն ու հայտարարագրման ձեւանմուշում փոփոխություններ կատարելու կարիք, ըստ հանձնաժողովի նախագահի, չկա. «Այս  պահին առկա հայտարարագրման ձևն արդեն իսկ ապահովում է բավարար հանրամատչելիություն, որտեղ կառավարության որոշմամբ տվյալների 80 տոկոսը հանրային հասանելիությամբ են։ Այս պահին հայտարարգրման գործընթացում, բլանկի ձևում ու հայտարարտու անձանց շրջանակը ընդլայնելու հարցում ընդհանուր առմամբ բոլոր խնդիրները լուծված են»,-ասաց Հայկուհի Հարությունյանը։

Քննիչների ստացած խոշոր նվերներն ու ձեռք բերած գույքը. մաս 2

Հեղինակներ՝
Մկրտիչ Խաչատրյան,
Ալլա Փանոսյան,
Անգին Մովսիսյան

 

Համակարգող՝ Դիանա Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter