HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեզ փշալար բերեք»,- Գորիսի փոխհամայնքապետին ասել են Շուռնուխի բնակիչները

Դեկտեմբերի 18-ից Սյունիքի մարզի ռազմավարական նշանակության մի շարք բարձունքներ ու տարածքներ անցել են թշնամու վերահսկողության տակ: Անցած 4 ամիսներին մարզի սահմանային բնակավայրերի բնակիչները մշտապես խնդիրներ են ունեցել:

Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը Սյունիքի անվտանգային դրությունը մտահոգիչ է համարում: «Հետքի» հետ զրույցում նա նշում է, որ սահմանային բնակավայրերի բնակիչները հաճախ անասունների հետ կապված խնդիր են ունենում: Ժամանակ առ ժամանակ որեւէ բնակավայրում անասուններն անցնում են շփման գիծը, եւ վերադարձնել հնարավոր է լինում միայն բանակցությունների միջոցով: Յոլյանն ասում է, թե դեպքերը շատանալով նույնիսկ սովորական են դարձել, ու բնակիչները հաճախ չեն էլ ահազանգում համայնքային իշխանություններին: Բանակցությունները հիմնականում վարում են բնակավայրերի վարչական ղեկավարներն ու հայ սահմանապահները, բայց եթե նրանց չի հաջողվում, միջամտում են համայնքային իշխանությունները:

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Գորիսի կազմում ներառված Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանի (նա անցյալ տարվա ամռանը մոլորվելով հայտնվել էր Նախիջեւանում, ու Հայաստան էր վերադարձվել միայն պատերազմից հետո) 22 կովերն անցել էին թշնամու կողմ, եւ միայն բանակցությունների միջոցով էր ստացվել վերադարձնել անասուններին:

Գորիսի փոխհամայնքապետն ասում է՝ կարծիք կա, որ եղանակի տաքացմանը զուգահեռ անասուններն ավելի շատ են անցնելու շփման գիծը, քանի որ տաք եղանակին նրանց դժվար կլինի պահել կոնկրետ տարածքում:

«Դաշտերի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս: Բնակիչները դժվարանում են մոտենալ իրենց դաշտերին: Ահազանգերն այնքան են շատացել, որ ամեն ինչի համար հիմա աղմուկ չի բարձրացվում»,- նկատում է Իրինա Յոլյանը: Բնակիչներից շատերը արոտավայրերի համար տարածք են խնդրում համայնքային իշխանություններից, սակայն այլեւս տարածքներ չկան: Գորիսի ղեկավարի տեղակալը նկատում է՝ համայնքային իշխանություններն առավելագույնն են անում՝ մարդկանց հուսալքությունը փարատելու, միջոցներ ձեռնարկելու, որ նրանք երբեւէ չմտածեն, թե մենակ են իրենց խնդիրներով:

Գորիսի կազմում ներառված Որոտան գյուղի բնակիչները անասուններին արոտ տանելու հնարավորություն բացարձակ չունեն: Դրա համար նրանք պետք է անցնեն այն հատվածներով, որոնք հանձնվել են թշնամուն: Յոլյանի տեղեկացմամբ՝ Որոտանի բնակիչներից մեկը վաճառել է 11 կով՝ հիմնավորելով, որ արոտավայրի բացակայության պայմաններում այլեւս չի կարող անասուն պահել:

Դեպքեր են եղել, երբ, ըստ բնակիչների, ադրբեջանցիներն են անասուններին տարել: Օրինակ, շուռնուխցիներից մեկի 5 անասունն էին տարել: Երբ բանակցություններով փորձել են վերադարձնել, ադրբեջանցիներն ասել են, թե 4 հատ է եղել, բայց հայկական կողմը պնդել է, որ տեսախցիկները ֆիքսել են՝ 5 անասուն է եղել: Արդյունքում հաջողվել է 5-ին էլ հետ վերցնել: Փոխարենը նախորդ ամիս Շուռնուխի բնակիչներից մեկի 13 անասունն են վերցրել՝ այդպես էլ չվերադարձնելով:

Իրինա Յոլյանն ասում է՝ կարող է թվալ, թե ժամանակի հետ մարդիկ կարող են հարմարվել ստեղծված նոր իրավիճակին, մինչդեռ հակառակն է: «Մի քանի ամիս առաջ Շուռնուխում բնակիչների հետ տնտեսական զարգացման ծրագրերի մասին խոսելը շատ ավելի հեշտ էր: Ընդամենը մի շաբաթ առաջ եմ այնտեղ եղել, գնահատում էինք կարիքները, նայում, թե ինչ ներդրումային ծրագրեր կան, որպեսզի այնտեղ իրականացնենք: Հատկապես տղամարդիկ այդ առումով ագրեսիվ են տրամադրված եւ ուղիղ ասում են՝ մեզ ոչինչ հարկավոր չէ, մեզ փշալար բերեք»,- ասում է Գորիսի փոխհամայնքապետը:

Համայնքի ղեկավարի տեղակալը նաեւ նկատում է, որ Շուռնուխից 7 երիտասարդ արտերկիր մեկնելու տոմս է գնել արդեն, քանի որ ընտանիքն այլ կերպ պահելու հնարավորություն այս պահին չկա: Մյուս կողմից՝ տեղի կանայք բարձրացրել են այգեգործությունը զարգացնելու հարցը, առաջարկ է եղել, որ նրանք չրագործությամբ զբաղվեն, ինչի համար չիր պատրաստելու ապարատներ են անհրաժեշտ:

 Խոսելով սահմանի բացակայության ու դրանից բխող հետեւանքների մասին՝ մեր զրուցակիցը նշում է, որ այն հատվածներում, որոնցով անցնում է Գորիս-Կապան-Մեղրի միջպետական ճանապարհը, կողմնորոշվելը հեշտ է, բայց ի՞նչ ասել այն տարածքների մասին, որտեղ բաց դաշտ է կամ անտառ. «Անտառներ կան, որոնցից մարդիկ ժամանակին օգտվել են՝ ցախ են բերել, թափուկից են օգտվել, իսկ հիմա շատ դժվար է սահմանազատելը, թե այդ անտառի որ հատվածն է մերը, եւ որը՝ նրանցը: Բնակիչների ահազանգը հիմնականում այն է, որ անպայման պետք է ստեղծվի անվտանգության գոտի, որպեսզի մարդիկ սահմանազատումը հստակ պատկերացնեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter